copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:13 11-06-2022

Իշխանությունների հետողորմյան․ ափսոս էր ՍԴ-ն, ափսոս էին իրավաբանները


Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանությունը մանկամսուրային մակարդակի անլրջությամբ է վերաբերում պետության կառավարմանը, իրավական անվտանգությանը եւ կայունությանը։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ոչնչի երաշխիք կա, այսօր կարող են որոշում կայացնել շնչելու համար 100 հազար հարկ սահմանել, մի քանի բողոքող ստատուսից հետո զեղչել հարկի չափը՝ հասցնելով 10 հազարի։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դրամը կայծակնային արագությամբ եւ խիստ տարօրինակ ձեւով արժեւորվում է, բայց ամեն ինչ թանկանում է, ու դեռ հայտնի չէ՝ ինչքան կնվազի արտարժույթը, ինչպես, ինչի հետեւանքով եւ ինչ դրական կամ բացասական կողմեր այն ունի։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դեռ ուժի մեջ չմտած Քրեական օրենսգրքում բազում փոփոխություններ են արվել եւ արվում, թերեւս չարժե ակնկալել, որ որեւէ մեկը հոդաբաշխ մեկնաբանություններ կտա, գոնե հուսանք՝ կիրառողները հասցրել են ծանոթանալ։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխող քաղաքական մեծամասնությունը «կռիվ-դավով» 2021թ ապաքրեականացրեց անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը, այսպես ասած՝ «ծանր վիրավորանքը», սահմանվեց պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև 3 ամիս ժամկետով, իսկ այսօր հետողորմյա է անում։

Ավելին՝ բոլորովին վերջերս գլխավոր դատախազությունն էլ շտապեց հայտնել, որ ծանր վիրավորանքի հոդվածով անցած 9 ամսում 802 քրեական գործ է հարուցվել։ Արդեն դատարան է ուղարկվել 48 գործ, քրեական գործերից ընդամենը 2-ի դեպքում է առերևույթ ծանր վիրավորանքը հասցրել լրագրողը, 38-ի դեպքում՝ քաղաքական գործիչները, 762-ի դեպքում՝ այլոք: Դատախազությունն, այս վիճակագրությունը ներկայացնելով, հավաստիացնում էր, թե օրենքն ու հարուցված քրեական գործերը մամուլի ազատության կամ քաղաքական գործիչների դեմ չեն։ Մինչդեռ ծանր վիրավորանքի քրեականացման նախագծի շրջանառումից, փոփոխությունից մինչեւ կիրառում տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունը չէր դադարում։ Նրանք կոչ էին անում օր առաջ չեղարկել օրենքը՝ շեշտելով, որ ծանր վիրավորանքի քրեականացումը վնաս է հասցնում խոսքի և կարծիքի ազատությանը, սա հետընթաց է ժողովրդավարական արժեքներից։ Բայց իշխանությունը անդրդվելի էր։ Հոդվածի սահմանադրականությունը վիճարկել էր անգամ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, բայց դատարանում արդեն գործող պաշտպան Քրիստինե Գրիգորյանի աշխատակազմն է հիմնավորել վիճահարույց հոդվածի հակասահմանադրականությունը։ Այնինչ ամիսներ առաջ Գրիգորյանը, որ դեռ արդարադատության փոխնախարարն էր, հիմնավոր էր համարել այս օրենքը։ Օրենքը հիմնավոր էին համարել նաեւ իշխանական թեւի բազմաթիվ իրավաբան պատգամավորներ․․․։ Ինչեւէ, անգամ Սահմանադրական դատարանն համապատասխանող ճանաչեց տեղական և միջազգային փորձագետների կողմից խիստ քննադատության արժանացած «ծանր վիրավորանքի» հոդվածը, կային հատուկ կարծիքներ, որոնք, սակայն, այդպես էլ չէին հրապարակվել։ Իսկ այսօր արդեն Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ավետել է․ «Վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում. այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3.000.000 դրամի չափով»։ Այսինքն՝ օրենքները գրվում եւ փոփոխվում են ըստ քաղաքական նպատակահարմարության, պետք էր այդ ժամանակ «ծանր վիրավորանքի» հոդվածով մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել, հոգ չէ, ընդունեցին օրենքը՝ անտեսելով բոլոր կոչերը, հորդորները, դժգոհությունները, միջազգային ստանձնած պարտավորությունները, վավերացրած կոնվենցիաները․․․։ Իշխանական պատգամավորները, իշխանահաճո իրավաբանները շապիկ պատռելով պաշտպանում էին խնդրահարույց նախագիծը, ընդհուպ՝ Սահմանադրական դատարանը չհամարձակվեց օրենքը հակասահմանադրական ճանաչել, ափսոս էին նրանք, որ հանուն իշխանության րոպեական շահի հերթական անգամ կորցրեցին իրենց մասնագիտական արժանապատվությունը։

Պարզ է չէ՞ իշխանությունը հետողորմյան իր կամքով չի անում, թերեւս միջազգային ճնշումներին է տեղի տվել՝ ինչ-որ բանի դիմաց ինչ-որ բան զիջելով։ Հարց է առաջանում՝ եթե այդքան վստահ եւ անշեղ էիք ձեր ժողովրդավարության բաստիոն կառուցելու ճանապարհից, ինչու հետ կանգնեցիք այս փոփոխությունից։ Կամ ստացվում է, որ մեր պետությունում ինչ օրենք ցանկանաք կընդունեք, քանի դեռ «եվրոպաներից» մատ թափ չե՞ն տվել։ Ո՞վ է փոխհատուցելու «բառադի» կառավարման եւ գրել-ջնջելով ընդունված որոշումների արդյունքում, կոնկրետ այս դեպքում «ծանր վիրավորանքի» հոդվածով մեղադրվողներին պատճառած վնասների եւ անհարմարությունների համար։ Վերջիվերջո, ինչքան կարելի էր երկրի իրավական անվտանգությունը, օրենսդրական համակարգը հարմարեցնել քաղաքական նեղ, անձնական, իշխանական շահերից ելնելով, օրենքները դարձնելով կոստյումներ ՔՊ-ի հագով։