Երևան +22°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:01 22-06-2022

«Նմուշօրինակի» կարևորության մասին

«Հայի բախտ», «հայի վերջին խելք», «հայավարի»…Կան ձևակերպումներ, որոնք թևավոր խոսք լինելուց առավել՝ բժշկական ախտորոշում են հիշեցնում: Ենթադրվում է, որ դրանք դասական են դարձել՝ երկարատև «փորձարկումներից» հետո միայն: Արտահայտությունների ճշգրտության ապացույցն ու դրանց իրավացիության առհավատչյան կենսափորձն է: Նույնը վերաբերում է նաև հանրային շրջանակներում գերակայող, նրա ընկալումներում արմատավորված մոտեցումներին: Դրանք ևս լակմուսի թղթի նշանակություն ունեն:

Ըստ այդմ, Ուրուգվայի նախկին նախագահ, Նոբելյան մրցանակից հրաժարված Խոսե Մուխիկան, օրինակ, հայկական ընկալումներով՝ «չմո» է: Հայկական ազգային մենթալիտետը ոչ մի կերպ չի կարողանում ընկալել, թե ինչպես կարելի է երկիր կառավարել ու համարվել աշխարհի ամենաաղքատ նախագահը: Չի հասկանում, ու վերջ… Արդեն անիմաստ է, չէ՞, գերպրագմատիկ հայերից ակնկալելը, որ նրանք հասկանան նաև սակավապետ Մուխիկայի՝ «Այս աշխարհում, ուր այսքան պատերազմներ կան, ի՞նչ երեսով են Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհում» հիմնավորմամբ՝ Նոբելյան մրցանակից հրաժարումը:

Հայկական մտածելակերպին, աշխարհընկալմանը անասելի խորթ է նաև Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից մեկի՝ աշխարհում իբրև «Մեծն Հոգի», Հնդկաստանում իբրև Բապու ( Հնդկաստանի հայր) ճանաչված, Բուդդայից հետո ամենահայտնին համարվող Մահաթմա Գանդիի խիստ արտառոց կերպարը: Մի պահ պատկերացրեք այն հոմերական քրքիջը, որը կհետևեր վտիտ՝ 45 կիլոգրամ կշռող, ինքնաշեն սանդալներ հագած, փայտե հասարակ գավազանով ու իրեն սնող հավատարիմ այծով շրջող Գանդիի հայտնությանը: Անձնավորության, որը կոպիտ քաթանից կարված սպիտակ զգեստից բացի, այլ կարողություն չուներ: Մարդ, ով իր անձնական օրինակով ու ապրած ժուժկալ կյանքով ազգ կրթեց ու պատմության հունը փոխեց:

Ու, ի՞նչ… Բա հայերը չտարակուսեն ի՞նչ անեն, կասեն շատերը: Լա՜վ, չունես՝ չունես, էնքան է՞լ չունես, որ արտերկրից ժամանած հյուրերի տակ բարձ է՞լ չդնես ու նրանց նստեցնես ուղղակի հատակին, հը՞… Բա հալալ չի հայերին՝ էլ շքեղաշուք կառավարական առանձնատուն, էլ «Կապուտակ Սևան», էլ «Արքայաձոր», էլ պես-պես ուտեստներ…Չէ, ինչ ուզում եք ասեք, մեր ամեն ինչն է ուրիշ, մենք անասելի աչքաբաց ենք, հյուրամեծար, պատվով ու ադաթով ընդունող-ճանապարհող… Կյանքը հայերիս այնպես է ծեծել, որ մենք սկսել ենք կարևորն անկարևորից, սեփականը պետականից արագորեն տարբերակել, անսալ մեր պապերի «իմաստուն» խորհրդին, ու առաջինը մեր ծառը ջրել…Պետություն ընկալել բացառապես սեփական ընտանիքը, առաջնային կարևորություն տալ հենց նրա բարեկեցությանը, հանուն նրա լինելիության՝ պատրաստ լինել զոհաբերելու ամեն ինչ, հարկ եղած դեպքում նաև …երկրի անկախությունը:

Հայաստանաբնակներից շատերի համար ընդօրինակելի են դարձել այն կերպարները, որոնք պետություն-մետություն «պարապ» բաների ետևից ընկնելու ո՛չ հավես ունեն, ո՛չ էլ ժամանակ:

Պետական մտածողության խորքային նշանակությունը հասկանալու փոխարեն նրանք զբաղված են ավելի լուրջ՝ օրերից մի օր «երջանկահիշատակ» դառնալուն պատրաստ պապին արժանի գործերով: Նրանք զբաղված են իրենց արժանի թոռների անդարդ ապագայի նյութական երաշխիքների կուտակմամբ: Իսկ այս պարագայում արդեն, այնքան էլ էական չէ, թե որ երկրի հովանու ներքո… Որքան էլ ցավալի լինի ընդունելը, սակայն Հայաստանում իշխանության ընդունում-հանձնումը իրականացվում է այս նույն հոլովույթում՝ առանց վերամբարձ ու ծեքծեքուն արդարացումների: Հայաստանը երկիր է, որտեղ տեր դառնալու համար ամենևին էլ պարտադիր չի դիտարկվում ծառա ձևանալը: Ինչպես ամենուր, Հայաստանում նույնպես իշխանությունը մնում է առատությունից տրաքող այն սեղանը, որից ոչ ոք կամովին հեռանալ չի ցանկանում՝ «չմո» չորակվելու «ամոթից» դրդված… Իսկ Մուխիկանե՞րը, Գանդինե՞րը, Շիմոն Պերեսնե՞րը․ կհարցնի ընթերցողը: Նրանք փարոս եղել ու շարունակելու են այդպիսին մնալ՝ պետություն փափագող ազգերի համար: Մերը թալանված միջոցների ծածուկ մսխումն է աֆրիկյան սաֆարիներում..․