copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:54 24-06-2022

ԿԸՀ-ի «առումը» կամ Վահագն Հովակիմյանը՝ для себя любимой․ չափանիշները հանում են, աշխատավարձը՝ բարձրացնում

Ինչպես հայտնի է, հոկտեմբերին լրանալու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 7 անդամների պաշտոնավարման ժամկետը։ Եւ ահա խորհրդարանը պետք է նոր ԿԸՀ անդամներ ընտրի մինչեւ հոկտեմբերի կեսերը։ Սահմանադրության 195-րդ հոդվածի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները:

Նրանց համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ: Շուտով՝ հավանաբար հուլիսին, կլինի ԿԸՀ անդամի թեկնածուների առաջադրումը իրավասու հանձնաժողովի կողմից։ Իսկ մինչ այդ իշխանությունը ափալ-թափալ որոշել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ անել՝ այդպիսով հանելով ԿԸՀ անդամին ներկայացվող մի շարք պահանջներ՝ հավասարեցնելով այն պատգամավորին ներկայացված պահանջներին, որպեսզի «անդիպլոմ, անփորձ» ՔՊ-ականներին գործուղի այդ կարեւորագույն կառույց։ Չափանիշները հանում են, աշխատավարձն էլ՝ բարձրացնում։

Մասնավորապես, եթե ներկա կարգավորմամբ, օրինակ, ԸՕ 42-րդ հոդվածում նշվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի՝
1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ,
2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ,
3) բարձրագույն կրթություն և վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5 տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ,
4) բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ։

Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագծով նշվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք։ Հիմա եթե ոչ «ինքնակոչ իրավաբան» Վահագն Հովակիմյանը, ուրիշ ո՞վ կարող է իմանալ, թե ինչ «կոմֆորտ» պայմաններ ստեղծել ինքն իր եւ իր պեսների համար։

Բանն այն է, որ Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահի պաշտոնում հենց իր թեկնածությունն է տեսնում եւ տեւական ժամանակ է՝ լոբբինգ է անում այդ ուղղությամբ։ Հանուն արդարության պետք է նշել, որ նույնիսկ ՔՊ-ում այս թեկնածության հետ համաձայն չեն, համարում են, որ ԿԸՀ-ն մասնագիտական կառույց է, ընտրություններ կեղծելու նախկին, երանելի մեխանիզմներ չկան,փոխարենը այս կառույցի կազմակերպված եւ կայացած լինելը պետության հեղինակության հարցն է, հատկապես, որ IRI Armenia-ի վերջին երկու հարցումներով ԿԸՀ-ի ռեյտինգը բավականին բարձր էր՝ մոտ 50 տոկոս։ Եւ չի կարելի այդ կարեւորագույն կառույց գործուղել մարդկանց, որոնք բավարարում են պատգամավորին ներկայացվող պահանջները եւ ընդամենը ունեն բարձրագույն կրթություն, սա ոչ թե նշանակում է օրենսգիրքը համապատասխանեցնել Սահմանադրությանը, այլ օրենսգիրքը ձեւախեղել ՔՊ-ի սահմանափակ կադրային բազայի «հագով»։

Այն, որ օրենքներ գրող Վահագն Հովակիմյանը իրավաբանական կրթություն չունի, մեծ դժվարություններով սովորել ու այդպես էլ չի ավարտել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, ապա փիլիոսոփայության ֆակուլտետում կրթությունն է կիսատ թողել, բայց սա չարյաց փոքրագույն է։ Կա ավելի մեծ խնդիր․ ԿԸՀ անդամներին վերաբերող սահմանադրական դրույթներում սեւով սպիտակի վրա գրված է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:

Հիմա ինչպե՞ս կարող է կուսակցության վարչության անդամը վեր կանգնել քաղաքական պայքարի մտածողությունից եւ արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ կազմակերպել, քաղաքականացված լինելը, համակրանքները եւ հակակրանքներ ունենալը այնպես չէ, որ «կլողանա եւ կանցնի ՔՊ-ականությունը»։ Ինչպե՞ս կարելի է ամեն ինչ այսքան նսեմացնել, այս երկրում չթողնել որեւէ կայացած ինստիտուտ, կառույց։ Հարց է առաջանում՝ եթե իշխող քաղաքական մեծամասնության նպատակը ընտրություն կեղծելը չէ, Վահագն Հովակիմյանին ինչո՞ւ են գործուղում ԿԸՀ։ Եւ ինչպե՞ս պետք է այս ամենի վրա աչք փակեն քաղաքացիական հասարակությունը, իրավապաշտպանները, միջազգային կառույցները, որոնք ընտրական համակարգի կատարալեգործման, ԿԸՀ-ից ապաքաղաքական եւ մասնագիտական կառույց ստեղծելու համար ահռելի ռեսուրսներ են ծախսել։