copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:13 15-06-2022

Փորձել են զենք գտնել․ Կարապետ Պողոսյանը մանրամասներ է հայտնում իրեն ոստիկանական բաժանմունք տանելու մասին

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Իրենց կողմից եղել է պրովակացիա ոչ միայն իմ նկատմամբ, այլ նաև իմ մյուս ընկերոջ նկատմամբ, ով ինձնից կես ժամ առաջ էր մտել Գյումրի, նորից միտինգից էր վերադարձել, իրեն էլ կանգնացրել էին, ավելորդություններ են թույլ տվել»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Ես համաձայն չեմ» շարժման առաջնորդ Կարապետ Պողոսյանը։ Հիշեցնենք՝ գիշերը՝ ժամը 2-ին, մոտ տասը ոստիկան հասարական-քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանին տարել են Կումայրի բաժին։

Պողոսյանը հավելում է․ «Փորձել են զենք ման գալ և այլն, այսինքն՝ սա պատահականություն չէր։ Նույնը իրականացրին նաև իմ նկատմամբ, սպառնալիքներ հնչեցրին կրակելու մասին այն դեպքում, որ ես կանգնած էի։ Նրանք մինչև վերջ ուզում էին ինձ ձեռնաշղթաներով տանել ոստիկանություն, բայց ես ինքս ինքնակամ գնացի ոստիկանություն, ինձ այնտեղ չգրանցեցին էլ, մոտավորապես երկու ժամ ես ուղղակի իմ ընտանիքի, ընկերների հետ անիմաստ նստել եմ ոստիկանությունում։ Սա հերթական անօրինականությունն էր։ Մենք այսօր կամ վաղը հանդես կգանք կոնկրետ հայտարարությամբ և որոշակի գործողությամբ այս ապօրինությունների դեմ»։

Մեր այն հարցին, թե որոշ ժամանակ առաջ էլ էին նրան բերման ենթարկել՝ մարմնական վնասվածք հասցնելով, այս անգամ ևս մարմնական վնասվածք ստացե՞լ է, Պողոսյանը պատասխանեց. «Այն ժամանակ ոստիկանությունն էր ինձ բերման ենթարկել, այս անգամ պարեկային ծառայողներն էին կամ, ինչպես ես եմ ասում, Ամերիկայի դեսպանն ու միլիցեքը։ Իրենք երևի հատուկ ինչ-որ հրահանգ ունեին, Մարալիկում ինձ էին սպասում, որտեղ սկսեցին այդ պրովակացիան ստեղծել, իսկ Գյումրիի այն հատվածում, որտեղ դաշնակցական երիտասարդների նկատմամբ էին իրականացրել պրովակացիա, այդ նույն կանգառի մոտ իրենք սկսեցին իմ հանդեպ պրովակացիա անել։ Խորհրդանշական էր շատ։ Իրենք փորձեցին մեքենայի դռանը հարվածել, որը մի քիչ վնասվել է, բայց մեքենայի դուռը, բնականաբար, ես չեմ բացել։ Ապակին եմ մի փոքր իջեցրել՝ հասկանալով, որ ես գործ ունեմ մարդկանց հետ, ովքեր հրահանգ ունեին կամ, ինչպես իրենք էին ասում, պետք է կրակեին։ Ես մեքենան վարել եմ ոստիկանության Կումայրու բաժին, որտեղ երկու ժամ սպասելուց հետո ընդամենը տեխզննման հետ կապված ակտ են գրել, և ես վերադարձել եմ տուն։ Մարալիկում իրենց էլեկտրոնային սարքավորումները չէին աշխատում, և քանի որ մեքենայում կար երկրորդ կարգի հաշմանդամ, ես հայտարարել եմ, որ հիմա կշարժվեմ Գյումրի՝ այդ մարդու առողջական խնդիրների հետ կապված, հետո, երբ ձեր պլանշետի անսարքությունը կվերանա, կանցնեք ձեր գործողություններին»։