Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 18:30 05-07-2021

Ժամանակակից Հայաստան. իմիտացիայի մի տխուր պատմություն

Հայաստանում հատկապես 2018-ից հետո տեղի ունեցող իրադարձությունները վերլուծելիս անընդհատ հանգում ես այն մտքին, որ հայտարարված նպատակների (կոռուպցիայի դեմ պայքար, արտոնյալների և ծանոթ-բարեկամի ինստիտուտի վերացում, մենաշնորհների դեմ պայքար, երկրի ինքնիշխանության և անվտանգության մակարդակների բարձրացում և այլ) իրականացմանն ուղղված իշխանության գործունեությունը լավագույն կերպով բնութագրվում է իմիտացիա բառով: Կա իշխանություն, կազմակերպվում են նիստեր, ընդունվում են որոշումներ, հայտարարվում են նոր նպատակներ, բայց իրական կյանքում այդ ամենին համարժեք որևէ փոփոխություն չի արձանագրվում:

Իշխանության գործունեության իմիտացիան այնքան խորն է ներթափանցել մեր իրականություն և զանգվածային գիտակցության մեջ, որ հաճախ դժվար է տարբերել գործունեության այդ ձևական կողմը բովանդակային մասից, և շատերը շփոթում են իշխանության գործունեության բուռն իմիտացիան բուռն գործունեության հետ:

Իսկ ե՞րբ է իշխանությունը ոչ թե գործում իր հայտարարած նպատակների իրականացման ուղղությամբ, այլ ստեղծում գործունեության իմիտացիա: Առաջին հերթին, երբ անկարող է իրականացնել այն, ինչ խոստացել է, և որպեսզի քողարկի իր անկարողությունը, անիմաստ և անբովանդակ որոշումներ է ընդունում, ինչ-որ բաներ նախաձեռնում, ամպագոռգոռ հայտարարություններ անում և այլն: Այս դեպքում իմիտացիան իրական գործունեությունից տարբերելու համար պետք է նկատի ունենալ, որ իմիտացիոն գործունեությունը գրեթե երբեք իր արդյունքին չի հասնում, մնում է կես ճամփին, անավարտ և մոռացված:

Երկրորդ պատճառն այն է, որ գործունեության իմիտացիայի միջոցով իշխանությունը քողարկում է իր իրական նպատակները: Հանրային կյանքի որևէ ոլորտում առկա հիմնախնդիրների լուծելուն ուղղված իմիտացիաների միջոցով իշխանությունը ստեղծում է տպավորություն, թե ցանկանում է հանրօգուտ գործ անել, միևնույն ժամանակ թաքնված կերպով իրականացնում է մեկ այլ` չհայտարարվող ծրագիր: Այս դեպքում իմիտացիան բացահայտելու համար պետք է տեսնել, թե ինչ է իրականում ստացվում, հետևում իշխանության գործունեությունից. որպես կանոն, տեսնելու ենք հայտարարված նպատակի կամ ծրագրի ուղիղ հակառակը: Եթե հայտարարվում է ակադեմիական ազատությունների բարձր մակարդակի պահպանման մասին և այդ ուղղությամբ արվում են իմիտացիոն քայլեր, ուրեմն զուգահեռաբար ընդունվում են որոշումներ, որոնք նվազեցնում են այդ ինքնավարության մակարդակը, եթե խոսվում է ազգային մշակույթի պահպանման մասին, ապա պետք է ակնկալել, որ իրական քաղաքականությունն ուղղված է լինելու ազգային մշակույթի դեմ:

Սրանով իշխանությունը լուծում է իր համար կարևոր երկու խնդիր. զանգվածներին տալիս է իրականության պարզեցված և պարզունակ ընկալում` մարդկանց մոտ ստեղծելով իմիտացիա, թե նրանք հասկանում են, ինչ է կատարվում իրենց շուրջը, և երկրորդ` իրականության այդ պարզունակացման և իրական գործընթացների քողարկման միջոցով պահում է իշխանությունը:

Հայտնի է, որ իշխանության այսպես կոչված ,վարքըե կրկնօրինակվում է հասարակական հարաբերությունների ավելի լայն շրջանակում, և այս օրինաչափությունը վերաբերում է նաև իմիտացիային: Եթե այն որդեգրվում է իշխանության կողմից որպես հիմնական մարտավարություն, ապա տվյալ իշխանության լեգիտիմությունն ընդունող կառույցները նույնպես իրենց աշխատանքով սկսում են ստեղծել ոչ թե սոցիալական արժեք, այլ` աշխատանքի իմիտացիա: Դա նկատելի է նաև Հայաստանում՝ բոլոր այն պետական կառույցներում, որոնց ղեկավարությունը չի հայտնել գործող իշխանության հետ անհամաձայնության առկայության մասին: Դրանք են մի շարք բուհեր, դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության համակարգը և այլ կառույցներ, որոնց գործունեությունը այլ կերպ, բացի իմիտացիայից, բնութագրել հնարավոր չէ: Դրա ապացույցներից թերևս ամենաակնհայտն այն է, որ բոլոր այդ կառույցների կողմից վերջին շրջանում իրականացված բազմաթիվ գործողություններ վիճարկվել են դատարաններում, և վերջիններս տվել են եզրակացություն առ այն, որ այդ գործողությունները չեն համապատասխանում գործող օրենքին: Եթե համապատասխանեին, ապա այդ կառույցների գործունեությունը չէինք կարողանա անվանել իմիտացիոն, որովհետև այդ դեպքում գործողությունները կբխեին օրենքից, հետևաբար` հանրային շահից: Բայց քանի որ չեն բխում օրենքից (ինչը հաստատվում է դատարանի որոշումներով), հետևաբար` չեն սպասարկում հանրային (ազգային) շահը, հետևաբար` իմիտացիոն բնույթ ունեն:

Մովսես Դեմիրճյան