Երևան +9°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:33 09-06-2022

Պետք չէ ման գալ սև կատու մութ սենյակում, հատկապես որ այդ սև կատուն այնտեղ գոյություն չունի․ ինչու է լռում ԲՀԿ-ն

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Փողոցային պայքարի դուրս եկած ուժերին միանալ-չմիանալու հարցն առնվազն տարօրինակ է 2 պատճառով․ առաջին՝ փողոցային պայքարի կազմակերպիչները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ այս պայքարը քաղաքական չէ, և իրենց գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն։ Եթե քաղաքական ենթատեքստ չկա, հետևաբար չի կարելի որևէ քաղաքական ուժի մեղադրել կամ չմեղադրել, թե ինչու չի միանում պայքարին։ Այս մասին oragir.news -ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է լռում ԲՀԿ-ն և ինչու չի միանում փողոցային պայքարին։

«Ամենայն հարգանքով պետականամետ և ազգային քաղաքական ուժերին՝ պետք է փաստել մի կարևոր հանգամանք․ ամեն քաղաքական ուժ ինքն է ընտրում պայքարի ձևաչափը կամ դիրքորոշման արտահայտման ձևը։ Պետք չէ ման գալ սև կատու մութ սենյակում, հատկապես որ այդ սև կատուն այնտեղ գոյություն չունի։ Պետք է շատ հանգիստ ու մեղմ վերաբերվել այն տեսլականին, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ի զորու որոշել իր թե՛ պայքարի, թե՛ գործունեության, թե՛ կարծիքի արտահայտման ձևաչափը։ Հիմա շատ է հնչում էդ հարցը, թե ինչու ենք պասիվ։ Մենք երբեք պասիվ չենք եղել և պասիվ չենք, շատ ակտիվ զբաղվում ենք թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության բոլոր երանգներով, միաժամանակ ամենօրյա ռեժիմով կենտրոնացած ենք մարզային հանդիպումների շուրջ»։

Աբովյանն ընդգծեց, որ չի կարելի ստեղծել տպավորություն, որ այս կամ այն քաղաքական ուժի տեսլականը դոմինանտ է քաղաքական առումով։ «Օրինակ՝ ԲՀԿ-ն թերևս 2000 թ․-ից մինչ օրս հայտարարել է իր հիմնական տեսլականները, որոնք մեզ համար կարմիր գիծ են ու անփոփոխ են ու ոչ մի քաղաքական կոնյուկտուրայի ու քաղաքական փոփոխության հետ կապ չունեն։ Մասնավորապես՝ ոչ մի դեպքում, ոչ մի ձևաչափով, ոչ մի ժամանակ Արցախի Հանրապետությունը մեզ համար չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի մաս։ Դա բացառված է ու անգամ քննարկման ենթակա չէ։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային կայունությանը կամ սահմանազատմանը, յուրքաքանչյուր գործընթաց պետք է լինի շատ պարզ և հասկանալի։ Ի՞նչ սահմանազատման մասին խոսք կարող է գնալ, երբ ՀՀ տարածքում գտնվում են թուրք-ադրբեջանական տեռորիստական օկուպացիոն զորքեր, ինչ հարաբերությունների մասին մենք կարող ենք խոսել, երբ թրքալեզու քոչվոր ցեղերի առաջնորդը հավակնություններ է հայտնում ողջ ՀՀ տարածքի նկատմամբ և նաև Երևանի նկատմամբ»։

Այդուհանդրձ նա նաև շեշտեց, որ ամեն քաղաքական ուժ ունի իր գործունեության տեսլականը կամ ձևը, ամեն քաղաքական ուժ ինքն է ընտրում է այն ֆորմատը, թե ինչպես դիմակայել կամ ինչպես քաղաքական առումով տեղեկացնել քաղաքացիներին այն վտանգների մասին, որ գոյություն ունեն։ Ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում՝ ինչ անել՝ սկսած միջազգային գործընկերների հետ աշխատանքից, մինչև այն քաղաքական գործիքակազմի կիրառում, որը մենք ունենք։ «Հավատացնում եմ՝ մենք դրանք իրագործում ենք։ Կարծում եմ՝ պետք է օգտագործել տարբեր հարթակներ, որոնք էլ մենք օգտագործում ենք։ Իմ կողմից շատ հարգված քաղաքական ուժերը որոշել են փողոցում դա անել, խնդրեմ, դա ամեն քաղաքական ուժի սուվերեն որոշումն է, այստեղ չի կարելի հակասություններ փնտրել», - խոսքն ամփոփեց Աբովյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի