copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 21:01 10-06-2022

Նապոլեոն III-ը մտրակով հարվածում է, երբ տեսնում է Կուրբեի «Լողացող կանայք» նկարը

«Ստեղծել կենդանի արվեստ. սա է իմ նպատակը»,- ասում էր 19-րդ դարի ֆրանսիական ռեալիզմի հիմնադիրներից Գյուստավ Կուրբեն։ Նա երբեք և ոչ մի դեպքում չի պատկերել երևակայական կամ անիրական կերպարներ ու երևույթներ: Ասում են՝ նույնիսկ մի անգամ Կուրբեին պատվիրել են նկարել եկեղեցու որմնանկարների հրեշտակներին: Կուրբեն պատասխանել է. «Ես երբեք հրեշտակ չեմ տեսել, ցույց տվեք՝ անպայման կնկարեմ»:

Կուրբեն նկարում էր միայն այն ինչ տեսնում էր։

Ֆրանսիացի նկարչի յուրաքանչյուր նկար ու ցուցահանդես սկանդալային է եղել ու մեծ աղմուկ բարձրացրել։

1853-ին Փարիզի սալոնում երբ ցուցադրվում է Կուրբեի «Լողացողները» կտավը, Նապոլեոն III-ն այնքան է բարկանում, որ մտրակով հարվածում է։ Նրա զայրույթը մի քանի պատճառ ուներ. նախ, որ նկարիչը պատկերել էր հասարակ, անծագում կանանց, երկրորդ, որ մինչ այդ մերկ նկարում էին միայն դիցաբանական ու աստվածաշնչյան կերպարներին, և երրորդ` բնորդները պատկերված էին միանգամայն ռեալիստորեն։ Այնքան իրական էին, որ դիտողներին դա անպարկեշտ էր թվում։

ԿայսրուհիԵվգենիան, մինչ այս ցուցահանդեսը գալը, դիտել էր Բոնների «Ձիերի տոնավաճառ» նկարը, որտեղ պատկերված էին Պերշերոնյան ցեղատեսակի բեռնակիր ձիեր։ Ու կայսրուհին, երբ սալոնում տեսնում է Կուրբեի «Լողացող կնոջը» զարմացած բղավում է. «Սա նույնպե՞ս պերշերոնկա է»։

Առավոտյան հասարակությունը գրոհում է Սալոնը` տեսնելու աղմուկ հանած «պերշերոնկային», որին մտրակել էր կայսրը։ Օրական ավելի քան 200 այցելու է ունենում ցուցահանդեսը, որոնք գալիս են միայնԿուրբեի գործը տեսնելու համար։

ԻսկԿուրբեի «Քնածները» կտավը տեսնելուց հետո Ալեքսանդր Դյումա-որդին գրում է. «Ի՞նչ հրեշից կարո՞ղ էր ծնվել այս այլանդակը, ի՞նչ ծածկի տակ, ինչ գինու, գարեջրի, թունավոր թքի և գարշահոտ լորձի խառնուրդով թրիքի մեջ է աճել այս դատարկ ու մազոտ դդումը, այս արգանդը, որը իրեն ձևացնում է տղամարդ և նկարիչ, սա հիմարի և անզորի մարմնավորումն է»։

Ժամանակին այսպես անխնա քննադատված ու մերժված Գյուստավ Կուրբեի աշխատանքներն այսօր զարդարում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարանները:

Ի դեպ, քչերը գիտեն, որ Հայաստանում նույնպես կա Կուրբեի գործերից մեկը: Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվում է «Աղջկա գլխանկարը», իսկ թե ինչպես է այն հայտնվել մեզ մոտ, իր հուշերում պատմում է քանդակագործ Երվանդ Քոչարը:

1930 թ. Փարիզում Երվանդ Քոչարը Սեն Ժերմենի բուլվարի մոտ՝ կանգառում, ավտոբուսի միջից բուկինիստական խանութի ցուցափեղկում տեսնում է մի նկար, որի աչքերն այնպես են գրավում նկարչին, որ նա իջնում է ավտոբուսից ու մտնում խանութ: Սևացած նկարի ստորագրությունը լավ չէր երևում, բայց Քոչարը զգում է, որ վարպետի գործ է: Գնելով նկարը՝ բերում է տուն, մաքրում վրայի մուրը ու տեսնում, որ սքանչելի վարպետությամբ արված այս դիմանկարը ստորագրված է՝ Կուրբե: Այնուհետև նկարի իսկությունը հաստատելու համար գնում է Շառլ Լեժեի մոտ, ով Կուրբեի մեծ գիտակ էր: Լեժեն նկարը հակառակ կողմից ուշադիր զննելուց հետո հաստատում է, որ Կուրբեի գործն է ու բացատրում, որ Կուրբեի նկարների կտավներն առանձնահատուկ են, քանի որ նրա մայրն ու քույրը դրանք պատրաստել են հին սավաններից: Հետո Լեժեն մի անգամ էլ է ստուգում ստորագրությունը, նկարի գրունտը, ֆակտուրան և տալիս գրավոր եզրահանգում. «Նկարը Գուստավ Կուրբեի գործն է, որն ամենայն հավանականությամբ՝ ներկայացնում է Ժորժ Սանդի ռոմաններից մեկի հերոսուհուն»:

Այսօր Գուստավ Կուրբեի ծննդյան օրն է։

Ֆոտոշարք