Ուղիղ եթեր
Վարուժանը ափսոս է...
copy image url

Վարուժանը ափսոս է...

Մշակույթ Միտք 2 տարի առաջ - 21:11 22-06-2022
«Ճանապարհին Սարոյանին ասինք՝ ի՞նչ կլինի, եթե Վարուժանը վերականգնի Մինասի վառված նկարները։

- Վարուժանը ափսոս է, ան իրենը պետք է ընե,- ասաց Վարպետը»։

Հուշը Հրանտ Մաթևոսյանինն է։

Հետաքրքիր է, որ Սարոյանը` այդ Մեծը, միանգամից ճանաչել, հասկացել, գնահատել էր տաղանդավորին ու նաև ափսոսել։

ԱՓՍՈՍԱԼ... այն, ինչը մենք չարեցինք ու չենք անում մինչև հիմա։

Կենդանության օրոք Վարուժան Վարդանյանին չափսոսացինք ու մի կարգին չգնահատեցինք, որովհետև նա մեզ վստահ ու ուժեղ էր թվում... Իսկ վստահ ու ուժեղին ո՞վ է ափսոսում։

Իրականում նա ոչ վստահ էր, ոչ էլ ուժեղ։ Դա պաշտպանական շիրմա էր, որի հետևում թաքնվում էր հոլիվուդյան դերասանի արտաքինով, բայց պոետական նուրբ, փխրուն ու շատ խոցելի հոգով նկարիչը։

«Ես ծնվել եմ 1948-ի արանքում տնակ-ապարանքում, ուր ստվերներ կային: Գյուղ, ուր սևանում էր ղոնղոշը, ու խոր ձորերի մեջ ապրում քարադոդոշը: Մայրս ինձ տվեց Վարուժան անունս, հայրս՝ ազգանունս` Վարդանյան, հայրս խելք տվեց, մայրս` խենթություն, հայրս ինձ տվեց գեղեցիկ ատամներ, մայրս` ատամնացավ: Ու երկուսով` բարձր հասակս, կարծր մարմինս: Այդպես ապրեցի ես ու ապրեցի բարի, հետաքրքիր այնպես, ուղիղ 18 տարի, մինչև որ հասա ձեզ»,- գեղանկարիչն այսպես թեթև, պարզ ու առանց պաթոսի ու ծեքծեքուն մտքերի իր ինքնակենսագրությունն է գրել:

Գեղեցիկ արտաքինով, վառ հագուկապով, հախուռն ու համարձակ, միշտ սեփական կարծիք ունեցող, մի քիչ մեծամիտ, մի քիչ ինքնասիրահարված ու անչափ տաղանդավոր այս նկարիչն առանձնանում էր բոլորից։ Նրան անհնար էր չնկատել։ Փողոցում տեսնելիս անհնար էր չշրջվել ու հետևից չնայել։

Վարուժանը նկարչի՝ իմ սիրելի ու նախընտրելի տեսակն է։ Նրա հետ ծանոթացել եմ 2004 թ. սեպտեմբերին, երբ գնացել էի հարցազրույցի: Սբ. Սարգիս եկեղեցու կողքի շենքի իններորդ հարկի արվեստանոցը բոհեմական կյանքի դրոշմներով էր։ Այնտեղ մաքուր աթոռ գտնելն անհնար էր, սակայն մաքրության բացակայությունը վայրկյանական զրոյանում էր, երբ սկսում էր խոսել Վարուժան Վարդանյանը։ Գեղեցիկ, գրավիչ խոսքով, արվեստի ու գրականության լավ իմացությամբ այս նկարիչը հիացնում էր ոչ միայն կտավներով, այլ նաև իր բանաստեղծություններով, պատմվածքներով, էսսեներով ու արվեստաբանական հոդվածներով։

Վարուժան Վարդանյանի նկարները ցուցադրվել են բազմաթիվ երկրներում, տեղ գտել արտասահմանյան պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում:

Սակայն կյանքի այն հատվածում, երբ պետք էր վայելել փառքը, հաջողությունը, մեծարումներն ու գնահատականները, նկարիչը գրել է. «Այսօր ես հոգնել եմ. հոգնել, խոշտանգվածի ու մահվան զգացողությամբ համակվածի կատաղի տաղանդավոր արարվածքներից: Մեռնենք, թե ապրենք, մեկ է. մեր ապրած կյանքն այնքան մոտ է մահվանը, որ նրանց միջև եղած սահմանը դժվար է զատել, ուղղակի Աստծուն պիտի փառք տանք, եթե չխելագարվենք»:

Սա այն դեպքն է, երբ մարդը կանխազգում ու նախապես գրում է իր կենսագրությունը։ Վարուժան Վարդանյանը, «Աստծուն փառք տալով», չկարողացավ շրջանցել խելագարությունը, սթրեսը, մելամաղձությունը, հոգեբուժարանը ...



Վերջին տարիներին նա առանձնացած էր ու միայնակ... Մահվան դեմ պայքարում էր նկարելով. «Պատահական չէ, որ այն պահին, երբ ես կարող եմ մեռնել, ես նկարում եմ, չնայած վաղուց արդեն ինձ թվում է, թե այլևս չեմ ուզում նկարել, սակայն ես մահը փոխանակում եմ նկարված կտավի հետ»:

Մահվանը նախորդող շրջանում Վարուժան Վարդանյանը ծաղիկներ էր նկարում եւ վստահեցնում էր, որ դրանք իր հույզերն ու մտորումներն են, որ դրանք ազատագրում են իրեն խոհերից ու տառապանքներից։

Մահվան ու տառապանքի դեմ նրա պայքարն ավարտվեց 2010 թվականին:



Հաղթեց մահը, միայնությունը, տառապանքը. «Նկարիչները կենդանության օրոք միայնության մատնված ու զրկված են սովորական քնքշանքից, որը նրանց մահից փրկելու միակ միջոցն է»,- ասում է Վարուժանը, բայց միևնույն ժամանակ ավելացնում. «Ես մարդու չպարտվող տեսակ եմ, կամ անընդհատ պարտվում եմ․ տեղյակ չեմ։ Ինձնից փխրուն ու նյարդային մարդու չեմ հանդիպել։ Պարտվելու համար պիտանի չեմ. իմ ստեղծած կերպարներն էլ այդպիսն են։ Երբեք ինձ ուժեղ չեմ համարել։ Բայց իմ ապրած կյանքը ուժեղի կյանք է։ Ուրիշ մեկի համար դժվար կլիներ։ Ամենադժվարին պահերին իսկ, նույնիսկ երբ ես լուրջ նյարդային հյուծվածություն եմ տարել, շրջապատի վրա թողել եմ վստահ ու ուժեղ մարդու տպավորություն»։

Այսօր Վարուժան Վարդանյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 74 տարեկան։

Ամենից շատ դիտված

22:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. «Գեներալ Ռուդիկ Բակինսկի», կամ ես եմ Ռուդիկը
15:02 Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունեմ, եկեք, այս ամբիոնից ասեք` ժողովո՛ւրդ, ես հեռանում եմ
17:10 42 չամուսնացած տղա ունեն․ դատարկվող գյուղը՝ Կաճաճկուտ 
14:35 Մսով ճաշի մասնագետ, հարցս ձեզ եմ ուղղում. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
16:25 Ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք շրջազգեստով գնալ Գյումրի, ՔՊ-ն կսանձի ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը
23:35 Մահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը
19:55 Բնակարան ՌԴ-ում, հողամաս, 5 մլն անկանխիկ, 21 մլն եկամուտ․ Գեղարքունիքի մարզպետի ունեցվածքը
22:15 9 անշարժ գույք, մեքենա, 2․5 մլն դրամ, 4 մլն ռուբլի, 10 հազար դոլար կանխիկ, 7 մլն եկամուտ․ Մարտունու համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը
14:17 Վարդան Ղուկասյանն ընտրվեց նաև ՔՊ-ի շնորհիվ․ Պետրոս Ղազարյան
19:39 Հայաստանից ՔՊ-ին վռնդելու գործընթացը պետք է շարունակական լինի. Գառնիկ Դանիելյան