Ուղիղ եթեր
Սուլթանական կառավարության դեմ պայքարող Թերլեմեզյանը
copy image url

Սուլթանական կառավարության դեմ պայքարող Թերլեմեզյանը

Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 20:05 05-06-2022
Փանոս Թերլեմեզյանին բոլորը ճանաչում են որպես նկարիչ։ Սակայն, քչերը գիտեն, որ նա նաև եղել է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման անդամ, ինչի համար հետապնդվել ու 1890 թ. ձերբակալվել է։ Վեց ամիս անց ազատ է արձակվել՝ ապացույցների բացակայության պատճառով։

Գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանը 1891 թվականին դատապարտվել է մահապատժի, սակայն 1893 թվականին նրան հաջողվել է բանտից փախչել Իրան, ապա մեկնել Թիֆլիս։ 1895 թվականին Թերլեմեզյանը Սանկտ-Պետերբուրգում ընդունվել է գեղարվեստի դպրոց և այնտեղ սովորել Խրիմյան Հայրիկի նշանակած թոշակով։

1897 թվականի ամռանը ուսանողական ընկերների հետ ստեղծագործելու նպատակով նկարիչը մեկնել է էստոնիա։ Այնտեղ էլ թուրքական կառավարության պահանջով ձերբակալվել և կալանքն անցկացրել է Ռևալի, այնուհետև Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի, Ռոստովի, Թիֆլիսի, Դիլիջանի ու Երևանի բանտերում։

Փանոս Թերլեմեզյանը հետաքրքիր հուշ ունի գրված Ռևալի բանտում անցկացրած օրերի մասին։ Ռևալը Էստոնիայի մայրաքաղաք Տալիննի հին անվանումն է։ Թերլեմեզյանն իր հուշերում Ռևալը գրում է Ռևել։ Ըստ երևույթին, հիմք ընդունելով արտասանությունը։

Նկարիչը բանտը նկարագրում է ամենայն մանրամասնությամբ.

«Այդ բանտի միջնադարյան շենքը չափազանց ճնշող ու տխուր էր։ Նրա կամերաների պատերը առնվազն մեկ ու կես մետրի չափ հաստ էին։ Պատուհանները թե դրսի և թե ներսի կողմից հաստ երկաթյա վանդակացանցեր ունեին, որոնք կարծես հարամարեցրած էին, որ արդար, բայց իրավազուրկ և հուսահատ բանտարկյալը ինքզինքը կախելու փորձեր աներ։ Պատուհանից քսան քայլ հեռու մի բարձր պատ էր քաշված դրսի աշխարհի և երկնքի հետ բանտարկյալի տեսողական հարաբերությունները արգելակող»։

Փանոս Թերլեմեզյանը բառերով նկարագրելուց բացի բանտի տեսքը նաև պատկերի ձևով հանձնել է թղթին։
Բանտում Փանոս Թերլեմեզյանը տանջվել է ոչ միայն մեկուսացումից, վատ ու դաժան պայմաններից, այլ նաև հոգևոր սննդի պակասից։ Նա իր հուշերում շատ պատկերավոր ներկայացնում է իր վիճակը ու պատմում, թե ինչպես է ստեղծվել իր հայտնի ինքնադիմանկարներից մեկը.

«Ես խորապես տխուր և հոգեպես անհունորեն տանջվում էի` մտածելով` մի՞թե այլևս չպիտի կրնամ շարունակել ուսումս։ Խնդրեցի, որ ինձ գրքեր տան կարդալու։ Միայն Աստվածաշունչ թույլատրեցին կարդալ։ Այդ` հակասություններով լի հրեական պատմության մեջ ամենից ավելի հետաքրքիրը Երգ Երգոցն էր։
Խնդրեցի նույնպես, որ իրեղեններիս մեջ եղած ներկերը ինձ բերեն և թույլատրեն նկարել։ Ներկեր չտվին, ասելով, որ կարող ես ինքդզինքդ թունավորել նրանցով, բայց տվին թուղթ, մատիտ, չինական մելան և գրիչ։ Պահապաններից մեկը ինձ մի կոտրված հայելիի կտոր բերեց, որ ձիու դոշից կախվող հմայիլի մեծություն ուներ։ Ձախ ձեռքով այդ կտորը դես ու դեն տանելով` սկսեցի գլուխս նկարել»։

Վեց ամիս անց Փանոս Թերլեմեզյանին Ռևալից տեղափոխում են Թիֆլիս` լրացուցիչ քննության համար, ապա բանտարկում Մետեխի բանտում։ Ռևալի բանտում անցկացրած վեց ամիսները նկարչի հոգում թողնում են հերթական սպիները, իսկ մեզ` այս տխուր հուշն ու հրաշալի երկու գծանկարները, որոնք այսօր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
19:24 Փաշինյանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբանի տոնի առթիվ