Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:31 13-06-2022

Նոր փորձության սպառնալիք կա

Իր մերժումը հնազանդ ու առանց որևէ դիմադրության ընդունած Սերժը օրերս դիմադրության ու անհնազանդության շարժման առաջնորդ «նշանակեց» խրոխտ ու խարիզմատիկ դաշնակցական ընկեր Իշխանին։ Անշուշտ, բոլորն են հասկանում, որ ո՛չ ընկեր Իշխանը, ո՛չ էլ Դաշնակցությունը մերժվածի ու այլ որևէ մեկի նշանակման և նրանց մեղքերը, սխալները, թերացումները, պարտությունները սեփական հաշվին գրանցելու, այլոց պարտամուրհակն իր գրպանում գտնելու ոչ մի ցանկություն, որևէ պատճառ չունի։ Եվ ընդհանրապես, բոլոր դաշնակցականները, քաղաքականության գոնե այբուբենը իմացող ամեն ոք շատ լավ գիտի, որ այն ժամանակներում, երբ հայ քաղաքական միտքը ոչինչ չգիտեր Դաշնակցության գոյության մասին, քաղաքական դաշտում կատարվող ամեն ինչի մեղավոր էին նշանակվում բնության տակավին անհայտ ուժերը։

Դժվար չէ տեսնել, որ շախմատի ֆեդերեցիայի նախկին ու ներկա նախագահը և կուսակցապետը այս «ձիով փակ քայլը» կատարեց իր առաջնորդած ՀՀԿ-ի լիդերը դարձրած ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ու «Հայրենիք» կուսակցության ներկա նախագահ Վանեցյանի տևական բացակայության ու պասիվության, ներկա-նախկին բոցաշունչ ՀՀԿ-ական ճարտարախոս ու արտաքին գրգռիչ Աշոտյանի խիստ ակտիվ մանիպուլյացիաների, դրածո ռեժիմի անքողարկելի հոգեվարքի և հերթական արտահերթ ընտրություններ բստրելու համապատկերին։ Իսկ սա նշանակում է, որ մերժված Սերժը իրեն մերժածին գոյատևելու և բռնակալական ռեժիմը ևս մեկ անգամ վերակենդանացնելու նոր շանս է ապահովում։ Այլապես կստացվի, որ ամեն ինչ իզուր է արվել. չէ՞ որ նա չի կարողանում ավարտին հասցնել այն ծրագիրը, ինչի համար նշանակվել ու տեղադրվել է բրիտանական պարտիայի խաղատախտակին։

Օտարածին ռեժիմին ընդդիմադիր դաշտի այս ճամբարից ցուցաբերվող ծրագրային և միայն մասամբ ու միշտ անհաջող քողարկվող աջակցության մասին ժամանակն է մի փոքր ավելին ասել։ Միշտ է եղել զգացողությունը, որ աշոտյանները ու տարատեսակ գոնսալեսները ընդդիմադիր շարժմանը խառնվում կամ միջամտում են, ճարտասանական իրենց անեզր «տաղանդը» գործադրում են այն պահերին, երբ իրենց մերժողին անխուսափելի մերժում է սպառնում, իրենց իսկ որոշիչ ու ակտիվ աջակցությամբ և աճապարանքով իրենց մերժողին փոխանցած իշխանությանը որևէ լուրջ բան է խոչընդոտում։ Նման իրավիճակներում աշոտյանների գլխավոր խնդիրը օրվա վարչապետի ու առկա ռեժիմի նկատմամբ զզվանքը, արհամարհանքը, ատելությունը վերահասցեագրելն է։

Մարդկանց ընկալումները, գնահատականները, նախընտրանքները առավել հաճախ համեմատական են և որպես կանոն` զգացական ու չգիտակցված։ Հենց այս հաշվարկով էլ գործող ռեժիմը ծնած ու սնած նախկին իշխանությունը` անգամ որպես ընդդիմություն, կարողանում է իր վրա սևեռել իշխանությունից ժողովրդի մշտական դժգոհության բոլոր սլաքները։ Դրա համար բավական է, որ դավաճանի ամեն դժգոհություն առաջացնող ելույթից հետո լինի որևէ աշոտյանի արձագանք։ Եվ լսածը ճիշտ հասկանալու ընդունակությունից զերծ, տեսածը համարժեք ընկալելու կարողությունից զուրկ մշտական մեծամասնությունը կատարում է իր հերթական սխալ համեմատությունը ու շարունակում է սիրել իրեն հարյուր հազար անգամ խաբած, իր ունեցածն ու չունեցածը թուրքին հանձնած ներկա կապիտուլյանտին ու շարունակում է ատել նախկին մերժվածներին։

Ինքնին հասկանալի է, թե ինչ վտանգներ ու նորանոր արհավիրքներ կարող են սպառնալ մեր պետականությանն ու ժողովրդին, եթե այսպիսի իրավիճակում ու քաղաքական դաշտում առկա այս հարաբերությունների պայմաններում օտարները ու մեր ոխերիմ բարեկամները դարձյալ կարողանան արտահերթ ընտրություններ բեմադրել իրենց մշակած սցենարով։ Վերջին ավելի քան չորս տարիներին տեղի ունեցած բոլոր սցենարավորված ընտրություններին մասնակցածները հասկացե՞լ են արդյոք, թե ում են պարտվել, ինչու և ինչպես են դեմագոգն ու պոպուլիստը քվեներ ստացել։ Եվ արդյո՞ք գիտակցված է, թե ինչու պետք չէ ժողովրդին տանել նոր փորձության։

Երբ հերթական արտահերթ ընտրությունների հավանականությունը առավել առարկայական դառնա, այս հարցերի հանգամանալի պատախաններն անհրաժեշտ կդառնան։ Իսկ մինչ այդ հիշենք շեքսպիրյան նախազգուշացումը. «Որքան գալիքներ կան ժամանակի արգանդում, Հորա՜ցիո, որ փիլիսոփայությունդ չի էլ երազել»։