Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:00 08-06-2022

Թաթոյանի ֆենոմենը․ ի՞նչ անել հաջողված օմբուդսմենից տապալված քաղաքական գործիչ չդառնալու համար

Ինչպես հայտնի է, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը ներկայացրել է «Կովկասյան բարոմետր» 2021թ. հետազոտությունը, որի արդյունքներով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ունի բարձր վարկանիշ քաղաքացիների շրջանում։ Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակահատվածում անցկացված հարցման (2021թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2022թ. փետրվարի 4-ը) արդյունքներով՝ Արման Թաթոյանին վստահում է քաղաքացիների 81%-ը, չեզոք է վերաբերվում (ոչ վստահում, ոչ էլ չի վստահում) 9%, չի վստահում 7%-ը, չգիտի 2%-ը:

Այն, որ Արման Թաթոյանը իսկապես բարձր հեղինակություն է վայելում, չի քննարկվում։ Սակայն հեղինակությունն էլ փողի պես մի կապիտալ է, որի հետ պետք է ճիշտ վարվել՝ պահել, փայփայել, ոչ թե մաշեցնել, վատնել, կորցնել։ Հիմա ո՞րն է Թաթոյանի ֆենոմենը, եւ ի՞նչ պետք է անի նախկին ՄԻՊ-ը իր հեղինակությամբ։ Ընդդիմադիր ուժերի՝ փողոցային պայքար սկսելուց հետո, ինչպես տեսանք, Թաթոյանը չմիացավ նրանց։ Թեև տարատեսակ լուրեր շրջանառվեցին, որ Թաթոյանը կարող է լինել լիդերը, վարչապետի թեկնածուն, բայց այդ լուրերը երկուստեք հերքեցին։ Այս հարցում Թաթոյանը հեռատես գտնվեց, քանի որ, ինչպես երեւում է, ընդդիմադիր ուժերի փողոցային պայքարը մաշվում է, իսկ Թաթոյանը, թաթախվելով այդ պայքարի մեջ, կինքնամաշվեր։ Այսինքն՝ Թաթոյանը, հնարավոր է, գերադասել է չասոցացվել ոչ մի քաղաքական ուժի հետ եւ պայքարի մեջ մտնել մաքուր ձեռքերով։

Իշխանություններից դժգոհ, բայց ընդդիմադիր ուժերին չվստահող բազմաթիվ քաղաքացիների համար Թաթոյանը կարող է լինել նախընտրելի թեկնածու։ Բայց Թաթոյանի գործն էլ այդքան հեշտ չէ, որպես ՄԻՊ՝ իր կատարած ահռելի աշխատանքի շնորհիվ նա վաստակել է հեղինակություն, սակայն խնդիրն ավելի բարդանում է, երբ նրան դիտարկում ենք որպես երկրի առաջնորդ, քաղաքական գործիչ, լիդեր։ Օմբուդսմեն Թաթոյանը եւ պոտենցիալ քաղաքական գործիչ Թաթոյանը խիստ տարբեր կերպարներ են, առաջին կերպարից երկրորդը դառնալու ընթացքը բարդ է, փշոտ, ընդ որում՝ սխալվելու արդյունքում ոչ միայն քաղաքական գործիչ չես դառնա, այլև կկորցնես որպես ՄԻՊ ձեռք բերած հեղինակությունը, ուստի պետք է հաշվի առնել նաեւ ռիսկը․ հաջողված օմբուդսմենը կարող է լինել տապալված քաղաքական գործիչ։

Թաթոյանը, մեր պատկերացմամբ, պետականամետ, ազգային գործչի, օրուգիշեր աշխատող պրոֆեսիոնալ մասնագետի կատարելատիպ է, բայց սա բավարար չէ հասարակության լայն շերտերի սիրուն եւ հավատին արժանանալու համար։ Մեր աչքի առաջ ավելի քան մեկ ամիս առաջ նրա կազմակերպած քննարկումն էր Սարյանի պուրակում, Թաթոյանի ելույթը, ծավալված քաղաքական, հասարակական բանավեճը, բայց այս ամենին ովքե՞ր մասնակից եղան, ովքե՞ր նայեցին, ովքե՞ր անդրադարձան։ Այսինքն՝ մեր պես կիսագրագետ հասարակության պարագայում հանրության մեծամասնության վստահությանը հնարավոր չէ արժանանալ միայն սուպերգրագիտությամբ, սուպերաշխատասիրությամբ, սուպերհայրենասիրությամբ։

Մարդիկ սիրում են իրենց նմանին, ով իրենց հետ խոսում է իրենց լեզվով, իրենց հաճելի բառեր է օգտագործում, դժվար մտքեր չի արտահայտում․ չէ՞ որ մենք բոլորս, առաջին հերթին՝ քաղաքական գործիչները, փչացրել ենք այս հասարակությանը՝ սուտ, կեղծիք, մանիպուլյացիաներ հրամցնելով։ Իհարկե, շատերը կհակադարձեն, թե պետք է կրթել հասարակությանը, բայց սա երկար, տաժանակիր աշխատանք է, այնպես որ առայժմ ունենք այն, ինչ ունենք, հետեւաբար՝ քաղաքական առաջնորդ դառնալու ցանկություն ունեցողները պետք է հաշվի առնեն մերօրյա իրականությունը՝ ինչ հասարակության հետ են շփվելու։

Ուսյալ զանգվածների, երիտասարդ, կիրթ, պրոֆեսիոնալ մասնագետների մոտ Թաթոյանը խնդիր չունի, նա խնդիր ունի հասարակ ժողովրդի հետ շփվելիս։ Իսկ դրա համար առաջին հերթին նախկին ՄԻՊ-ը պետք է դառնա հռետոր, սովորի քաղաքական ելույթներ ունենալ, ինչո՞ւ ոչ՝ մանիպուլյացիաներ անել, խոստումներ տալ, ժողովրդի ականջին հաճելի մտքեր արտահայտել։ Սա սովորելը, իհարկե, բարդ է, մարդը ի վերուստ կա՛մ ունի այս «ձիրքը», կա՛մ չունի, բայց պետք է հաշվի առնել, որ կարելի է լինել հասարակության սերուցք, էլիտա, անչափ պրոֆեսիոնալ եւ հայրենասեր, փոխարենը չկարողանալ գրավել մարդկանց։ Պետք է այնպես անել, որ խոսքը շոյի մարդկանց սրտերը, մտածելու, գործելու պատճառ դառնա։ Ընդդիմության այս պայքարից հետո դա ավելի բարդ կլինի, մարդիկ ավելի դժվար կհավատան որեւէ գործչի եւ դուրս կգան փողոց, բայց անհնարին ոչինչ չկա, երբ կան կամք, ցանկություն, աշխատանք եւ խելք։

Այս ամենը, իհարկե, պետք կլինեն Թաթոյանին, եթե նա որոշի իսկապես օգտակար լինել Հայաստանին եւ քաղաքականությամբ զբաղվել։ Բայց հնարավոր է՝ նախկին ՄԻՊ-ը գերադասի իր անշառ, մասնագիտական կյանքը «կեղտոտ» քաղաքականությունից, հեղինակությունն էլ մաշվի, եւ ամբողջ կյանքում ինքնախարազանվի, որ կարող էր այդ հեղինակությամբ ինչ-որ բան անել Հայաստանի համար, բայց չարեց։ Չէ՞ որ այսօր քիչ թեկնածուներ, լիդերներ կան, որոնք իսկապես վստահություն են վայելում եւ ճիշտ աշխատանքի արդյունքում կարող են դառնալ այլընտրանք այս իշխանություններին։