Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:17 09-06-2022

Կարո՞ղ եք ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. չեք կարող

Կարո՞ղ եք ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Օրեր շարունակ ընդդիմադիր պատգամավորներն այդ պահանջ-հորդոր-հարցն են ուղղում մեր երկրի նախարարներին, մարզպետներին, իշխանական պատգամավորներին և իշխանություն ներկայացնող ցանկացածին, ում հնարավորություն ունեն հանդիպելու, խոսք ասելու: Դեռ չի գտնվել մեկը՝ վարչապետից մինչև համայնքապետ և նրանց արանքում եղած բոլոր հարցվածները, որ ասի՝ այո՛, Արցախը չի լինելու կամ չեմ տեսնում Ադրբեջանի կազմում:

Սա ազգային ողբերգությո՞ւն է, անկո՞ւմ, թե՞ համընհանուր հիպնոս: Հիմա նման հարց հնչեցնելը հերոսության պես է ընկալվում, իսկ մի երկու տարի առաջ ուղղակի ապուշություն կհամարվեր: Ի՞նչ պատահեց մեզ հետ, պարտվեցի՞նք: Բայց դեռ կա Արցախը և արցախահայությունը: Ադրբեջանն էլ էր պարտվել, բայց 30 տարի նրանցից ոչ մեկը չասաց, որ ընդունում է արցախահայության ինքնորոշման իրավունքը և ճանաչում է Արցախի անկախությունը:

Մենք մեր երակների արյունն ենք տվել, մեր մկաններից քրտինք ենք թափել, մեր հոգուց, սրտից ու էությունից մաս ենք նվիրել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չլինի: Մենք մեր մեջքի սերմն ենք զոհել՝ մեր լավագույն տղաներին, որ Արցախը չզոհաբերվի: Երեք պատերազմներում մեր ապագան ենք կիսել՝ ապագան կրող սերնդին, որ Արցախն ամբողջական ապագա ունենա: Մեր սերն ենք կիսել, որովհետև այդ տղաները չհասցրին սիրել, մեր լույս ենք կիսել, որովհետև եկող օրվա մեջ այդ տղաների լույսն էր պակասում, մեր ուժից ենք կորցրել, լիարժեք չենք փոխանցել ավելի մեծ կամք պահանջող օրերին, որովհետև այդ տղաներից նոր տղաներ չծնվեցին: Մեր հացը մի պատառ քիչ է եղել, մեր հագուստը մի ձեռք պակաս է եղել, մեր զվարճանքը մի տեղ թերի է եղել, որ Արցախն ազատ ու ինքնուրույն մնա:

Սա դավաճանություն չէ, քանի որ ավելի ծանր ու ահավոր մեղք կա՝ ուրացումը: Արցախի հանձնումն ուրացում է որդիների և նրանցից չծնված զավակների: Ուրացում է արյան, քրտինքի, սիրո և էության, հոգու և ապագայի այն կեսի, որ կորցրել ենք, և մնացած մյուս կեսի, որ կորչելու է ուրացած կեսի մեջ: Ուրացում է հացի, հագուստի ու զվարճանքի, որ քիչ, պակաս ու թերի է եղել հանուն լույսի:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան