Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:00 22-06-2022

Ավազահանքերի գեներալները

Խորհրդանշական այս վերնագիրն ընտրելիս նկատի ունեի մեր հայրենակիցներից շատերի թաքուն փափագը՝ ավազաբլուրների վրա կառուցվող երազային դղյակներն ու այդ երազանքները «կյանքի կոչող», մերօրյա «հաղթահանդեսը» գլխավորող ու հատկապես մատաղ սերնդի նախանձը շարժող հարսանեկան գեներալներին: Իսկ որ ավելի ճիշտ է, դրանց անցողիկությունը:

Նյութի հետագա շարադրանքը կբացի փակագծերն ու հասկանալի կդարձնի ասելիքի էությունը: Իսկ թեման, որի մասին ցանկանում եմ խոսել, ըստ իս՝ ամենաարդիականն ու հրատապն է: Խոսքը վերաբերում է արժեհամակարգի քայլարշավող դեգրադացիային, ինչը հար և նման է ամերիկահայ մեր հայրենակից Ջեք Գևորգյանի խիստ ինքնատիպ գյուտին՝ երանելի մահ ապահովող էֆտանազիային: Որ մեր երկիրը տևական ժամանակ է, ինչ հայտնվել է արժեքային դեգրադացիայի «հողմապտույտում», առավել քան ակներև է: Հայաստանում վերացել են կյանքը փոքրիշատե կանոնակարգող չափորոշիչները․ ավելի ճիշտ՝ դրանք ոչ թե վերացել, այլ գլխիվայր շրջվել են: Հայաստանում չկան վարկ ու կշիռ ունեցող պատկառազդու հեղինակություններ․ ավելի ճիշտ՝ կան, բայց մեր օրերում նրանք միանգամայն այլ «արժանիքների», այլ «որակների» համար են հարգանքի արժանանում: Հայաստանում չկան հստակ սահմանումներ, բացակայում են հստակ սահմանագծերը: Դրանք դարձել են խիստ կամայական ու երկստանդարտ՝ իրավիճակով պայմանավորված: Հայաստանը վերածվել է «սեփական գյուղի գդակները» պարտադրող բազմաբդեշխ երկրի…

Մեր երկիրը վերածվել է սնափառության տոնավաճառի, որտեղ «որակյալ ժեշտը» գիտական մտքից ավելի թանկ է գնահատվում, որտեղ ոչ թե արժեհամակարգի բացակայությունն է աղետը, այլ դրա իմաստային այլասերումը: Որտեղ ուսումն անիմաստ զբաղմունք, սովորողը՝ գիտունիկ, մտածողը՝ ծակ փիլիսոփա ու խելքին զոռ տվող, գողն ու թալանչին՝ ընդօրինակման արժան, ազնիվը՝ հարիֆ, խաչագողն ու խաչուրացը՝ «կռուտոյ», պետական միջոցների թալանն են սրբագույն գործ դիտարկվում, ու թեկուզև մականունավոր, բայց օլիգարխ կարգվելն է երազանք մնում:

Երևույթ, որի մասին ներկայիս վարչապետ, նախկինում «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն էր իրոնիայով ժամանակին իր թերթում ակնարկել… Ինչպես ասում են, երբեք մի՛ ասեք «երբեք»: Օլիգարխը, որին փորձել էր ծանակել Փաշինյանը, այսօր նրա «հավատարիմ» զինակիցն է։ Ինչևէ: Իսկ դուք նկատե՞լ եք, որ մեր հեքիաթներն էլ են մեր չբարձրաձայնված երազանքների ցուցիչը՝ մի կոտ ոսկի, Չախ-չախ թագավոր, հազարան բլբուլ… Իսկ ցոփ ու շվայտ կյանքով ապրող Վաչագաններին «դարձի բերող» Անահիտներն էլ ազգ կրթել փորձող Աղայանների կյանքի կոչվելու կարոտ երազանքը մնացին…

Մենք ամեն ինչում ենք կատեգորիկ, մեզ անհրաժեշտ է ամեն ինչ ու հենց հիմա…Եթե Հայաստան, ուրեմն ծովից ծով, եթե մեծահարուստ, ուրեմն Մորգան (կամ գոնե՝ նրա խնամին)։ Մենք այդպես էլ չսովորեցինք գնահատել մերը, մեր մեծերին, հատկապես դեռևս անցավոր չդարձածներին։ Մենք նույն գիծը տանել, զարգացնել այդպես էլ չկարողացանք, մենք բազմաքայլ զարգացումների համբերությունն ու իմաստնությունը չունեցանք, ճակատամարտում ու պատերազմում հաղթելու տարբերությունը չգիտակցեցինք, հեռահար՝ ապագային միտված ծրագրերը քամահրեցինք: Մենք ընդհանուր, մեր իրական, ճշմարիտ իղձերի էությունն արտահայտող կարգախոս իսկ չունեցանք:

Համացանցում առկա համաշխարհային կարգախոսներին վերաբերող հրապարակման մեջ Հայաստանը ներկայանում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսով: Այդպե՞ս է իրականում: Եկեք անկեղծ լինենք ու խոստովանենք, որ մեզ ավելի է պատշաճում հայտնի ֆիլմի՝ «Վեց հոգով յոթ երգ ենք երգում» կարգախոսը: Եթե ավելի անկեղծ լինենք, ապա մեծամտելու փոխարեն պիտի խոստովանենք, որ մեզ կրկին մսուր-մանկապարտեզ հաճախել ու տարրական բաներ սովորել, քրիստոնեությունն առաջինը ընդունած լինելու փառքով հպարտանալու փոխարեն քրիստոնեավայել ապրել է պետք: Երևի այդժամ միայն մեր իսկ դրդմամբ մեզնից խռոված ճակատագիրը վերստին բարեհաճ գտնվի մեր նկատմամբ ու «հայի բախտին» հայի արդարամիտ ու ստեղծագործ միտքը գա փոխարինելու: Ոչ միայն գա, այլև դառնա հայ տեսակի հարատևության երաշխավորը…

Ամենից շատ դիտված