Համալսարանի նիկոլական «թափանցիկությունը»․ Հովհաննես Հովհաննիսյանը վախենում է լրագրողներից
copy image url

Համալսարանի նիկոլական «թափանցիկությունը»․ Հովհաննես Հովհաննիսյանը վախենում է լրագրողներից

Ներքին 2 տարի առաջ - 17:12 14-06-2022
Հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի է ունենալու ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Լրատվամիջոցների համար տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ վարչապետը, ՀՀ ԿԳՄՍ նախարարը, բարձրաստիճան այլ հյուրեր ՀՀ Կառավարությունից, պետական այրեր, դեսպաններ, Հայաստանի և արտերկրի անվանի գիտնականներ, մշակութային գործիչներ, ուսանողներ և հրավիրյալ այլ անձինք։

Միջոցառումը լուսաբանելու համար լրատվամիջոցներին առաջարկվում էր հավատարմագրվել։ Oragir.news-ը կապ հաստատեց ԵՊՀ մամուլի խոսնակ, հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Ազնիվ Գրիգորյանի հետ, որպեսզի միջոցառումը լուսաբանելու նպատակով լրագրողի և օպերատորի հավատարմագրի։ Մեզ տեղեկացրին, որ հավատարմագրումը պետք է հաստատվի մեկ օրվա ընթացքում և հաստատվելու դեպքում մինչև հունիսի 14-ը՝ ժամը 12։00-ը, մեր տրամադրած էլեկտրոնային հասցեով մեզ այդ մասին կտեղեկացնեն։

Մեզ համար զարմանալի էր, որ հավատարմագրումը պետք է հաստատվի, որովհետև մինչ այս նման նախադեպ չի եղել, երբ որևէ միջոցառում լուսաբանելու համար հավատարմագրումը հաստատում կամ մերժում են, բայց մեզ վստահեցրին, որ թերևս ոչ մի խնդիր չի կարող լինել, ու ամենայն հավանականությամբ հավատարմագրումը կհաստատվի։ Այդուհանդերձ, այսօր մինչև նախանշված ժամը մենք այդպես էլ որևէ հաղորդագրություն չստացանք մեր հավատարմագրումը հաստատելու վերաբերյալ, մեզ համար անհասկանալի մնաց նաև, թե հավատարմագրումը ով պետք է հաստատի, ինչ սկզբունքով են ընտրվել լրատվամիջոցները, որոնք իրավունք են ստանալու լուսաբանել միջոցառումը։

Մենք այսօր նորից փորձեցինք կապ հաստատել Ազնիվ Գրիգորյանի հետ՝ հավատարմագրման հաստատման առանձնահատկությունները ճշտելու համար, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ մնացին անպատասխան։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ որևէ տեղ չի ասվում, որ հավատարմագրումը կարող է հաստատվել, ամեն դեպքում՝ չհաստատելու հիմք պետք է լինի։ «Այդ հավատարմագրողները, կարծում եմ, չունեն այն հաստատված կարգը, որով գործընթացը իրականացնում են։ Առհասարակ ժամանակակից մոտեցումներն այնպես են, որ հավատարմագրման գործընթացը զուտ ֆորմալ պետք է լինի, և այն լրատվամիջոցը, որ ուզում է լուսաբանել տվյալ միջոցոռումը, պետք է հնարավորություն ունենա լուսաբանելու։

Ընդ որում՝ մի շարք զարգացած ժողովրդավարական երկրներում դա օնլայն է կատարվում, այսինքն՝ բացվում է մի հարթակ, որտեղ այն լրատվամիջոցները, որ ցանկություն ունեն լուսաբանելու միջոցառումը, իրենց անվանումը և լրագրողների անունները նշում են, ու դրանով եզրափակում է։ Ես կարծում եմ՝ այն, ինչ կիրառվել է համալսարանում, ավելորդ բյուրոկրատական գործընթացներ են, էլ չեմ ասում, որ տարածքը, որտեղ տեղի էր ունենալու միջոցառումը, բավական մեծ է, և ցանկացած լրագրող կարող է մասնակցել և լուսաբանել միջոցառումը։ Անհիմն սահմանափակման փորձ է կատարվում, որը պետք է վերացնել»։

Նա նաև ընդգծեց, որ երբ պարզ լինի, թե որ լրատվամիջոցներն են հնարավորություն ստացել լուսաբանել միջոցառումը, պարզ կլինի, թե եղե՞լ է խտրական մոտեցում, թե՞ չի եղել, բայց գործընթացն արդեն չափից ավելի բյուրոկրատացված է։

«Համալասրանը հանրային վայր է, և չի կարելի կիրառել այն մոտեցումները, որոնք պետական կառավարման մարմիններում կիրառվում են։ Եթե հավատարմագրում են իրականացնում, ապա այդ կարգը պետք է հրապարակված լինի, և մարդիկ պետք է իմանան, թե ինչպիսին են խաղի կանոնները»։

Նշենք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ ԵՊՀ ռեկտոր նշանակվելուց հետո կտրուկ փոխվել է համալսարանի վերաբերմունքը լրատվամիջոցների և նրանց հետ աշխատանքի նկատմամբ։ Եթե մինչև նրա ռեկտոր նշանակվելը համալսարանի Հոգաբարձուների խորհրդի բոլոր նիստերը բաց էին անցկացվում, կամ այդ նիստերն ամբողջությամբ տեսանկարահանվում ու տեղադրվում էին համալսարանի կայքում, ապա հիմա նման բան չկա։ Համալսարանի նոր ղեկավարությունը պարզապես չի կատարում հանրային հաշվետվողականության վերաբերյալ իր կանոնադրական պարտականությունները։