Ուղիղ եթեր
copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 18:56 20-06-2022

Եթե սա եղել է քաղաքական հողի վրա, ապա առավել ևս անընդունելի է․ Իոաննիսյան

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Այդ իրադարձությունների հետ կապված մենք ունենք իրարամերժ տեղեկություն, Ոստիկանությունը հայտարարել է, որ դրանք եղել են կենցաղային հողի վրա, իսկ մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են այլ բան։ Ես, ամենայն ազնվությամբ ասած, չունեմ փաստային տեղեկություններ, որպեսզի հասկանամ, թե որն է իրականությունը»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով երեկ Ապարանում տեղի ունեցած իրադարձություններին։

Հիշեցնենք՝ երեկ Նիգավանում ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկով ավտոմատով կրակել են երիտասարդների վրա։ 2 երիտասարդ զոհվել է, իսկ 5-ը՝ վիրավորվել։ Ըստ տեղեկությունների՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ Վիրավորներից 2-ը այս պահին Հանրապետական հիվանդանոցում են։ Եվս մեկը, ցավոք, մահացել է։

«Ամեն դեպքում մի քանի բան պետք է հստակեցնեմ, որ առհասարակ ապօրինի զենք-զինամթերքի շրջանառությունը շատ խնդրահարույց է Հայաստանում, երկրորդը այն է, որ ուժով, առավել ևս զենքով հարցեր են լուծվում, ինչն անընդունելի է, դա հակասում է նորմալ պետության սկզբունքներին, և երրորդը՝ եթե սա եղել է քաղաքական հողի վրա, ապա սա առավել ևս ընդունելի է, և իշխանությունը պետք է պատշաճ բոլոր միջոցները ձեռնարկի, որպեսզի քաղաքական հարցերը չլուծվեն ուժի, առավել ևս զենքի դաշտում»,- ասաց Իոաննիսյան։

Իսկ մեր հարցին, թե այս ամենը եղել է արդյոք քաղաքական հողի վրա, շրջանառվում են մարդկանց անուններ, ովքեր ուղիղ կապ ունեն իշխող ուժի հետ, Իոննիսյանը ասաց. «Բնականաբար մեղավորները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն թե՛ ապօրինի զենք-զինամթերք կրելու համար, թե՛ սպանության համար։ Իմ ասածը այլ բան է․ ես ասում եմ, որ եթե դա քաղաքական հողի վրա է, բացի քրեական պատասխանատվությունից մենք բոլորս և այդ թվում իշխանությունը պիտի հասկացնի, թե ինչ է անում հետագայում նման դեպքերը կանխելու համար»։

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք ճիշտ է համարում այն, որ քաղաքական հարցերը զենքով լուծվեն, Իոաննիսյանն ասաց. «Դուք փաստեր ունեք, որ քաղաքական հարցեր է լուծվել, իսկ ես չունեմ։ Այն, որ իշխանության հետ փոխկապակցված անձինք են եղել, այո՛, դա կա և խնդրահարույց է, և դա առավել ուշադրություն է պահանջում գործի նկատմամբ։ Բայց արդյո՞ք դա ինչ-որ քաղաքական վեճի պարզում է եղել, թե՝ ոչ, մենք չգիտենք։ Բնականաբար, եթե քաղաքական վեճի պարզում է եղել, ավելի։ Այն, որ այս մարդիկ պետք է դատվեն, դրա մասին խոսք չկա, բայց բացի դրանից՝ մենք պետք է գլոբալ հասկանանք, թե ինչու են մեր երկրում մարդիկ ուժով փորձում քաղաքական հարցեր լուծել, որտեղից է գալիս և ինչ ենք անում, որ դա տեղի չունենա։ Օրինակ, երբ որ 2017 թ․-ի մարտ ամսին Ջրառատ գյուղում Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի ընտանիքի անդամները զենք էին կիրառել Սեյրան Օհանյանի կողմնակիցների նկատմամբ, մենք դա դատապարտել ենք, և դա եղել է քաղաքական հողի վրա, այն ժամանակ ոչ ոք չէր թաքցնում, որ դա եղել է քաղաքական հողի վրա, և Լևոն Երանոսյանի ընտանիքի անդամները այդպես էլ բանտում չհայտնվեցին, թեև Ջրառատ գյուղի կենտրոնում նախընտրական քարոզարշավի ժամանակ ավտոմատից կրակել էին։ Ես ապագան չեմ կարող կանխատեսել, բայց մենք ամեն բան անելու ենք, որ մեղավորները երկար տարիներ անցկացնեն բանտում»,- ասաց Իոաննիսյանը։

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով մեզ հետ զրույցում, անդրադառնալով երեկ տեղի ունեցած իրադարձություններին, ասաց. «Տարբեր բնույթի տեղեկություններ կան, պետք է կատարվի օբյեկտիվ քննություն, իսկ այս պահին դժվար է ինչ-որ բան ասել, լրատվական դաշտը այնքան տարօրինակ վիճակում է գտնվում, որ օբյեկտիվ տեղեկություններ շատ դժվար է ակնկալել։ Ես չեմ կարող եղած լուրերի վրա հիմնվել, որովհետև կեղծ լուրերը շատ մեծ ծավալ են կազմում։ Ես ակնկալում եմ, որ Ոստիկանությունը և քննչական մարմինները օբյեկտիվ, բազմակողմանի քննություն կիրականացնեն»։

Հարցրինք, թե ինչ հիմնավորում ունի, որ մամուլում տեղ գտած լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Սաքունցն ասաց. «Կյանքի փորձից եմ ենթադրում, իմ նկատմամբ, մեր կազմակերպության վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման այս տարափից»,- ասաց Սաքունցը։

Իսկ մեր այն դիտարկմանը, որ անկախ նրանից՝ ինչ լուրեր են տարածվել, տեղի է ունեցել հանցագործություն, որի հետևանքով երեք մարդ է մահացել ,Սաքունցն ասաց. «Դա դատապարտելի գործողություն է, ինչպես ցանկացած հանծագործություն, իսկ տվյալ դեպքում՝ հրազենի կիրառմամբ։ Պետք է օբյեկտիվ քննություն իրականացվի, բայց ես չեմ կարող մեկնաբանել այն լրատվությունը, որի նկատմամբ վստահություն չունեմ»,- ասաց Սաքունցը։

«Տեղի է ունեցել կրակահերթ, որը խայտառակություն է, և այդտեղ պետք է Ոստիկանությունը գործողություններ իրականացնի, ջանքեր ներդնի՝ բացահայտելու համար բուն հանցագործության շարժառիթները, կատարողների շրջանակները և պատասխանատվության անպայման ենթարկի ցանկացած դեպքում, անկախ նրանից՝ ովքեր են ներգրավված, ում հետ են առնչվում կամ չեն առնչվում։ Հանցագործություններ, ցավոք սրտի, միշտ են տեղի ունենում, բայց անպատժելիության հարց կա, որ պետք է լուծվի։

Իսկ մեր այն հարցին, թե ըստ նրա՝ դա ինչ զենք է եղել, որից կրակոցներ են արձակվել, Սաքունցն ասաց. «Նախ պետք է պարզել՝ դա ինչ հրազեն է։ Մեկ ասում են որսորդական հրացան է, մեկ ասում են կալաշնիկով է։ Ըստ քաղաքական նպատակահարմարության՝ դեպքը ներկայացնելը աղճատում է իրականությունից։ Անկախ նրանից՝ դա եղել է կալաշնիկով, թե որսորդական հրացան, էությունը չի փոխվում։ Որսորդական հրացանը չի կարելի նմամ դեպքերում կիրառել․ ամբողջ խնդիրը դա է»,- ասաց Սաքունցը։

Հարցրինք նաև, թե նախկինում տեղի ունեցող նման դեպքերը ինչ արձագանք կստանային։ Սաքունցն նշեց. «Նախկինում նման բաները կատարվում էին կազմակերպված, երբ որ հրազենով զինված, ոչ ֆորմալ կազմավորումները ուղարկվում էին մարդկանց դեմ։ Տարբերություն չունի՝ նախկին, թե ներկա։ Ոչ մի անգամ չի եղել, որ Հայաստանում լրատվական դաշտը լինի այսքան խայտառակ վիճակում, որ ընդդիմությունը ունենա այսքան լրատվական հոսք։ Եվ որ այսքան քաղաքական նպատակահարմարություն կարող է երևույթներին տալ կեղծ, ոչ ճիշտ տեղեկատվություն»,- ասաց Սաքունցը։

«Հասկանո՞ւմ եք՝ չեմ վստահում, նորից կրկնեմ՝ մեր կազմակերպության վերաբերյալ այնքան կեղտեր են տարածել այս լրատվամիջոցներից, իսկ նրա համար, որ հասկանանք քաղաքական է, թե՝ չէ, պետք է կատարվի օբյեկտիվ քննություն»,- ասաց Սակունցը՝ պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե տեղի ունեցածն ունի քաղաքական ենթատեքստ։

Ձեզ գուցե հետաքրքրի