copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:53 28-06-2022

Նա կուսակցական գործիչ է՝ շատ նվիրված իր կուսակցությանը․ ինչու Վահագն Հովակիմյանը չի կարող ԿԸՀ նախագահ լինել

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Oragir.news-ն արդեն անդրադարձել է հոկտեմբերին կայանալիք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 7 անդամների պաշտոնավարման ժամկետը լրանալուն և ԿԸՀ նոր անդամների ընտրությանը։ Մենք նաև գրել էինք, որ ԿԸՀ նախագահի պաշտոնին հավակնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով այսօր նախաձեռնել է նաև «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները։

Մեր հրապարակումներից հետո սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ այս պաշտոնի համար Հովակիմյանն արդեն մրցակիցներ ունի։ Մյուս հավանական թեկնածուն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ղեկավարը՝ Արթուր Սաքունց) Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման բաժնի համակարգող Վարդինե Գրիգորյանն է։

Oragir.news-ը ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում ԿԸՀ պաշտոնում Հովակիմյանի թեկնածությանը։ Սաքունցը պատասխանեց, որ իրենք հայտարարություն են տարածել ԸՕ փոփոխությունների և Հովակիմյանի վերաբերյալ, ուստի հիմա զերծ կմնա մեկնաբանություններից։

«Կարող եմ միայն ասել, որ ԿԸՀ նախագահը չի կարող կուսակցական պատկանելիություն ունենալ, իսկ նա «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է»։

Վարդինե Գրիգորյանը, Oragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով իր թեկնածության մասին խոսակցություններին, ասաց, որ իր թեկնածության քննարկումը եղել է այն մարդկաց միջավայրում, ովքեր հետաքրքրված են ընտրական գործընթացներով։ «Ոչ մի պաշտոնական կամ անգամ կիսապաշտոնական քննարկում իմ թեկնածության մասին չի եղել։ Մենք պարբերաբար, 2018թ․-ից սկսած, քննարկում ենք տարբեր թեկնածուների անուններ, թե ով կարող է լինել ԿԸՀ նախագահ կամ անդամ։ Դա ոչ մի կապ չունի պատոնական կամ կիսապաշտոնական քննարկման հետ»։

Անդրադառնալով Հովակիմյանի թեկնածությանը՝ նա ասաց, որ կարծում է՝ նա լավ թեկնածու չէ։ «Ես կարծում եմ, որ ինքը կուսակցական գործիչ է՝ շատ նվիրված իր կուսակցությանը։ Միգուցե կուսակցության համար դա լավ է, բայց ԿԸՀ նախագահի կամ անդամի համար, կարծում եմ, ինքը չի համապատասխանում։ Հույս ունեմ, որ այլ ընտրություն կլինի։

Ավելին, ընտրական գործընթացների նկատմամբ իր համակարգային մոտեցումները շատ տարբերվում են իմ պատկերացրած մոտեցումներից»։

Անդրադառնալով Հովակիմյանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների նախագծին՝ Գրիգորյանն ասաց, որ նախագծի քննարկումը եղել է փոքր խմբով հանդիպումներում, մի քանի շատ աննշան առաջարկություններ ընդունվել են։ «Ես կարծում եմ, որ այդ նախագիծը չպետք է ընդունվի, այսինքն՝ կան մի քանի հրատապ հարցեր, որոնք կարող են կարևոր լինել սեպտեմբերին սպասվող ընտրություններին, սակայն մեծ մասով՝ նախագիծը որևէ հրատապություն չունի, ու լուծումները, որ առաջարկվում են այդ նախագծով, կարծում եմ, պետք է վերանայվեն։ Ես հույս ունեմ, որ այդ նախագիծը չի ընդունվի, և ավելի լայն քննարկումներ կլինեն, որովհետև, որքան հասկացանք, այդ փոքր քննարկումներից այն գերատեսչությունները, որոնց վերաբերում են այդ փոփոխությունները, ներգրավված չեն եղել նախագծի մշակման աշխատանքներին, այսինքն՝ գործընթացը մասնակցային չի եղել»։

Նշենք, որ կազմակերպությունը վերջին օրերին սուր քննադատության է ենթարկում Հովակիմյանի կողմից ներկայացված ԸՕ փոփոխությունների նախագիծը։ Օրերս կազմակերպությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ նախագիծն ակնհայտորեն չի հանգեցնում արձանագրված խնդիրների լուծմանը, առաջարկում է հատվածային լուծումներ, որոնք Վ․ Հովակիմյանն անձամբ է կարևորել, և որոնք հիմնականում չեն բխում այդ խնդիրների լուծման հրատապությունից։