Կհասնե՞նք արդյոք «ծովին» կապուտակ
copy image url

Կհասնե՞նք արդյոք «ծովին» կապուտակ

Միտք Ներքին 2 տարի առաջ - 18:00 29-06-2022
Այն, որ աշխարհն այլևս առաջվանը չի լինելու, կասկածից վեր է: Համատիեզերական փոփոխությունների թափանիվը, արագացնելով ընթացքը, պատրաստվում է «դասասենյակից» դուրս հրավիրել նոր ժամանակների շունչն արհամարհող բոլոր կարգազանցներին: Երկիր մոլորակում մեկնարկած, բայց այդպես էլ չբարձրաձայնվող ընդունման-հանձնման գործընթացն ուղեկցվում է հին աշխարհի շնաձկների՝ ամեն գնով փրփուրներից կառչելու, սեփական գանգում հղացած ցնորամիտ երազանքները կյանքի կոչելու, անդառնալիորեն զառամյալ աշխարհաքաղաքական խաղերին երկրորդ շնչառություն հաղորդելու տարտամ մի հույսով:

Երկիր մոլորակը հայտնվել է բախտորոշ ընտրանքի առջև: Նա կարող է կա՛մ սեփական ճակատագրի գերեզմանափորը դառնալ, կա՛մ էլ՝ հիմն ի վեր վերանայել բնության ու մարդու հանդեպ դարեր ի վեր դրսևորվող տմարդի վերաբերմունքը: Որ այլևս այսպես շարունակվել չի կարող, գիտակցում են բոլորը: Մարդկությանը պաշարած խուճապն օրըստօրե ահագնանում է: Երկիր մոլորակը տնքում է ցավից, մարդկանց համակած անտարբերությունից, կարեկցանքի ու հանդուրժողականության իսպառ բացակայությունից: Բանականության տեղատվությունը օրավուր ավելի ակնառու է դառնում: Իսկ ամենացավալին այն է, որ քաղաքակիրթ որակված աշխարհն այս կապակցությամբ ծպտուն իսկ չի հանում, ինչպես դա չարեց Ավստրալիայում բռնկված հրդեհների օրերին արձանագրված, տասնյակ հազարավոր կենդանատեսակների վերացման պատճառ դարձած էկոաղետի ժամանակ: Դա էլ հո քաղաքական այս կամ այն համակարգին տրված նախապատվության հետ կապ չունե՞ր, ինչպես ռուս-ուկրաինական հակամարտության պարագայում է: Այն էլ հո վերաբերում էր մայր բնությանը, ասել է թե՝ մարդկության ապագային:

Ու ամենևին էլ պատահական չէ , որ ի դեմս Երկիր մոլորակի փրկության՝ տիեզերական ներդաշնակության հաստատումն է համաշխարհային օրակարգի կարմիր գծում հայտնվել: Երկիր մոլորակն ու համայն մարդկությունը միանգամայն նոր խոսքի ու համաշխարհային ընթացքի վերաթարմացման անհրաժեշտություն ունեն: Անկեղծությունը պահանջում է շեշտել, որ ասվածը վերաբերում է նաև թե՛ հոգին ավանդող զառամյալ վաշխառուին՝ մարդկությանն արդեն քանի հարյուրամյակ իր սարդոստայնում պահող ու այդ կերպ աշխարհը կառավարող ֆինանսաբանկային համակարգին , թե՛ նույնքան վտանգավոր, մարդկությանն իր միջուկային «օրորոցայիններով» անկողին ուղեկցող ռազմարդյունաբերական համալիրին:

Իրադարձությունների ընթացքը հուշում է, որ աշխարհաքաղաքական զարգացումները ևս ենթարկվելու են հաղորդակից անոթների օրենքի տրամաբանությանը: Ֆինանսավարկային համակարգի «սեյսմիկ ակտիվությունը» վաղ թե ուշ հանգեցնելու է երկրների ներսում արձանագրվելիք ներքին ցնցումների, գիշատչի վարք դրսևորող իշխանությունների դեմ ուղղված համաժողովրդական ընդվզման: Հնարավոր այդ «ցունամիից» խուսանավելու և հարվածի վեկտորը փոփոխելու նպատակով էլ առավել «աչքաբացները» սանձազերծում են պատերազմներ, հակամարտություններ դրացիների հետ, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղեն գնալով նկատելի դարձող ներքին խնդիրներից:

Մոլորակի վերաձևման համար ծավալված պայքարն իր չափերով ու ընդգրկման շառավիղով աննախադեպ է: Աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումները հարցականի տակ են դրել նաև Հայաստանի ապագան։ Մեր գլխին կուտակված սև ամպերն իրենց մեջ լրջագույն վտանգներ են պարունակում: Այնպիսիք, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ մեր երկրի հետագա ճակատագրի համար: Առաջին հերթին հարկ է, որ սա գիտակցեն մետրապոլիաների ցուցմամբ և իրավիճակային նպատակահարմարությամբ կրակի վրա յուղ ավելացնող, հանուն սեփական շահի ներքաղաքական կյանքն ապակայունացնող «շարասյունասերները»: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ցանկացած քայլ կատարելուց առաջ պետք է «տասը չափենք ու մեկ կտրենք»: Մեզ անհրաժեշտ է ձեռնարկել միայն ու միայն ճշգրտորեն հաշվարկված ու խիստ կշռադատված քայլեր, հակառակ դեպքում Հայաստանի պարանոցին գցված օղակը էլ ավելի է սեղմվելու:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, երկիրն անցանկալի ցնցումներից ու վայրիվերումներից զերծ պահելու երաշխավորը համահայկական մտավոր, ինտելեկտուալ ներուժի համախմբումն ու այդ համահավաք էներգետիկայի՝ հայկական պետականության շահերին ուղղորդումն ու նրան ծառայեցումը կարող են դառնալ: Որքան էլ ցավալի լինի ընդունելը, դրությունն իսկապես օրհասական է, ինչի մասին, սակայն, չի հուշում աղամանների, շաքարավազի, զենքի ազատ վաճառքի մասին օրենքներ որոճացող, դատաիրավական համակարգի «ափդեյթի» հույսեր փայփայող անհամարժեքների ու անմեղսունակների այս կառավարությունը: Կառավարություն, որի համար այսօր՝ Աղավնոյի ու Բերձորի, վաղը՝ չգիտես թե էլ որ հատվածի նվիրաբերումը հակառակորդին կներկայացվի իբրև «բնականոն ընթացք»…