Մինչ Հայաստանի ներքին և արտաքին կյանքում խառը ժամանակներ են, երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, սակայն որևէ բան չի խանգարում պաշտոնյաներին բարելավել իրենց և իրենց մտերիմների ֆինանսական հնարավորությունները։
Oragir.news-ը փորձեց պարզել, թե իշխանության գալուց հետո որ պաշտոնյայի կյանքում ինչ է փոխվել, ում բախտը ինչպես է բերել։ Օրինակ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով նախկինում եղել է նաև ՀՀ առողջապահության նախարար, ապա նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, 2020 թվականից հետո գնել է 5 հողատարածք։ Առաջինը գնել է 2020-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, մյուս 4-ը՝ 2021-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երկուսը՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում, երկուսը՝ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքում։
Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանն էլ բնակարան է գնել 72 հազար դոլարով Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։
ԱԺ պատգամավորի պաշտոնում հայտնվելը ճակատագրական նշանակություն ունեցավ նաև Վանագն Հովակիմյանի համար, վերջինս 2020 թվականի հուլիսի 12-ին միանգամից 4 հողատարածք է նվեր ստացել, որոնիցից երկուսում կա հողին ամրակայված անշարժ գույք։ Հովակիմյանի հայտարարագրում ներկայացված 4 հողատարածքներն էլ գտնվում են Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Իսկ 2021 թվականի օգաստոսին գնել է NISSAN Մակնիշի ավտոմեքենա՝ 2.000.000 ՀՀ դրամով։
Վահագն Ալեքսանյանը 2019 թվականին գնել է KIA մակնիշի ավտոմեքենա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը, պատգամավոր դառնալուց հետո երկու մեքենա է գնել, մեկ անհատական բնակելի տուն` իր հողամասով ու տնտեսական շինություններով, և մեկ ամառանոց։ Այս պահին Հրաչյա Հակոբյանին պատկանող երկու բնակարան կա, երկուսն էլ՝ Շենգավիթ վարչական շրջանում, մեկ անհատական բնակելի տուն՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում, երկու հողամաս, երկուսն էլ Ավան վարչական շրջանում , մեկ ամառանոց Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում և HONDA մակնիշի ավտոմեքենա։
Բացի ֆինանսական հնարավորությունները բարելավելուց՝ որոշ պաշտոնյաների անձնական կյանքում ևս փոփոխություններ են եղել։ Օրինակ՝ ամիներ առաջ ամուսնացավ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ում հարսանիքը տեղի է ունեցել «Փարավոն» ռեստորանում, որտեղ հարսանյաց արարողություն կազմակերպելու արժեքը մի քանի անգամ գերազանցում է Պապիկյանի աշխատավարձը։ Պապիկյանը պաշտոնապես ստանում է 793 հազար 680 դրամ ամսական աշխատավարձ, իսկ իր հարսանիքի մեկ հրավիրյալի ծախսը կազմել է 30 հազար դրամ։ Ըստ տարբեր կայքերի հրապարակումների՝ միայն հյուրերի թիվը, կազմակերպչական ընկերությունն ու նկարահանումը միասին արժեցել են 18 միլիոն 910 հազար դրամ, որտեղ ներառված չեն հարսի շորի, մեքենայի վարձույթի, նվերների, երաժիշտների ու տորթի գումարները։
Օրեր առաջ ամուսնացավ նաև «ՔՊ» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանը։ Վերջինիս հարսանեկան արարողությունը ևս ոչ պակաս շքեղ է եղել։ Հարսանիքը տեղի է ունեցել «Արմենիա» գինու ռեստորանում, իսկ պսակադրությունը՝ Սաղմոսավանքում:
Որոշ պաշտոնյաներ էլ փոփոխություններ են կատարել իրենց արտաքին տեսքում՝ դիմելով պլաստիկ վիրահատությունների, միջամտությունների և այլն։