Երևան +15°
copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 21:02 28-06-2022

Կանացի բարեմասնություններ և թովչանքներ` ըստ Ռուբենսի

1630-ական թվականներին նիդեռլանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը, հեռանալով բարձրաշխարհիկ աղմկոտ կյանքից, առանձնացած ստեղծագործում էր Սթեն ամրոցում։ Հենց այստեղ էլ 1639 թվականին ծնվում է նկարչի ամենահայտնի գործերից մեկը՝ «Երեք գրացիաները»։

Այսօր այս նկարը իրարամերժ զգացողություններ է առաջացնում դիտողի մոտ։ Ոմանց զարմացնում է, ոմանց` հիացնում, մյուսներին ծիծաղելի է թվում։ Մեր ժամանակներին բնորոշ գեղեցկության չափանիշներով դաստիարակված հասարակությանը անհասկանալի են Ռուբենսի կանայք` իրենց պարարտ կազմվածքով։



Սակայն չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր դարաշրջան ունի գեղեցկության իր չափանիշները, և Ռուբենսի կանայք լիովին տեղավորվում են 17-րդ դարի գեղուհիների շարքում։ Ու անկախ այն բանից, թե ում և ինչ կերպարանքով է պատկերել Ռուբենսը, ոչ մի կերպ չի հերքում այն ​​ակնհայտ փաստը, որ «Երեք գրացիաներ» կտավը արվեստի գլուխգործոց է։

Նազելիները կամ գրացիաները Հունական դիցաբանության մեջ հայտնի քարիտներն են։ Հին հունարենում «քարիտ» նշանակելէ «ուրախանալ, լինել ուրախ»:

Սկզբում քարիտները եղել են պտղաբերության աստվածություններ, հետագայում դարձել են գեղեցկության, ուրախության, նազանքի աստվածություններ և կանացի հրապույրների անձնավորում: Ինչպես բոլոր աստվածներն ու աստվածուհիները, այնպես էլ քարիտները հավերժ գեղեցիկ են ու հավերժ երիտասարդ։ Նրանք միշտ այն տարիքին են, որը հին հույները համարել են ամենափթթունը` 15-20-ը:

Հռոմեացի փիլիսոա Սենեկան գրել է. «Գրացիաները կա՛մ մերկ են, երբ ուզում են ցույց տալ, որ իրենց մեջ խաբեություն չկա, կա՛մ էլ կիսաթափանցիկ զգեստ են հագած, երբ ուզում են ընդգծել իրենց բարեմասնություններն ու թովչանքները»։

Ռուբենսի կտավում գրացիաները մերկ պարում են։ Նկարից պարզ զգացվում է, որ նկարիչը հիացած է այս կանանցով ու նրանց գիրությամբ։

Ռուբենսը միշտ ազնիվ ու անկեղծ է պատկերել կանացի կերպարները։ Փափուկ գծեր, նրբագեղ շարժումներ, երանությամբ լի կորություններ․ այս ամենը ձոն է՝ ուղղված կանացի մարմնի գեղեցկությանը: Նկարչի ստեղծած մերկ մարմինները հանգիստ են, էրոտիկ, շատ բաց, բայց ոչ գռեհիկ։ Ռուբենսը կարծում էր, որ մարդու մարմինը Աստծո ստեղծածն է և ամաչել այն պատկերել, նշանակում է ամաչել աստվածային արարումից, ինչը պարզապես անհնար էր կրոնական ավանդույթներով դաստիարակված նկարչի համար:

«Երեք գրացիաները» կտավը շատ անձնական ու առանձնահատուկ էր Ռուբենսի համար։ Նկարիչը սա ստեղծել էր հենց իր համար և պատահական չէ, որ կտավն իր տան պատից կախված էր մինչև կյանքի վերջը։

Հայտնի է, որ կտավի ձախ կողմում գտնվող գեղուհուն նկարիչը պատկերել է բնորդից։ Շիկամազ գրացիան Ռուբենսի երկրորդ կինն է՝ Ելենա Ֆուրմանը, որի հետ Ռուբենսը նոր էր ամուսնացել ու ճախրում էր երջանկության մեջ։ Ելենան Ռուբենսի ընկերոջ աղջիկն էր։ 1630 թվականին, երբ նրանք ամուսնանում էին, Ելենան 16 տարեկան էր, իսկ Ռուբենսը` 53։ Այս կտավը, կարելի է ասել, յուրօրինակ նվեր էր իր երիտասարդ կնոջը, որին ի պատասխան Ելենան Ռուբենսին նվիրեց երկրորդ երիտասարդություն և հինգ երեխա։ Ընդ որում, նրանց վերջին զավակը ծնվեց Ռուբենսի մահից հետո։

Ռուբենսի սիրած «Երեք գրացիաները» կտավը նկարչի մահից հետո հանվեց վաճառքի։ Գնորդը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ն էր։ Հենց նրա շնորհիվ էլ համաշխարհային կերպարվեստի այս գլուխգործոցը հայտնվեց Իսպանիայում և այժմ պահվում ու ցուցադրվում է Մադրիդի Պրադո թանգարանում։