copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:10 24-06-2022

Ինչու է լռում դատական համակարգը

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությունը վերջին մի քանի օրերին իրավաբանների ու փաստաբանների շրջանում բուռն քննարկման թեմա է դարձել։ Սոցիալական ցանցերում այդ քննարկումն էլ ավելի թեժացավ նախօրեին ձայնագրութան առկայության և դրանում հնչեցված մտքերի շուրջ Գագիկ Ջհանգիրյանի տված մեկնաբանություններից հետո։ Բայց ի տարբերություն իրավաբանների, փաստաբանների ու սոցիալական էջերի օգտատերերի՝ լուռ են դատական համակարգի ներկայացուցիչները։

Դատավորները պարզապես հրաժարվում են հրապարակայնորեն անդրադառնալ թեմային և խուսափում են հարցազրույցներից ու մեկնաբանություններից։ Ձայնագրության հրապարակումից հետո oragir.news-ը դիմել էր մի քանի դատավորների՝ ակնկալելով վերջիններիս մեկնաբանությունները, սակայն նրանք նշում էին, որ առայժմ ասելիք չունեն և գերադասում են հրապարակային մեկնաբանություններ չհնչեցնել, թեև արդեն մասնավոր զրույցներում ընդգծում էին, որ նման ձայնագրության առկայությունը, դրա հրապարակումը և բովանդակությունը իրականում դատավորների շրջանում բուռն քննարկումների առարկա են դարձել։ Կան դատավորներ, որ պարզապես սպասում են, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը, մյուսներն էլ կարծում են, որ ձայնագրության հրապարակումը հարված էր ողջ դատական համակարգի հեղինակությանը ու առանց այդ էլ ոչ այնքան բարձր վարկանիշին։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունին oragir.news-ի հարցին, թե ինչու են լռում դատավորները, արդյոք իրականում այս հրապարկումը ուղիղ ապացույց չէ դատական համակարգի նկատմամբ իրականացվող ճնշումների, պատասխանեց, որ ինքը նույնպես զերծ կմնա հատուկ մեկնաբանություններ հնչեցնելուց։ «Իհարկե, այն, ինչ բոլորս լսել ենք, ամեն դեպքում մտահոգիչ է, բայց վերջնական պատասխաններ և գնահատականներ չեմ կարող տալ։ Զերծ կմնամ նաև ձայնագրության մեջ արտահայտվող մտքերին գնահատականներ տալուց։ Որքան հասկացա, քրեական գործ է հարուցվել, կամ միգուցե նյութեր են նախապատրաստվում, որովհետև այսօր տեղեկատվություն գնաց, որ Վարդազարյանին հրավիրել են Քննչական կոմիտե։ Կարծում եմ՝ պետք է սպասել զարգացումներին, ամբողջական պատկերը տեսնելուց հետո նոր կարելի է վերջանական գնահատական տալ։ Առհասարակ նմանատիպ իրավիճակներում մենք զերծ ենք մնում գնահատականներ տալուց, որովհետև բացառված չէ, որ այդ գործերը ի պաշտոնե հայտնվեն մեր քննման տիրույթում։ Եթե ես հիմա գնահատական տամ, ապա դա միանշանակ ինքնաբացարկի հիմք կհանդիսանա հետագայում։ Իսկ դատարանը պետք է զերծ մնա իր համար ինքնաբացարկի հիմքեր ստեղծելուց»։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդինախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հայտարարություններ է անում։ Երեկ Ջհանգիրյանը հարցազրույց տվեց, որի ընթացքում անդրադարձավ մի շարք խնդիրների։ Մասնավորապես անդրադառնալով քրեական գործեր կարճելու մասին իր հայտարարությանը՝ Ջհանգիրյանն ասաց. «Դրանք հոգեբանական հնարքներ են։ Կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»։

Ամենից շատ դիտված