copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:30 15-06-2022

Տրամաբանական է, որ նույն մոտեցումն է բոլոր ոլորտների նկատմամբ, դրա համար էլ իսկանդերը 10%-ով է պայթում

Փաշինյանը օրերս մեկնել էր Արարատի մարզ, որի մասին շատ գրվեց։ Դեղձուտ գյուղում, որ Փաշինյանի առաջին կանգառն էր, առաջնորդը զրույցի բռնվեց իրեն երկրպագող հողագործների հետ։ Առանց որևէ էական միջամտության՝ ներկայացնում եմ առաջնորդի և գյուղացիների զրույցի սղագրությունը։

-Ի՞նչ կա, գյուղի, գյուղատնտեսության վիճակը ո՞նց է։
-Սելիտրան ստացել ենք, լավա, պարոն վարչապետ։
-Դե թանկացել էր, ինչքան կարողացանք, օգնեցինք։ Բերքը ո՞նց է։
-Բերք չկա, ցրտահարվել է, պարոն վարչապետ։
-Ո՞նց, էս տարի ցրտահարությո՞ւն է եղել։
-Եղել է, բայց գիտենք, որ պետք է բերքը ապահովագրեինք, չենք արել։ Եթե իմանայինք, որ այդպես էր լինելու, կանեինք։
-Դե լավ, ինչ եմ ուզում ասած լինել։ Անպայման կաթիլային ոռոգման մասին մտածեք։ Էդ կաթիլային ոռոգման, որ անցնում է, մինչև 3 հա, հետո ինչքան դուք ծախս եք անում, բայց էդ ծախսը պետք է ՀԴՄ-ներով հիմնավորվի, դրա 50%-ը վերադարձվում է։ Պրոբլեմը ի՞նչն է, որ կլիման փոխվում է, ջուրը շատ գոլորշիանում է, հողը ավելի շատ ջուր է ուզում, և դրա համար կաթիլային է պետք։ Մենք ինչի՞ համար ենք ասում, որ կաթիլայինի անցնեք, ըտեղ խորամանկություն կա։ Իրականում, որ կաթիլայինի եք անցնում, 5 տարի փող չեք տալիս, մենք էլ փողի կեսը հետ ենք տալիս, էլի շահում եք։ Որովհետև էն ջուրը, որ ճամփին կորում է, ձեզ չի հասնում, կամ դուք ավել եք օգտագործում, որովհետև ձեզ պետք է բույսը ջրել, իսկ դուք հողն եք ջրում, հիմա արդյունքում այնքան ջուր է խնայվում, որ արդեն բոլորին կհերիքի։ Որովհետև ամենամեծ պրոբլեմը էն է, որ ջուրը չի հասնում բույսին։ Որովհետև 10-րդ, 15-րդին հասնելը մարդիկ ոչ թե բույսն են ջրում, այլ հողն են ջրում։ Մակերես են ջրում, իսկ մեզ պետք է, որպեսզի բույսը ջրենք, ծառը ջրենք և այդպես շարունակ։ Ու կաթիլային ոռոգումը շատ կարևոր է, որ ինքը ավազանում լինի, որ անձրևաջրերն էլ հավաքվեն, ու այն ժամանակ, երբ ջրի պակաս լինի․․․
-Բայց էդ ավազանը յուրաքանչյո՞ւրը պետք է ունենա, թե՞ ընդհանուր գյուղի համար է։
-Ցավոտ պրոբլեմ եք ասում։ Մենք ուզում ենք գյուղացիական տնտեսություններ, որ միավորվեք իրար, այդտեղ արդեն պայմանները շատ ավելի լավ են։ Բայց չեմ հասկանում՝ ինչի չեք միավորվում։ Գյուղը կարող է տեսականորեն հավաքվի, ավազան սարքի, ու այն գյուղը, որ միասնական ավազան է սարքում, եկեք մի հատ սուբվենցիոն ծրագիր անենք։ Պետք է անընդհատ գալ գյուղեր ու մեր ծրագրերին ծանոթացնել, պարոն Խոջոյան, պարոն Սանոսյան։

Եվ մեկ էլ գյուղացու կողմից Լարսի անցակետի վերաբերյալ արված հարցումին Փաշինյանը տվեց կարճ ու կտրուկ պատասխան․ «Այդ ուղղությամբ աշխատում ենք»։

Սա գյուղին ու գյուղատնտեսությանը վերաբերող ամբողջ խոսակցության սղագրությունն է, որից հետևում է, որ հանդիպման գնալիս առաջնորդը չի ինֆորմացվում, թե ուր որ գնում է, ինչ խնդիրներ կան, տարածաշրջանի մարդկանց ինչ հարցեր են հուզում, որպեսզի օգնի, եթե չօգնի էլ, գոնե մարդիկ հասկանան, որ ինքը իրենց խնդիրներին տեղյակ է, պարզապես օգնելու հնարավորություն չունի։ Փաստորեն այդ առումով անկեղծ է, ձևեր չի անում, թքած ունի մարդկանց խնդիրների վրա ու չի էլ թաքցնում, որ այդպես է։

Եկել էր Արտաշատի տարածաշրջան, որտեղ ավելի քան 20-25 գյուղերում ամբողջ բերքը ցրտահարվել է։ Ցրտահարության հետևանքները բավականին խիստ են եղել նաև Արարատի տարածաշրջանի մի քանի գյուղերում, Մասիսի տարածաշրջանում, ինչպես նաև Էջմիածնի որոշ գյուղերում։ Փաշինյանի զարմանքից հասկանալի դարձավ, որ նա տեղյակ չէր ցրտահարության մասին ընդհանրապես։ Մինչդեռ ամենամեղմ հաշվարկներով այդ աղետի հետևանքով հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքն առնվազն 10-15%-ով նվազելու է։ Մեկ փաստ ևս, որ թքած ունի։ Արարատյան դաշտի 25-30%-ը ցրտահարվել է ու վարչապետը տեղյակ չի։

Մարդկանց խնդիրները, հուզող հարցերը լսելու փոխարեն (չնայած սրանք էլ առաջնորդին արևշատություն մաղթելուց ու «Դուխով, մեջքիդ կանգնած ենք»-ից բացի՝ ոչինչ չունեին ասելու)՝ 10-15 րոպեի ընթացքում միայն ինքն էր խոսում մի բանի մասին, որից բացարձակապես գաղափար չուներ։ Ահավասիկ սղագրությունը։ Գյուղացիներին առաջարկում էր կաթիլային ոռոգում անցկացնել։ Չնայած որ տեսագրությունում այդ պահը չի զգացվում, պատմեցին, որ գյուղացիներից մեկն ասել է՝ «ախր դրա համար ջրավազան է պետք», որին Փաշինյանը ստիպված էր արձագանքել ու դրանով իսկ «ընդունել» իր ելույթի անիմաստությունը։ Երբ գյուղացին առաջնորդին հարցնում է «էդ ավազանը յուրաքանչյո՞ւրը պետք է ունենա, թե՞ ընդհանուր գյուղի համար», այստեղ արդեն Փաշինյանը, որևէ տրամաբանական պատասխան չունենալով, փորձում է կաթիլային ոռոգումը կապել կոոպերացիայի հետ, ինչը աբսուրդ է։

Մեկ րոպե առաջ նա խոսում էր տվյալ պահին, տվյալ փուլում կաթիլային ոռոգման անցկացնելու անհրաժեշտության, ջրի խնդիրը լուծելու մասին ու արված պարզ հարցումից հետո, խելքի մոտ պատասխան չունենալով, անցնում է տարիներ, իրականում տասնամյակներ հետո ստեղծվելիք կոոպերացիային, այդպես էլ չպարզաբանելով՝ ինչ սկզբունքով, ինչ մեխանիզմով, ինչ տարածքի վրա, ինչ միջոցներով է կառուցվելու այդ ջրավազանը և ինչ կապ ունի կոոպերացիայի հետ։

Իրականում Արարատյան դաշտի գյուղերում ջրավազաններ կառուցելը ո՛չ հնարավոր է և ո՛չ էլ նպատակահարմար, եթե անգամ հնարավոր լիներ։ Այստեղ ոռոգման ջուրը պետք է գյուղացու հողին հասնի փակ խողովակներով, որպեսզի դրանցում ճնշում լինի, որը կաթիլային ոռոգման հիմնական նախապայմաններից մեկն է։ Իհարկե, չի բացառվում, որ Արարատյան դաշտի ինչ-որ գյուղի ինչ-որ հողակտորի վրա հնարավոր լինի դա անելը, բայց դա տոկոս չի կարող կազմել, և այդ մեխանիզմը գործող է հիմնականում լեռնային հատվածներում, առավելապես՝ Արագած լեռան հարակից տարածքներում։

Ինչ մնում է Փաշինյանի այցին ընդհանրապես․․․ տխուր տպավորություն է, երբ չգիտի, թեմային չի տիրապետում ու իմացողներին (գյուղացիների մի մասը մի քանի հարյուր քմ-անոց ջերմոցներ ունեն, որոնցում կաթիլային ոռոգում են իրականացնում, ու մեխանիզմը փոքրիշատե պատկերացնում են) բացատրում է, թե ինչպես անել (ժողովրդական ասացվածք կա․ ով գիտի, անում է, ով չգիտի, ուսուցանում է)։ Տրամաբանական է, որ առաջնորդը նույն մոտեցումն է դրսևորում նաև մյուս բոլոր ոլորտների նկատմամբ, ու քանի որ երկիրն այս օրին է, իսկանդերը 10 տոկոսով է պայթում։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
21:50 Մենք շատ ուրախ ենք, որ Փաշինյանը մեր գյուղի տեղը չիդե, թե չէ վաղուց հանձնած կեղներ. Բյուրակնի բնակիչ