copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:30 04-06-2022

Սարյանում գինի կոնծողները, Դեմիրճյանում արկերի տակ պայքարողները․ ամեն իշխանություն ավելի վատն է, իսկ ոստիկանը երբեք մերը չէ

Ինչպես հայտնի է, երեկ՝ հունիսի 3-ին, ընդդիմությունը հռչակել էր քաղաքական ջրբաժանի օր եւ առաջարկել ԱԺ արտահերթ նիստ անել։ Ի սկզբանե պարզ էր, որ իշխող քաղաքական մեծամասնությունը չի ներկայանալու նիստին, քվորում չլինելու պատճառով այն տապալվելու է։ Իսկ ընդդիմության ցանկությունը ընդամենը մի հայտարարության միանալն է, որով բացառում են Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը։ Ամեն դեպքում մենք արդեն իսկ պարզել ենք, որ այս իշխանության թիվ մեկ ֆոբիան «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարությունը լսել եւ կրկնելն է, էլ ուր մնաց՝ գային խորհրդարան եւ դա հայտարարությամբ ամրագրեին։

Ինչեւէ, իշխանությունը չեկավ Աժ, նիստը չկայացավ, ընդդիմությունը նորից դուրս եկավ փողոց, «Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով նախ շարժվեցին դեպի կառավարություն, շրջափակեցին բոլոր մուտքերը։ Ապա տեղեկանալով, որ վարչապետ Փաշինյանը ետնամուտքով հեռացել է շենքից, գնացին Պռոշյան փողոց։ Կառավարության առանձնատների մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կուտակված, սկսեցին բռնի ուժ կիրառել եւ անգամ հատուկ միջոցներ՝ ձայնային ու ծխարձակող նռնակներ, որից բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ, ոմանց անգամ հիվանդանոց տեղափոխեցին։ Ոստիկանությունը կատարվածի մասին իր իրականությունը հրամցրեց, այն է՝ «հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ»։ Ոստիկանության փոխանցմամբ՝ տեղի ունեցածի հետևանքով ժամը 23.00-ի դրությամբ վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Իսկ իրականում շարքային քաղաքացու աչքով կարող ենք արձանագրել, որ այսօր մեր երկրում ամեն ինչ ավելի վատ է, քան երեկ։ Այսօր մենք նորից եւ նորից համոզվեցինք, որ ոստիկանը երբեք մերը չի եղել, ոստիկանը չի պաշտպանել պետությունը, օրենքը, հասարակությունը, ոստիկանին ծառայեցրել են իշխանությանը, օգտագործել եմ ռեժիմի պահելու համար։ Այսօր մենք կրկին եւ կրկին համոզվեցինք, որ ամեն իշխանություն հակառեկորդակիր է, ամեն իշխանություն ավելի վատն է, քան նախորդը։ Նախորդներին ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու մեջ մեղադրողը այսօր ինքն է հատուկ միջոցներ կիրառում, որովհետեւ իշխանական աթոռը շատ ավելի քաղցր է, քան ժողովուրդը, քան փողոցում պայքարող մարդկանց կյանքը, նրանց իրավունքները եւ ազատությունները։

Երեկ Երեւանի կենտրոնում տեղի ունեցածը դառնալու է պատմություն, կենսագրություն, մեղադրական եզրակացություն։ Առնվազն պետք է պարզել, թե ով է հրաման տվել կիրառել հատուկ միջոցներ, ինչ հիմքերով։ Արդյո՞ք հատուկ միջոցները եղել են ժամկետի մեջ եւ կիրառվել են սահմանված կանոնների պահպանմամբ, քանի որ մասնագետների մի ստվար հատված պնդում է, որ հատուկ միջոցները եղել են ժամկետանց, դրանք կիրառվել են անթույլատրելի ձեւով, այդ իսկ պատճառով Դեմիրճյան փողոցում տեղակայված ոստիկանական խմբի կողմից արձակված նռնակը պայթում է կառավարական առանձնատների մուտքի մոտ կուտակված ոստիկանների մեջ։ Ինչեւէ, այս հարցերը թերեւս այսօր կամ վաղը չեն պարզվի, սրանք կպարզվեն ապագայում հաջորդ իշխանության կողմից։ Իսկ առայժմ առողջություն եւ շուտափույթ ապաքինում մաղթենք երեկ տուժած քաղաքացիներին, ոստիկաններին, ընդդիմադիր գործիչներին՝ իմաստնություն եւ տոկոնություն ջրբաժանը «արյունով» չգծելու համար, այսօր՝ ժամը 19․00-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրած հանրահավաքին բախումներից զերծ մնալու համար․ չէ՞ որ պայքարը սկսելիս հաշվարկել էր պետք, որ այս իշխանությունը կարմիր գծեր չունի եւ ամեն ինչի պատրաստ է։

Ասվածի վկայությունը իշխանական պատգամավորների երեկ հնչեցրած մեղադրանքներն են ընդդիմադիր գործիչների, ցուցարարների հասցեին, սադրանք իրականացնելու մեղադրանքները, երբ բազմաթիվ են համացանցում տարածված տեսանյութերը, թե ինչպես է ոստիկանությունը բիրտ ուժ կիրառում, դաժանորեն ծեծում քաղաքացիներին։ Իշխանության մասով բացահայտելու ոչինչ չկա, բայց իսկական բացահայտում էին երեկ այդ «տուրուդմփոցների» ժամին Սարյան փողոցում գինի կոնծողները։ Իհարկե, մարդիկ կարող են չհամակրել ընդդիմությանը, բայց նույն ժամին, երբ մի քանի մետր հեռավորությամբ քո հայրենակիցներին են դաժան ծեծում՝ իրենց խաղաղ հավաքների իրավունքը իրացնելու համար, գնալ Սարյան փողոցում գինի կոնծել, լուսանկարներ եւ ստատուսներ նվիրել այդ «իրադարձությանը», կարող էին միայն Փաշինյանի ընտանիքի անդամները եւ «անկախ իրավապաշտպանները», նախկինում ծառ ու թուփի համար պայքարող ակտիվիստներ, մարդու իրավունքների մասին նյութեր գրող լրագրողները եւ այլ հանրային գործիչները․․․

Եթե անգամ հնարավոր չէր կանխատեսել բախումների հավանականությունը կամ բավարար տեղեկացված չէին, կարող էին գոնե լուսանկարներ չհրապարակել ժանտախտի ժամին խրախճանք անելուց։

Ձենով Օհան