Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:48 22-06-2022

Օգոստոսի 1-ից հնարավոր չի լինի գազ լիցքավորել՝ առանց ավտոմեքենայի գազաբալոնի ստուգման

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Կառավարության որոշմամբ` օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում: Գործունեությունը շարունակելու համար գազաբալոն տեղադրող կամ ճնշափորձարկող ընկերությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լիզենզիա պետք է ստանա, սպասարկի գազաբալոնով շահագործվող մեքենան, վարորդին տրամադրի ստուգումը փաստող վկայական՝ գրանցելով նրան նաև էլեկտրոնային շտեմարանում. ստուգման վկայականն ունենալու դեպքում միայն վարորդն իրավունք կունենա օգտվել գազալցակայանից:

«Ես դրական եմ դրան վերաբերում, առայժմ չունեմ, բայց անպայման պիտի զբաղվեմ դրանով։ Խնդիրը արհեստանոցի չափերի և այլ պահանջների հետ է կապված։ Ես այս պահին միայն գազ եմ տեղադրում, փորձարկում չեմ իրականացնում, քանի որ պայմաններ դեռ չունեմ։ Շատ արհեստավորներ այս պահին վարձակալական տարածքներում են աշխատու, իսկ իրենց սահմանած չափանիշներով պետք է ստիպված լինեն անպայման այդ տարածքն ունենալ։ Այս պահին կան շատ լավ վարպետներ, ովքեր չեն գնա և ինչ-որ սեփականատիրոջ ձեռքի տակ աշխատեն։ Ես, լինելով լավ վարպետ, չեմ կարող գնալ և ուրիշի ձեռքի տակ աշխատել, ինչ է՝ չափ ու ձևը չի համապատասխանում։ Ինձ համար այս պահին գլխավոր խնդիրը տարածքն է, թե չէ այնտեղ գործիքների հետ կապված նորմալ է, քանի որ եթե գործիք չունենաս, չես էլ կարող աշխատել»,- ասաց Ռուդոլֆ Գաբոյանը, ով երկար տարիներ զբաղվում է մեքենաների գազաբալոնի տեղադրմամբ։

Իսկ մեր այն դիտարկմանը, որ վարորդների մի մասը դժգոհում է՝ ասելով, որ սա նոր գումար աշխատելու միջոց է, Գաբոյանը ասաց. «Դա նման է նրան, ոնց որ տեխզննման ժամանակ շատ վարորդներ ասում էին՝ գիտեք ինչ կա, սենց չի, ընենց է, պարզ է, որ իրենց գրպանին է կպչում, բայց լիքը գազի համակարգեր կան, տրաքում է, ճղվում է փշալով-թշալով, գնում են վարպետի մոտ, հիմա մի բան էլ լինի, պետք է գցեն այդ վարորդի վրա։ Ցանկալի է, որ դա լինի, բայց պահանջներ կան, որ կարելի է մեղմացնել։ Օրինակ՝ գազ տեղադրողի համար 5 մետր բարձրությունն ինչի համար է։ Հինգ մետր առաստաղի բարձրություն․ օրենք են գրել, դա պետք է լինի, կամ 12 մետր երկարություն։

Մեկ այլ՝ Gaz Forever կազմակերպությունը, որն ուներ արդեն լիցենզիա, իրականացնում է գազաբալոնների ճնշափորձարկում։

«Երբ մեքենան արդեն գտնվում է մեզ մոտ, հաճախորդը մոտենում է մեզ, աշխատանքի հերթականությունը բացատրում ենք, ժամկետները, գումարի չափը և մեր կողմից կատարվող միջոցառումների ցանկը նշքւմ»,- այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց Gaz Forever ընկերության տնօրեն Էմիլ Ղանադյանը։

«Կան հաճախորդներ, ովքեր իներցիայով բերում են մեքենաները գազալցված, մենք ունենք ճնշում, որով դա հանում ենք, դրանից հետո անցնում է գազաբալոնի լվացման պրոցես, հետո փորձաճնշում, դրանից հետո նորից լվացվում է, հետո օդով ճնշման է ենթարկվում, և եթե ամեն ինչ նորմալ է, փորձաճնշումը անցել է 300-ը, ուրեմն բալոնը համարվում է պիտանի, սակայն կա մի նրբություն, որ որոշ բալոնների համար պիտանելիության ժամկետ է սահմանված, պետք է շատ ուշադիր լինի կազմակերպությունը, որպեսզի թվային ցուցանիշներով չվրիպի»,- ասաց տնօրենը։

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ հաճախորդներին կարելի է բաժանել երկու մասի՝ մարդիկ, ովքեր ուզում են օրենքը պաշտպանել, գալիս են շատ ուշ, իսկ մյուս խումբը, որն ուզում է օրենքի հետ համահունչ պաշտպանել իր անվտանգությունը, գալիս է ավելի շուտ։ Այսինքն՝ սահմանված վերջնաժամկետից շուտ ներկայացողները մտածում են նաև իրենց անվտանգության մասին։ Կա վարորդների մի շերտ ևս, որոնք բավարար իրազեկված չեն տեղի ունեցող փոփոխությունների մասին․ «Մարդիկ կան, որոնք իրազեկված չեն, նույնիսկ տարօրինակ բնույթի հարցեր են տալիս, թե դա ինչ է, այսինքն՝ իրավական պատրաստվածությունը հասարակության մոտ մի քիչ թույլ է, հերթերը վերահսկելու համար մենք կարգ ենք սահմանել, հեռախոսի միջոցով կարգավորում ենք հերթը»,- ասաց Gaz Forever ընկերության տնօրեն Էմիլ Ղանադյանը։

Տնօրենը նաև նշեց, որ այս պահից մինչև հուլիսի 7-ը ամրագրված են օրերը։

Անդրադառնալով կազմակերպության լիցենզիավորման գործընթացին՝ Gaz Forever ընկերության տնօրեն Էմիլ Ղանադյանը ասաց. «Բարդություններ չեն եղել, ուղղակի պահանջներին համապատասխանելու խնդիր է եղել, որ մեր կազմակերպության ընդհանուր ղեկավարությունը դա իրականացրել է, այդ պահանջների մեջ են մտնում ահռելի սարքեր, սարքավորումներ, որոնք պետք է պարտադիր լինեն, առաստաղը պետք է ունենա համապատասխան բարձրություն, ես և աշխատողները պետք է անցնեինք ԱԻՆ-ում դասընթացներ, որպեսզի տեխնիկական անվտանգություն կարողանայինք ապահովել»,- նշեց Ղանադյանը։

«Հստակ գին սահմանված չէ 2 տարին մեկ գազի համակարգի պարտադիր ստուգման համար»,- ասում է ընկերության տնօրենը. ըստ նրա` գինը մոտավորապես կտատանվի 12 հազար դրամի սահմաններում:

«Մեր կազմակերպության տնօրենությունը որոշում է կայացրել բանակի գործող զինծառայողներին՝ սպա, ենթասպա, պայմանագրայիններին, պատերազմի մասնակիցներին և զինթոշակառուներին ծառայություն մատուցել զեղչով՝ 12 հազար դրամի փոխարեն 10 հազար դրամով»,- ասաց տնօրենը։