Երևան +19°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:33 02-07-2022

Վարդազարյանի հարցը դեռ չփակված՝ ԲԴԽ նոր անդամի են ուզում ընտրել

Հուլիսի 27-ին դատավորների ընդհանուր ժողովը նիստ է նշանակել, որի օրակարգում նաև ԲԴԽ անդամի ընտրություն հարց կա, մինչդեռ ԲԴԽ-ի կողմից լիազորությունները դադարեցված Ռուբեն Վարդազարյանի պաշտպանը ԲԴԽ-ի որոշումը բողոքարկել է, և ստացվում է, որ եթե ԲԴԽ-ն բողոքը բավարարի, իսկ դատավորների ժողովն էլ ԲԴԽ անդամ ընտրի, ապա հարց կառաջանա, թե ով է ԲԴԽ-ի անդամը։

Oragir.news-ի հետ զրույցում Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ 3 խնդիր է առաջանում․ «Երեք լուրջ խնդիր է առաջանում։ Օրենքով սահմանված է, որ ԲԴԽ-ն կարող է բողոքը քննարկել 2 ամսվա ընթացքում, եթե որոշեն նիստ անել, ապա նիստը պետք է նշանակվի 30 օրվա ընթացքում։ Եթե ԲԴԽ-ն, ենթադրենք, առաջնորդվում է այն սկզբունքով, որ վերջին օրերին կքննարկեն, ստացվում է 3 լուրջ խնդիր։

Առաջինը․ եթե դատավորների ընդհանուր ժողովը ընտրում է թեկնածու, և այդ թեկնածուն արդեն հանդես է գալիս որպես ԲԴԽ անդամ, ապա այդ անձը պետք է քննարկի նաև մեր բողոքը, և արդեն համապատասխան բողոքի արդյունքների հետ կապված՝ իր՝ ԲԴԽ-ում մնալ-չմնալու հարցն է քննարկվելու, ուստի ինքը հանդիսանում է ևս մեկ բացարկվող անձ, իսկ բողոքի անկյունաքարային կետերից մեկն էլ հենց այն էր, որ ԲԴԽ-ն որոշումն ընդունելիս կազմում ունեցել է մի քանի անձ, ովքեր բացարկման ենթակա են եղել։

Երկորդ խնդիրն առաջանում է հենց այդ ընտրվող անձի տեսակետից։ Այսինքն՝ պարոն Վարդազարյանի վերականգնման դեպքում, և նրա հեռացման դեպքում հարց է առաջանում՝ նա ընտրված եղե՞լ է ԲԴԽ անդամ, թե՞ չի եղել, և նմանատիպ ինչ-որ հարցադրումներ, որոնք վեճեր են առաջացնելու տեխնիկական և բովանդակության քննարկման լույսի ներքո։ Երրորդ խնդիրը, որը բարձրաձայնվում է, նորից վեճի հավանականություն կա՝ վերականգնման հետ կապված։ Ինձ համար ներքին համոզմունքը շատ հաստակ է, որ եթե բողոքը բավարարվի, ապա պարոն Վարդազարյանը պետք է վերականգնվի, այլ տարբերակ չի կարող լինել, բայց որ վեճ կարող է առաջանալ, խնդիր կարող է առաջանալ, ակնհայտ է։ Միևնույն ժամանակ էլ ԲԴԽ-ն հնարավորություն ունի որոշումն ընդունել ավելի արագ։

Ինչպես տեսանք, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը առավել քան արագ են իրականացրել՝ օրենքով սահմանված ժամկետի մեկ-քառոդի, մեկ-հինգերորդի ընթացքում․ 2 ամիս ժամանակ ունեին, 20 օրում ավարտեցին և հնարավորություն նույնիսկ չտվեցին՝ դիրքորոշում հայտնելու։ Այս դեպքում դիրքորոշումը ներկայացված է, և ԲԴԽ-ն կարող է, և կարծում եմ՝ պարտավոր է որոշում ընդունելու։ Ինչո՞ւ եմ ասում, որ պարտավոր է, որովհետև դա բխում է արդարադատության արդյունավետությունից և արդար դատաքննության իրավունքից, որովհետև «ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է», այսինքն՝ դատարանը պետք է հնարավորինս միջոցներ ձեռնարկի առկա վեճը, կոնֆլիկտը, խնդիրը լուծելու, այլ ոչ թե խորացնելու համար»,- ասաց Օրբելյանը։

Հարցրինք՝ իսկ ինչ կլինի, եթե ԲԴԽ-ն մերժի բողոքը․ «Եթե բողոքը մերժում է, այստեղ Ձեր բարձրացրած հարցադրումները ինքնին լուծվում են, բայց դա չի նշանակում, որ պաշտպանության այլ գործիքակազմ չունենք։ Երբ ստանանք բուն բողոքի հետ կապված որոշումները, ապա կքննարկենք կիրառված օրենքների սահմանադրականության հարցը, ինչպես նաև միջազգային ատյաններում պաշտպանություն ստանալու հնարավորությունը, բայց ինքնին դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրություն անելու և գործընթացներ իրականացնելու տեսակետից, ինչպես նաև հենց նույն ԲԴԽ-ի կողմից ԲԴԽ նախագահ ընտրելու, նշանակելու տեսակետից գործընթացները գոնե պարզություն են ունենում։ Այսինքն՝ գործընթացի տակ թաքնված ականներ չեն մնում, որ հետագայում խնդիրներ առաջանան»։