Ներքին 4 տարի առաջ - 16:13 13-06-2022

Սև ցուցակ ու գերեվարված «Բոինգ»․ «սիրուն աղջիկը» հեռանում է

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, որին Էդմոն Մարուքյանը կնքել էր «սիրուն աղջիկ» մականունով, այսօր հայտնել է իր հրաժարականի մասին։ Ռևազյանը ՔԱԿ նախագահի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականի հուլիսի 10-ին, այսինքն՝ նա քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում պաշտոնավարել է գրեթե 4 տարի։ Այս 4 տարիների ընթացքում Ռևազյանի անունը պարբերաբար հայտնվել է մամուլում՝ հիմնականում քաղավիացիայի ոլորտում հերթական ձախողումներից հետո։

Ռևազյանը, սակայն, իր կառավարման 4 տարիները շատ արդյունավետ է գնահատել, նա իր հրաժարականի գրառման մեջ նշել է․ «Երբ 2018 թվականին ես միացա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, գլխավոր նպատակս էր Հայաստանը դարձնել ներդրողների համար գրավիչ ուղղության: Քովիդ 19-ի ի հայտ չգալու պարագայում ուղևորահոսքերի ակնկալվող աճի տեմպերը ՀՀ-ն կդասեին աշխարհում աճի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրների ցանկում։ Միևնույն ժամանակ ես ցանկանում էի, որպեսզի Հայաստանը ունենա մրցունակ և անվտանգ ազգային փոխադրող, և Ֆլայ Առնայի մեկնարկի հայտարարությունը կարևոր քայլ էր այդ իմաստով: Էյր Արաբիա Գրուպի կողմից իրականացված ներդրումը մեզ բերեց աշխարհի ամենաանվտանգ և ամենամրցունակ ավիաընկերություններից մեկի knowhow-ն: Այսպիսով, ես հասա այն նպատակներին, որոնք դրել էի իմ առջև 2018 թվականին, բայց, ինչևիցե, այսուհետ ևս ես պատրաստ եմ ամեն կերպ աջակցելու հայկական ավիացիայի լուսավոր ապագային հասնելու գործին»,- գրել է Ռևազյանը։

Ստորև ներկայացնում ենք Ռևազյանի «ձեռքբերումները» այս 4 տարիների ընթացքում։ Հայաստանը իր պատմության մեջ առաջին անգամ հենց Տաթևիկ Ռևազյանի օրոք հայտնվեց ԵՄ «սև ցուցակում»։ 2020 թվականի հունիսին ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, հայտնեց ԵՄ ավիացիոն թարմացված «սեւ ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել էր նաեւ Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով: Սա շատ մեծ ձախողում էր Հայաստանի ավիացիոն իշխանությունների համար: Եվրամիության օդային տարածքում թռիչքներ իրականացնելու համար երրորդ երկրների ավիաընկերությունները պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտներին: Այդ նպատակով Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ն, ուսումնասիրություն է իրականացնում հայտ ներկայացրած ավիաընկերություններում, եւ ըստ այդմ՝ ընդունվում կամ արգելվում է («սեւ ցուցակ» են ներառվում) դրանց մուտքը ԵՄ երկինք: «Սեւ ցուցակը», որը պաշտոնապես կոչվում է «EU Air Safety List» կամ ԵՄ ավիացիոն անվտանգության ցուցակ, բաղկացած է 2 հավելվածից: «A» հավելվածում այն ավիաընկերություններն են, որոնց գործունեությունը ԵՄ երկնքում ամբողջությամբ արգելված է, իսկ «B»-ում՝ նրանք, որոնց կոնկրետ օդանավերի մուտքն է արգելված: Հայաստանը Ռևազյանի օրոք ընդգրկվեց «A» հավելվածում, այսինքն՝ արգելվեց հայկական բոլոր ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: Նշենք, որ սրա թե՛ թիվ 1 պատասխանատուն և թե՛ թիվ 1 մեղավորը հենց Քաղավիացիայի կոմիտեն էր՝ Ռևազյանի գլխավորությամբ։

Ռևազյանի պաշտոնավարման ընթացքում հաջորդ մեծ սկանդալը հայկական «Բոինգի» անհետացումն էր։ Իրանի «Մեհրաբադ» օդանավակայանում հայտնված «Բոինգ B737-300» օդանավը, որը պատկանում էր «Ֆլայ Արմենիա էյրվեյզ» ավիաընկերությանը, Հայաստան վերադարձվեց շուրջ 4 ամիս անց։ 2021 թվականի փետրվարի 20-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերության Boeing տիպի օդանավը Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել։ Օդանավը Երևանի Զվարթնոց օդանավակայան էր վերադարձվել միայն ապրիլի 23-ին։ Այդ ամիսների ընթացքում նախ հայտնի չէր, թե ուր է օդանավը, ապա հայտնի չէր, թե ինչ վիճակում է այն, արդյո՞ք ամբողջական է, թե՞ ոչ, և հայտնի չէր, թե երբ և ինչպես պետք է վերադարձվի, իսկ Քաղավիացիայի կոմիտեն օդանավի կորուստը ամբողջությամբ բարդում էր ավիաընկերության վրա։

Ռևազյանի հաջորդ «կարևոր ձեռբերումը» սուրճի սեղանի շուրջ Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ «ուղղակի ծանոթանալն էր»՝ սկիզբ դնելով հայ-ադրբեջանական բարեկամական հարաբերություններին: 44-օրյա պատերազմից հետո հայկական երկինքը բացվեց ադրբեջանական ավիաընկերությունների համար. 2021 թվականի հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան թռիչքների համար:

Ռևազյանի պաշտոնավարման ընթացքում մամուլը գրեց նաև նրա աշխատանքային առօրյայի մասին։ Ոլորտի մասնագիտական խնդիրներից բացի, սակայն, կառույցի աշխատակիցները, ըստ մամուլի հրապարակումների, պարբերաբար շոկի են ենթարկվում նաև վերջինիս՝ «կարծրատիպեր կոտրող» պահվածքի պատճառով. մասնավորապես, թե ինչպես է աշխատանքի գնում նորածին երեխայի, երեխայի խնամակալի և ամուսնու հետ, օրեր և գիշերներ ընտանիքով ապրում կոմիտեի շենքում, հանդիպումների ժամանակ բոլորի աչքի առաջ կերակրում նորածին երեխային և այլն:

Քանի որ լրագրողները «միայն վատը տեսնելու» անուղղելի սովորություն ունեն, ավիացիայի ոլորտի մասնագետ Նավիկ Խաչատրյանին հարցրինք, թե ինչպես է գնահատում Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարումը։ Ավիացիոն փորձագետը պատասխանեց․ «Ոչ մի լավ բան չեմ կարող ասել, ես լավ բան չեմ տեսել։ Մենք «Արմ Էիր» նախձեռնությամբ դիմեցինք իրեն, ծրագիր ունեինք, սակայն մերժում ստացանք։ Ես ոչ մի լավ բան չեմ կարող նշել։ Եկավ, մեր երկրի բյուջեի հաշվին անիմաստ գործուղումների գնաց Հորդանան, Կուբա, Տորոնտո, Չինաստան, որոնց հետ մենք որևէ կապ չունենք»։

Հարցրինք՝ իր կարծիքով՝ ով կլինի կոմիտեի հաջորդ նախագահը, Խաչատրյանը ծիծաղելով պատասխանեց․ «Ես, եթե ինձ առաջարկեն»։

Ամենից շատ դիտված