Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 09:41 21-07-2023

Դա այդ 91 թվականի արտադրանքի վրեժխնդրության մոտեցումն է․ իշխանությունը սարսափում է անգամ տաքսի-ծառայությունից

Ամիսներ առաջ Երևանում մեկնարկեց «Հանրային ձայն» տաքսի-ծառայության գործունեությունը, որը շատ արագ սկսեց թափ հավաքել։ Բայց նույնանուն կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի, նրա ազգականների և կուսակցության ողջ վերնախավի կալանավորումից հետո դադարեցվեց նաև «Հանրային ձայն» տաքսի ծառայության աշխատանքը։

Oragir.News-ի տեղեկություններով, «Հանրային ձայն» տաքսի-ծառայության լուծարման գործում երկու կարևոր գործոն է աշխատել, առաջինը եղել է այն, որ կազմակերպիչներին ձերբակալել են, բայց եղել է նաև երկրորդ գործոնը․ իրավապահները վախեցրել են տաքսիստներին։

Լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ տաքսի-ծառայութան գործունեությունն արդեն 2 ամիս է՝ դադարեցված է․ «Քննչական կոմիտեն, երբ եկել, մտել է կուսակցության շենք ամբողջ համակարգիչները, հեռախոսները ու տեխնիկան հավաքել տարել է, ինչպես նաև տաքսի ծառայության հետ առնչվող տեխնիկան։ Ո՞նց աշխատեն, եթե այդ ամենը հավաքել տարել են»։

Ղուկասյանը նշեց, որ կալանավորված են նաև տաքսի ծառայության դիսպետչերները․ «Ճիշտն ասած՝ ես դրա ժամանակն էլ չեմ ունեցել՝ հետաքրքրվելու ոնց, ինչ և այլ, գիտեմ, որ ամբողջովին կազմալուծվել է աշխատանքը և վերջ։ Դե գիտեք, կուսակցության գրասենյակն էլ է փակ, որովհետև ամբողջ վարչակազմը բերդերում է, և ամեն ինչ պարալիզված է»։

Կուսակցության նախագահի խոսքով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի քննիչները, կուսակցության անդամների տանը խուղարկություն իրականացնելով, հավաքում են այդ պահին տանը գտնվող անդամների բոլոր իրերը՝ հեռախոս, համակարգիչ և այլ․ «Եթե այդ պահին տանը հյուր լիներ, նրա հեռախոսն էլ կտանեին։ Եթե եկել ես տունը խուզարկելու կոնկրետ անձով, ապա տվյալ անձին պատկանող իրերը վերցրու, տար։ Իսկ իրենք ինչ կա, չկա վերցրել, սրբել, տարել են։ Դա այդ 91 թվականի արտադրանքի վրեժխնդրության մոտեցումն է, որ իր պատկերացմամբ ամեն կերպ ուզում է ցավեցնել ինձ»,- ասաց նա։

Ղուկասյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ «Հանրային ձայն» տաքսի-ծառայության գոյության մասին մոռացել էր, քանի որ նրան տաքսին այդքան էլ չի հետաքրքրել․ «Ես այնտեղից եկամուտ չեմ ունեցել, որ իմանամ՝ աշխատում է, թե ոչ։ Համոզված եմ, որ դա չպետք է աշխատի որովհետև ամբողջ տեխնիկան հավաքել, տարել են։ Ու քանի դեռ երկիրն այս վիճակի մեջ է, քանի դեռ Արգիշտ կա, ու իր պատկերացմամբ, ինձ դրանով կցավեցնի, հեռախոս, տեխնիկա, նոթբուք չի էլ վերադարձվելու»,-եզրափակեց նա։