Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:11 29-06-2022

Պիտի պայծառատեսություն ունենաք, որ կարողանաք ենթադրել ձեր հարցի պատասխանը․ Ոստիկանությունը երկրորդ անգամ է անդրադարձել մեր հարցմանը

Oragir.news-ը հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով պարզաբանել, թե ովքեր կարող են մեքենաների վրա տեղադրել Ոստիկանության հատուկ ազդանշաններ, նախորդ մեկ տարվա ընթացքում հատուկ ազդանշանների տեղադրման քանի իրավախախտում է արձանագրվել։

Ոստիկանությունից ստացել էինք պատասխան, որում բացակայում է հստակություն։ Պատասխանից այդպես էլ պարզ չէր դառնում, թե ովքեր իրավունք ունեն մեքենաների վրա տեղադրել հատուկ ազդանշաններ։

Ոստիկանությունից նախօրեին մենք կրկին պատասխան ենք ստացել, որը ներկայացնում ենք ստորև․

«Ի լրումն մեր 20.06.2022թ. թիվ 25/283 գրության, ստորև ներկայացնում ենք ճանապարհային ոստիկանության տրամադրած տեղեկատվությունը. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2329-Ն որոշման 5.1 կետի համաձայն՝ հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումներով կարող են կահավորվել միայն այն տրանսպորտային միջոցները, որոնք կարող են կահավորվել կապույտ կամ լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով:

Թիվ 2329-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված է այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով:

Թիվ 2329-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված է այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք կարող են կահավորվել լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով:

Տեղեկացնում եմ նաև, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից 01.01.2021 թվականից մինչև 19.06.2022 թվականն ընկած ժամանակահատվածում հատուկ ազդանշանների կիրառման խախտման 7 դեպք է արձանագրվել:

Միաժամանակ հայտնում եմ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1231 հոդվածով պատասխանատվություն է նախատեսված տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելու համար»:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը, ծանոթանալով պատասխանի համալրմանն, Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իրականում նախրոդ անգամ գոնե փորձ կար պատասխանելու հարցերին, մինչդեռ այս անգամ բացարձակ նման փորձ անգամ չկա, օրենքներից ինչ որ հատվածներ են դուրս գրել ու ուղարկել, մինչդեռ, ցանկացած քիչ, թե շատ կրթություն ունեցող մարդն էլ կարող էր դա անել։

Հեքիմյանն ընդգծեց, որ ոստիկանությունը արդեն երկրորդ անգամ խուսափում է որոշակիությունից։

«Պիտի պայծառատեսություն ունենաք կամ կախարդ լինենք, որ իրենց պատասխաններից փորձենք ենթադրել, թե ովքեր են այն ծառայողները, ում ավտոմեքենաները կարող են կահավորվել հատուկ ազդանշաններով, բայց հարցն այն է, որ էդ ամենը ենթադրելով չէ։ Ձեր հնչեցրած հարցը խիստ որոշակի է որին ակնկալվում էր ստանալ շատ որոշակի պատասխան։ Ես ենթադրում եմ, որ եթե հարցը բարձրացվել է, ապա նման խնդիր կա, իսկ իրենց պատասխանից բխում է, որ նման խնդիր չկա, որովհետև 1 տարում 7 հոգու են հայտնաբերել, սա նշանակում է, որ իրենց համար սա խնդիր չէ»։

Հիշեցնելնք, որ ոստիկանությունից ստացած նախորդ պատասխանում նշվում էր պարեկային ծառայության կողմից 2021թ-ի հուլիսի 7-ից մինչև 2022 թ.-ի հունիսի 3-ը արձանագրվել է գերաձայնային ազդանշանների կամ փարոսիկներով տրասպորտային միջոցներով երթևեկելու խախտման 27 դեպք։

Մեզ համար շարունակում է բաց մնալ հարցը, թե ինչպես է ստացվել, որ պարեկային ծառայությունը 2021 թ․-ի հուլիսի 7-ից մինչև 2022 թ.-ի հունիսի 3-ը բացահայտել է 27 դեպք, իսկ Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակը բացահայտել է 7 դեպք՝ 1,5 տարում։

Հիշեցնենք նաև, որ ոստիկանությունից ստացված մեր հարցման պատասխանում պարզաբանվում էր, որ վերը նշված հոդվածով նախատեսվում է՝ տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում՝ բարձրախոսների) կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավում։

Ամենից շատ դիտված