copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:17 04-06-2022

Ակնհայտ է, որ ցուցարարները գնում էին առճակատման․ Արթուր Սաքունց

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Ցուցարարների և ոստիկանների այդ երեկվա պահվածքը մտահոգիչ է այն իմաստով, որ ըստ էության՝ գնացին առճակատման»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին և ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներին։

Հիշեցնենք՝ երեկ կառավարական ամառանոցների մոտ խաղաղ ակցիայի մասնակիցները ցանկացան երթով շարժվել դեպի Ազգային ժողով, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին ակցիայի խաղաղ մասնակիցների նկատմամբ։

«Եթե ցուցարարները խաղաղ ցույցի սահմաններից դուրս են եկել, ապա դա պետք էր լիներ առանց դրվագների կամ հատուկ միջոցների կիրառման։ Այնտեղ մարդկանց կուտակում կար, և այդ հատուկ միջոցների հետևանքները, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնվեին, որովհետև ժամանակին մենք նման դրվագի հանդիպեցինք Բաղրամյան պողոտայում, երբ դա բավական մարդկանց վնասվածքներ բերեց։ Բոլոր դեպքերում ես գտնում են, որ ոստիկանության կողմից կային անհամաչափ ուժի կիրառման դրվագներ, բայց մյուս կողմից էլ տեսնում եմ, որ ցուցարարները ակնհայտորեն գնում են առճակատման ոստիկանության հետ, սա շատ բարդ իրավիճակ էր իրապես»,- ասաց Սակունցը՝ անդրադառնալով ոստիկանության և ցուցարարների բախմանը, ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառմանը։

Մեր այն դիտարկմանը, որ ցուցարարները խաղաղ երթ էին իրականացնում, իսկ ոստիկանները խոչընդոտեցին նրանց՝ փակելով ճանապարհը և չթողնելով առաջանալ իրենց ցանկացած ուղղությամբ, Սաքունցը պատասխանեց. «Բոլոր դեպքերում նկարահանումները, տեսանյութերը և խոսակցությունները ակնհայտ կան և ցույց են տալիս նման դրսևորումների մասին»։

Պատասխանելով մեր այն հարցին, թե ցուցարարների կոնկրետ որ արարքներն են իր կողմից բնորոշվում են որպես սադրանք, Սաքունցը հայտնեց. «Քարերի նետման հետ կապված և նաև առանձին գործողությունները ցույցի ղեկավարների կողմից, որ կանգնած են ոստիկանները, և իրենք գնում են ոստիկանների դեմ, որ գնում են դեպի առճակատում։ Ոստիկանությունը պարտավոր էր այնպես անել, որ ընդհարումից հնարավոր լիներ խուսափել։ Բայց երբ ցուցարարները գնում են ակնհայտ ընդհարման, դա ակնհայտ իրավիճակ էր ստեղծում։ Հիվանդանոց տեղափոխվածների ցանկում մենք տեսնում ենք, որ շատ մեծ թիվ են կազմում նաև ոստիկանները»։

Ընդդիմության ղեկավարների կոնկրետ ո՞ր արարքներում է տեսնում քայլեր, որով սադրում են ոստիկանությանը․ Սաքունցը պատասխանեց. «Ոստիկանություն է կանգնած, պատնեշ է կանգնած, և հայտարարություն տվեց Իշխան Սաղաթելյանը, թե՝ գնում ենք առաջ, դա ի՞նչ է, եթե ոչ՝ գնալ դեպի առճակատում։ Ոստիկանները այդ պահին կանգնած էին պատնեշով, և ոստիկանության գործողությունները այդ պահին բողոքարկելու, կամ գնալ առճակատման ոստիկանության հետ, ես նման բան նախկինում չեմ հիշում»։

Իսկ մեր այն հարցին, թե եթե նախկինում նման դեպքեր տեղի ունենային, մեծ աղմուկ կբարձրանար, իսկ հիմա բոլորը լուռ են, ի՞նչն է դրա պատճառը, Սաքունցը պատասխանեց. «Նման դեպքեր միշտ եղել են, և եթե այդպիսի պահվածք իրենց իշխանության ժամանակ լիներ, և եղել է, ես պատկերացնում եմ՝ ինչ միջոցներ են կիրառում։ Օրինակ՝ Բաղրամյան պողոտայի վրա մարդիկ կանգնած էին, փշալարերով ոստիկանությունը փակել էր ճանապարհը, բայց մարդիկ առաջ չէին գնում, կանգնած էին ուղղակի։ Իսկ այս դեպքում ոստիկանությունը կանգնած էր, իսկ ցուցարարները գնում էին ոստիկանների ուղղությամբ՝ առճակատման։ Նման իրավիճակները շատ բարդ են»։

Հարցին, թե երբ նախկինում նման միջոցներ էին կիրառվում ոստիկանության կողմից, շատ էր խոսվում այդ մասին, իսկ հիմա «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից կրրառված անհամաչափ ուժից չի խոսվում, ի՞նչն է պատճառը, Սակունցը պատասխանեց. «Լուռ չենք, տեսանյութը երեկ եմ ես նայել։ Այդպիսի ագրեսիվ դրսևորում ցուցարարների կողմից ոչ բոլորն են դրսևորում։ 2008թ․-ի մարտի 1-ի առավոտյան ցուցարարները քնած էին, չէ՞, երբ ոստիկանության ստորաբաժանումները եկան, ամբողջին ոտնատակ տվեցին։ Չի կարելի հանեմատել այն դեպքը և սա։ 2008թ-ին մինչև մարտի 1-ը երթեր էին կազմակերպում ամբողջ քաղաքում, մարդիկ խաղաղ գնում-գալիս էին»։