copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:00 10-06-2022

Կառավարության ներկայացումը բեմադրված էր խաղող ու բանջարեղեն արտադրող վարչապետերին իրենց հոգածությունը ցույց տալու համար

Կառավարության վերջին նիստում հերթական շոու ներկայացումն էր։ Այստեղ որոշակիորեն վերանայվեց նախկին որոշումներից մեկը, ըստ որի՝ 2022թ. հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրվելու են բյուջետային երաշխիքներ խաղողի եւ պտուղ-բանջարեղենի մթերումների համար: Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց մթերումներին վերաբերող, օդից վերցրած ինչ-որ տվյալներ, կնքված պայմանագրեր՝ նշելով, սակայն, որ «դա ապահովելու է ընդհանուր մթերման ընդհանուր ծավալի կեսը»:

Քերոբյանը խաղողի առումով նշեց, որ հուլիսի 1-ը մթերման պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է, և կոչ արեց կնքել դրանք։ «Մեզ հասել են տեղեկություններ, որ գյուղացիները հրաժարվել են մատակարարել այն ապրանքները, որոնք մթերման պայմանագրերով խոստացել էին: Աշխատում ենք այդ ուղղությամբ, որ հասկանանք դրա իսկությունը եւ դրա դրդապատճառները»,- նման անհասկանալի միտք արտահայտեց նա։ Փաշինյանին էլ հետաքրքրեց, թե պայմանագրերը ինչո՞ւ են անհրաժեշտի կեսի չափով։ «Եթե ընդամենը ֆորմալ թղթեր են ստորագրում, որ աջակցությունը ստանան, դա խնդրահարույց է: Ենթադրվում է, որ գյուղացին ուզում է մթերողի հետ պայմանագիր կնքել, մթերողն ասում է՝ իմ վարկի համար ինչքան պետք էր, կնքել եմ, քեզ հետ չեմ կնքում: Այսինքն՝ տեսնում ենք, որ պրոբլեմ է ծագել: Մյուս 50%-ին, որը պայմանագիր չունի, էլի գներ են պարտադրվելու, և մենք էլի խնդիր ենք ունենալու: Մթերողը կարող է ասել՝ ինչքան պետք էր պայմանագիր կնքել, ես կնքել եմ, մնացածի հետ չեմ կնքում, որպեսզի հետո, երբ գա մթերման ժամանակը, գին պարտադրելու հնարավորություն ունենա»: Արմավիրի մարզպետն էլ դրա հետ կապված «պարզաբանեց», որ մթերողները պատրաստվում են մթերել ավելի քիչ, քան անցած տարի, և բազմաթիվ գյուղացիներ դիմում-դժգոհություն են ներկայացրել, որ ունեն ավելի շատ բերք, բայց չեն կարողանում կնքել պայմանագրեր մթերողների հետ:

Վերևում ամբողջ շարադրվածը բացահայտում է Հայաստանի տնտեսության թշվառ ու անմխիթար վիճակը։ Նախ, միանշանակ պարզ է, որ ամբողջ այս քննարկման մասնակիցները՝ առաջին հերթին վարչապետն ու իր նախարարը, հստակ պատկերացում չունեն իրենց իսկ քննարկածի մասին։ Ոչ թե կեղծում են, այլ չեն պատկերացնում, թե ինչի մասին են խոսում։

Վերջին 10-15 տարիներին գյուղմթերքի վերամշակման ոլորտում հստակ գործում է հետևյալ պատկերը․ բոլոր գյուղմթերքների առումով վերամշակող ընկերությունները կախման մեջ են արտադրող գյուղացուց, քանի որ բոլոր տեսակի բանջարեղենների առումով միշտ պահանջարկը եղել է ավելի մեծ, քան գյուղացին կարողացել է առաջարկել։ Մինչդեռ խաղողի առումով եղել է հակառակ պատկերը․ գյուղացին մշտական կախման մեջ է եղել վերամշակողից, բայց ոչ այն բանի համար, որ առաջարկը գերազանցել է պահանջարկին։

Ահավասիկ, 2017թ․-ին հանրապետությունում բանջարանոցային մշակաբույսեր աճեցվել են 28․3 հզ հա-ի վրա, և արտադրվել է 861 հազար տոննա համախառն բերք։ 2018թ․-ից սկսած՝ ցանքատարածությունները յուրաքանչյուր հաջորդ տարում կայունորեն նվազել են և 2021թ․-ին հավասարվել 19․5 հազար հա-ի։ Ստացվել է 619․4 հազար տոննա համախառն բերք՝ ավելի քան 240 հազար տոննայով պակաս։

2017թ․-ին հանրապետությունում արտադրվել է ավելի քան 234 հազար տոննա լոլիկ, 2021թ-ին՝ 154 հազար տոննա՝ 80 հազարով պակաս։ Առաջարկը կայունորեն նվազել է։ Հետևաբար վերամշակողը չէր կարող թելադրողի դիրքերից հանդես գալ։ Մյուս կողմից, մինչև 2014-15թթ․-երը վերամշակողները լոլիկի 1կգ-ի դիմաց վճարում էին 22 դրամ, հետո գնման գինը հասավ 28 դրամի, հիմա՝ 32, մինչև 35-38 դրամ է։ Սա ևս մեկ ու կարևոր ցուցիչ է, որ մշակող ընկերությունների կողմից լոլիկի մեծ պահանջարկ կա, և սրա, բիբարի, սմբուկի ու մյուս բանջարեղեննների դեպքում վերամշակողները խնդրողի դերում են, քանի որ նրանք դրսում ունեն պայմանագրեր, որ չկատարել չեն կարող։ Նույնն են փաստում նաև այս տարիներին թվարկյալների շուկայական գները, որ գրեթե չեն իջնում։ Հետևաբար Կառավարության երեկվա «քննարկումն» այդ մասով ջուր ծեծոցի էր։Այլ հարց է, որ դրա շնորհիվ վերամշակողները Կառավարության համապատասխան ընկերների հետ անհրաժեշտ փաստաթղթերի կեղծումով լուրջ գումարների անտոկոս վարկեր ստանան ու այդ գումարները այլ տեղերում շրջանառության մեջ դնեն։

Այստեղ այլ է խաղողի մթերման խնդիրը։ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը անօդաչու թռչող սարքերի միջոցով գույքագրում է իրականացրել, համաձայն որի՝ հանրապետությունում խաղող է մշակվում պակաս, քան 12 հազար հա-ի վրա։ Մինչդեռ վիճակագրությունը ներկայացնում է 16․5 հազար հա։ Մասնագետների գնահատականներով՝ հանրապետությունում արտադրվում է 150 հազար տոննայի չափով խաղող, որից ավելի քան 25 հազարը՝ սեղանի սորտերի, մինչդեռ պաշտոնական տվյալներով ցույց է տրվում 230-250 (այդ թիվը հասցրել են մինչև 330-ի) հազար տոննա։ Եվ վերջին 20-30 տարիներին այդ կեղծ, չեղած 120-150 հազար տոննայի հաշվով իշխանությունները ինչ խաղեր ասես, որ չեն տվել։ Գործարանների հետ տասնյակ միլիոնավոր դոլարներ՝ որպես անտոկոս վարկ, դուրս են գրել ու կերել։

Փաստացի հանրապետությունում արտադրվում է առավելագույնը 130-140 հազար տոննա գինու և կոնյակի հումք հանդիսացող խաղող։ Որպես կանոն՝ ԵԿԳ-ն մթերում է տարեկան միջինում 30 հազար տոննա։ Ծառուկյանի գործարանը, բացառությամբ անցած տարվա, ևս գրեթե միշտ հայտարարում է 30-35 հազար տոննայի մթերման մասին։ Մոտավորապես այդպիսի թիվ է հրապարակում նաև Պռոշյանը։ Ստացվում է՝ 90-ից 100 հազար տոննա մթերում են 3 գործարան։ ՀՀ-ում գինեգործական-կոնյակագործական ընկերությունների թիվը ավելի քան 50 է։ Մնացածից յուրաքանչյուրին բաժին է ընկնում հազար տոննայից էլ պակաս։ Իրականում բացի ԵԿԳ-ից՝ մնացածի թվերը միանշանակ կեղծ են։

Իշխանությունները այդ մասին շատ լավ գիտեն ու կեղծիքի անմիջական մասնակիցներն են։ Այն հայտնաբերելու երկու շատ պարզ եղանակ կա։ Կա՛մ յուրաքանչյուր գործարանում ստուգում են տարողությունների ծավալները, թե տվյալ ձեռնարկությունը փաստացի քանի տոննա մթերելու հնարավորություն ունի, կա՛մ օրենք են ընդունում, համաձայն որի՝ գործարանը պարտավոր է մթերած խաղողի մնացորդը (փլուշը) մի քանի ամիս պահել հատուկ պայմաններում՝ որպես ապացույց, որ իրոք այդքան խաղող է մթերել։ Այդ դեպքում արդեն ամեն ինչ իր տեղը կընկնի, և բոլոր այդ քննարկումների անհրաժեշտությունը կվերանա։ Ինչը, սակայն, Կառավարությունում ոչ մի կերպ չեն ուզում արած լինել, ինչից հետևում է, որ իշխանությունները, վերամշակող ընկերությունների հետ համատեղ, զբաղված են փողեր լվանալով։ Իսկ Կառավարության երեկվա հերթական ներկայացումը բեմադրված էր ընդամենը խաղող ու բանջարեղեն արտադրող վարչապետերին իրենց հոգածությունը ցույց տալու համար։