Երևան +15°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:01 07-06-2022

Երբ Նիկոլին սկսեն ավելի շատ ատել, քան Քոչարյանին, Նիկոլը կհեռանա

Հայաստանը 25 տարի է՝ քաղաքական շրջապտույտի մեջ է, որը մեզ ընկղմել է մի ճահճի մեջ, որից չենք կարողանում դուրս գալ, բայց չենք էլ խորտակվում։ Ճահիճը այն ատելությունն է, որով մենք առաջնորդվում ենք կյանքում որոշումներ կայացնելիս։ Իսկ քաղաքական կյանքում ատելության «սկզբունքը» առավել քան գերակշռող է։

Մենք, 90-ականներից սկսած, ընտրության մանսկացում ու այս կամ այն գործչին ձայն ենք տալիս ինչ-որ մեկին ատելու պատճառով։ Օրինակ՝ 1996-ին մենք փորձեցինք Լևոն Տեր-Պետրոսյանից ազատվել ու Վազգեն Մանուկյանին տեղը բերել ոչ թե նրա համար, որ Վազգենը լավն էր, այլ Լևոնին էինք ատում։ Վազգենը ձախողեց, քանի որ Լևոնը տանկեր դուրս բերեց մարդկանց դեմ, բայց մեկ տարի անց Լևոնն ինքնակամ հեռացավ։ Եկավ Քոչարյանը, որը փորձեց գիծ քաշել նախկինների հանդեպ ատելության վրա, բայց նա էլ իր արած-չարածով իր հանդեպ ատելություն սկսեց սերմանել մարդկանց մեջ։ Եվ երբ 2008-ին նորից Լևոնը վերադարձավ ասպարեզ, որին մենք տասը տարի առաջ ատում էինք, սկսեիցնք նրան «սիրել», քանի որ արդեն ատելության նոր օբյեկտ ունեինք՝ Քոչարյանը։ Լևոնն այս անգամ չհաջողեց, արյունալի իրադարձություններով հեռացավ քաղաքակաան ասպարեզից միառժամանակ ու թույլ տվեց, որ Քոչարյանից հետո ատելության նոր ալիք հասունանա, այս անգամ՝ Սերժ Սարգսյանի հանդեպ։

Ուղիղ տասը տարի անց՝ 2018-ին, ժողովուրդը դուրս ելավ փողոց, որ մերժի Սերժին, ոչ թե փառաբանի Նիկոին, քանի որ Նիկոլին հաջողվել էր մարդկանց գիտակցության մեջ ատելություն ծնել Սերժի հանդեպ։ Մարդիկ, Սերժին ատելով, ազատվեցին նրանից, հետո բերեցին Նիկոլին, որին կարճ ժամանակ անց նորից սկսեցին ատել։ Բայց Նիկոլին չենք կարողանում հեռացնել, որովհետև մարդկանց մի ստվար զանգված էլ մինչ օրս դեռ ատում է Սերժին ու Քոչարյանին։ Հիմա ատելության մրցավազք է տեղի ունենում այս երեքի միջև։ Ու կհաղթի նա, որին ժողովուրդը մի քիչ ավելի քիչ կատի։

Բանաձևը պարզ է՝ երբ Նիկոլին սկսեն ավելի շատ ատել, քան Քոչարյանին, Նիկոլը կեռանա։ Վաղը կարող է նույնիսկ Արման Թաթոյանը գալ իշխանության, որն այսօր ունի 81 տոկոս վստահություն Նիկոլին, Սերժին, Քոչարյանին ատող ժողովրդի կողմից, բայց կարճ ժամանակ անց մենք նրան էլ ենք սկսելու ատել, քանի որ մենք չենք կարող մեր զգացմունքները կառուցել սիրո վրա, մերը ատելությունն է։ Ամեն դեպքում փաստենք, որ Հայաստանի բոլոր ղեկավարներից Նիկոլը միակն է, որի հանդեպ ատելությունն ունի լիարժեք օբյեկտիվ հիմքեր և ավելի քան արդարացված է։