Երևան +13°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:00 16-06-2022

Իսկ մայրենի լեզվին չտիրապետողների մասին ի՞նչ կասեք, պարո՛ն Խաչատրյան, օրինակ՝ Ձեր

Նախօրեին Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստանում ռուսական դպրոցների ավելացմանը, փորձել է յուրօրինակ հավատարմության ժեստ անել մեր ռազմավարական գործընկերոջը, ձեռքի հետ էլ ապացուցել, որ իրենց քաղաքական թիմը ուղնուծուծով ռուսամետ է։ «Եթե անձը չի տիրապետում ռուսերեն լեզվին, կարելի է ասել, որ գրագիտության բավարար մակարդակին չբավարարող անձ է»,- հպարտորեն հայտարարել է ՔՊ-ական պատգամավորը։

Հիմա Արմեն Խաչատրյանի հետ կարելի է երկար վիճել, թե, օրինակ, ինչու պետք է անձը տիրապետի ռուսերենին եւ ոչ անգլերենին, չինարենին։ Կարելի է երկար-բարակ վիճել, թե մի՞թե ռուսերենին տիրապետելը բավարար է գրագիտության մակարդակի մասին խոսելու համար։ Թեև գուցե Խաչատրյանն էլ այն հին կարծրատիպային մտածողության կրողն է, ըստ որի՝ ռուսերեն խոսողները հին էլիտայից են, անձին հայրանունով դիմողները, ռուսերեն տերմիներ օգտագործողները գրագիտության այլ մակարդակ եւ որակ են։

Բայց այս ամենի մասին անիմաստ է խոսել եւ վիճել։ Ընդամենը մի հարց պարոն պատգամավորին․ իսկ մայրենի լեզվին չտիրապետողների մասին ի՞նչ կասեք, Ձեզ դա մտահոգո՞ւմ է, թե՞ ոչ։ Ավելի մասնավորեցնենք՝ ի՞նչ կարծիք ունեք մայրենի լեզվին չտիրապետող պատգամավորների մասին, որոնց ընտրության համար օրենսդրական պահանջ կա՝ հայերենի իմացություն։ Ցավոք, հայերենի իմացությունը ստուգվում է ընդամենը դպրոցական ատեստատ ներկայացնելով, բայց հույս ունենանք, որ ապագայում մեր պատգամավորները հայերենի իմացության թեստ կհանձնեն, եւ ոչ միայն հայերենի իմացության, այլեւ հայոց պատմության, գրականության, ինչո՞ւ ոչ՝ նաեւ ընդհանուր զարգացվածության։ Բայց քանի որ այսօր ավելի հեշտ է պատգամավոր դառնալ՝ չիմանալով անգամ հայերեն, չունենալով բարձրագույն կրթություն, որեւէ մասնագիտացում, մենք ստիպված խորհրդարանի ամբիոնից ամեն օր վայելում ենք տգիտության դրսեւորումները։

Թերեւս ինքը՝ Խաչատրյանն էլ ռուսերենի մակարդակով այլոց գրագիտությունը ստուգելիս պետք է նախ իր՝ մայրենի լեզվի իմացությունը ստուգի եւ բարելավի։ Մեկ նախադասության մեջ բազմաթիվ սխալներ թույլ տված պատգամավորը դեռ գրագիտությունից եւ այլ լեզվի տիրապետելուց է խոսում։ Եւ ուրեմն չկա ռուսերեն լեզու, կա ռուսերեն եւ ռուսաց լեզու, քանի որ «-երեն»-ով բառերն արդեն իսկ լեզու են նշանակում, ուստի դրանց կողքին «լեզու» գոյականն ավելորդ է։ Այնպես որ, ռուսերենի իմացության համար «դոշ ծեծելու» փոխարեն պայքարեք մեր հայրենիքում մայրենիի իմացության մակարդակը բարելավելու համար՝ սկսելով հենց Ձեզնից։