Երևան +18°
Ուղիղ խոսք Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:29 15-06-2022

Իշխանությունները փորձում են Բերձորի և Աղավնոյի բնակիչներին թաքուն համոզել, որ դուրս գան, հանձնումը թույլ չտալու համար 1000 հոգի մարդ է պետք․ Հոխիկյան  

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Մեր հանրության մեջ հենց Հայաստանի Հանրապետությունում, երբ ասում ես Բերձոր, իրենք չեն ընկալում, թե դա ինչ է, երբ ասում ես Լաչին, սկսում են հասկանալ։ Լաչինը և Աղավնոն ՀՀ իշխանությունները պատրաստվում են հուլիսի 1-10-ը հանձնել, մեր խնդիրն այն է, որ թույլ չտանք»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը։

«Լաչինը միայն ճանապարհը չի, բացի ճանապարհից՝ կան կարևոր ենթակառուցվածքներ, որոնց հանձնումը Ադրբեջանին նշանակում է Արցախը բառացիորեն ծնկի բերել։ Էդ հատվածով է անցնում Արցախ մատակարարվող գազի գլխավոր խողովակաշարը, էդ հատվածով է անցնում ՀՀ-ից Արցախ հասնող բարձրավոլտ էլեկտրահաղորդալարը։ էդ հատվածով է անցնում ինտերնետի մալուխը և բազմաթիվ այլ ենթակառուցվածքներ, որոնք ռազմավարական նշանակության են։ Երբ մենք ասում ենք, որ այդ ճանապարհը փակվի կամ փոխարինվի, հարց է առաջանում, բա նշածս գազը կամ էլեկտրականությունը, ինտերնետի կապուղիները ինչպե՞ս են անցնելու, շարունակելո՞ւ են այսօրվա դեռ գործող ճանապարհով անցնել։ Եթե այո, ապա Ադրբեջանը, ինչպես որ Շուշիի մոտ պայթեցրեց գազատարը ու դրանից հետո սկսեց ցանկանած պահի անջատել կամ միացնել գազը, նույն կերպ էլ կարող է հիմա պայթեցնել գազատարը կամ պահանջել, որ դրա փոխարեն Ադրբեջանն ինքը Արցախի գազ մատակարարի»։

Նա նաև ընդգծեց, որ եթե ինտերնետը Ադրբեջանը սկսի մատակարարել Արցախին, ապա Ադրբեջանը կսկսի վերահսկել Արցախի ամբողջ ներքին փաստաթղթաշրջանառությունը։

Հարցին, թե սա նո՞ր պայմանավորվածություն է, թե՞ նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի հետևանք, Հոխիկյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ռուսական և հայկական տարբերակներոը միմյանցից տարբեր են։

«Ռուսերենում մի բան գրված, հայերենում՝ մեկ այլ բան։ Ռուսերենում գրված է «Լաչինի միջանցքում» նոր ճանապարհ պետք է լինի։ Իսկ հայերենում գրված է «Լաչինի միջանցքի երկայնքով»։ Ստացվում է՝ ռուսական տարբերակը մեզ համար շատ ավելի ձեռնտու է, քան հայկականը։ Ինչո՞ւ է հայկական կողմը գնացել նման կեղծիքի, որովհետև այն ճանապարհը, որ հիմա կառուցում են ադրբեջանցիները, ամենևին էլ մեր շահերից չի բխում։ Դա բխում է միայն Ադրբեջանի շահերից։ Բայց այդ հայտարարության մեջ խոսք չկա Բերձորի կամ Լաչին քաղաքի ու Աղավնո գյուղի հանձնման մասին։ Այնտեղ նշված է այլընտրանքային ճանապարհ։ Այսինքն՝ այդ ճանապարհը կարող է լինել ինչպես Բերձոր քաղաքի միջով անցնող, այնպես էլ Բերձոր քաղաքի կողքով անցնող։ Այնտեղ խոսք չկա այն մասին, որ Լաչինի միջանցքը պիտի փոխարինվի, այլ տեղ պիտի դրվի և այլն։ Հստակ նշված է, որն է Լաչինի միջանցքի մեջ պիտի քննարկվի այլ ճանապարհի հարց, գուցե քննարկվի, ու այլ ճանապարհ չլինի։ Նշված է միայն, որ պիտի քննարկվի»։

Անդրադառնալով Լաչին քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի հանձնման հավանականությանը՝ նա ընդգծեց, որ սրանք այն 3 բնակավայրերն են, որոնք պատերազմից հետո մեզ են մնացել, իսկ դրանց հանձնումը երկրորդ աղետը կլինի մեզ համար 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո։

Նա տեղեկացրեց, որ այս պահին 300 մարդ ապրում է Աղավնոյում, իսկ Բերձորը բնակեցված է եղել մինչև պատերազմը մոտ 2000 մարդով, այս պահին 200-ից ավելի մարդ կա։ Բերձորը ունակ է մինչև 3000 մարդ բնակեցնել, իսկ ներքին Սուսում մի քանի տուն կա։ «Եթե հանձնում ես այս բանակավայրերը, նշանակում է՝ անտուն ես թողնում Աղավնոյի 300 բնակչին, անտուն ես թողնում Բերձորի 200 բնակչի, էլ չեմ ասում, որ Բերձորից տեղահանված 2000 մարդ մինչ օրս բնակարան չի ստացել ու տեղահանված է»։

Հոխիկյանի դիտարկմամբ՝ եթե ՀՀ իշխանությունները չունեն Լաչինը պահելու ցանկություն, ապա փոխարենը ռուսներն ունեն նման ցանկություն, որովհետև այս նոր ճանապարհը, որ կառուցվում է, չգիտես ինչու պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, որ հուլսի 1-ին պետք է հանձնել։

«Մենք պետք է շատ արագ վերաբնակեցնենք Բերձորը, Աղավնոն այդ խնդիրը չունի Աղավնոյի բնակիչները ամուր կանգնած են իրենց տեղում։ Լաչինում այսօր մոտ 200 մարդ է ապրում, դա քիչ է։ Եթե կարողանանք Լաչինի բնակչության թիվը հասցնել 1000-ի, ապա ռուսական կողմը կարող է դա որպես առիթ օգտագործել և ասել, որ ես չեմ կարող դուրս գալ, որովհետև այստեղ հայեր են ապրում, եթե դուրս գամ, արյունալի հակամարտություն տեղի կունենա հայերի և ադրբեջանցիների միջև։ Մեզ 800 մարդ է պետք, դա մեծ թիվ չէ։

Եթե ընդդիմությունը հայտարարեց, որ բացում է Ֆրանսիայի հրապարակը, ապա ես առաջարկությամբ դիմել եմ, հիմա էլ դիմում եմ իրենց, Ֆրասիայի հրապարակում 15-30 հազար մարդ է հավաքվում, մեզ այդքան մարդ չէ, միայն 1000 մարդ է պետք։ Ընդդիմությունը կարող է հայտարարել, որ գնում ենք մեր պայքարը Լաչինում շարունակելու։

Հիմա հայկական իշխանությունները փորձում են Բերձորի և Աղավնոյի բնակիչներին թաքուն համոզել, որ դուրս գան, ասում են՝ ձեզ փող կտանք, տուն կտանք։ Տուն, իհարկե, չեն տա, փող կտան, որն էլ, ի դեպ, կակածելի աղբյուրներից է գալու, ու բացառված չէ, որ այդ փողի աղբյուրը Ադրեջանն է, որովհետև հիմա ամենաշատը Ադրբեջանին է պետք, որ հայերը դուրս գան Լաչինից ու Աղավնոյից։ Մեր խնդիրն է, որ կարողանանք պահել Լաչինը և Աղավնոն, դա շատ հեշտ է, գնում ենք այնտեղ ու ապրում ենք, արդյունքում պայմաններ ենք ստեղծում, որ ռուսական զորքը դուրս չգա Լաչինից։ Դա միակ հնարավորությունն է, որ կարողանաք տևական ժամանակով հետաձգել Լաչինի հանձնումը»։

Տեսանյութը՝ քիչ անց։