Լենինը Ապոլոնը չի, որ նկարեմ
copy image url

Լենինը Ապոլոնը չի, որ նկարեմ

Մշակույթ Ներքին 2 տարի առաջ - 20:45 02-06-2022
Օրերս լուր եղավ այն մասին, որ ինչ-որ մեկը պոկել էր ՀՀ վարչապետի արձանի գլուխը և նետել այն Վանաձորի հրապարակում։ Արձագանքները տարբեր էին, մեկը եղելությունը վանդալիզմ էր բնորոշում, մյուսն ասում էր` արժանի էր։

Չեմ ճանաչում քանդակագործին, բայց հետաքրքիր է, թե ինչ հոգեվիճակում է հիմա։ Ի՞նչ է զգում արվեստագետը, երբ շաբաթը մեկ պարզում է, որ իր ստեղծած «շեդևրը» հերթական անգամ անդամահատվել է։

Սա այն դեպքը չի, երբ արձանները վնասում կամ գողանում են` մետաղն օգտագործելու նպատակով։ Սա ատելության դրսևորում է այն կերպարի հանդեպ, ում ձոնվել է արձանը։
Ի դեպ, ինձ անհայտ այս քանդակագործը միակը չէ, որ անդրադարձել է այս թեմային ու այս անձին։

2020-ին, երբ քովիդից անակնկալի եկած ու սարսափած՝ 20 դրամանոց դիմակը 300-500 դրամով էինք գնում, երբ անդիմակ կնոջ թևերը 4 ոստիկաններ ոլորում ու բաժին էին տանում, երբ արդեն խորը տնտեսական, քաղաքական, բարոյական ճգնաժամի մեջ էինք ու պատերազմի հոտն էլ թույլ, բայց արդեն զգացվում էր.... նույն այս ժամանակահատվածում կային նկարիչներ, որոնք այս քաոսի հեղինակի դիմանկարներն էին ստեղծում:

Է՛լ պրոֆիլ, էլ՛անֆաս, է՛լ պառկած ու նստած, էլ՛հոգնած ու տառապած, է՛լ դուխով ու հպարտ...

Յուրաքանչյուր անգամ տեսնելով այդ նկարները՝ հիշում եմ հայտնի պատմությունը Մինասի մասին։

1970-ին, երբ լրանում էր Լենինի ծննդյան 100-ամյակը, խորհրդային արվեստագետներին առաջարկվում ու նույնիսկ պարտադրվում է անդրադառնալ այս թեմային։ Պոետները, կոմպոզիտորները, նկարիչները` ոգեշնչված լենինյան թեմաներով, ստեղծում են բազմաթիվ գործեր: Մինաս Ավետիսյանին նույնպես առաջարկվում է մասնակցել հոբելյանական միջոցառմանը, այսինքն՝ նկարել Լենինին:

Մինասը պատասխանում է. «Լենինը Ապոլոնը չի, որ նկարեմ: Նկարիչը դռնակիր համբալ չի, որ ինչ դնեն շալակին, տանի: Չե՛մ նկարել և չե՛մ նկարելու»:

Արվեստագետը, մտավորականը բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք պիտի ընդդիմություն լինի, առողջ, սթափ, սեփական դիրքորոշում ունեցող ընդդիմություն։
Մինասի ֆենոմենը հենց դրա մեջ էր։ Մինասի կողքին ապրող բազմաթիվ շատ տաղանդավոր նկարիչներ կային, սակայն Մինասը առանձնացավ հենց իր արժանապատիվ տեսակով, հոսանքին հակառակ գնալու իր ունակությամբ՝ չծռմռվելով, չենթարկվելով ու չհաճոյանալով իշխանություններին։

Ես դեմ չեմ, միգուցե մերօրյա արվեստագետներին ոգեշնչում են ղեկավարներն ու պաշտոնյաները, միգուցե Փաշինյանի մեջ նրանք Ապոլոնին են տեսնում, բայց նայում եմ իրենց ստեղծած դիմանկարներին ու քանդակներին և զարմանում դրանց ցածրորակությունից։

Այդ կարգի դիմանկարներ Եվրոպայի փողոցներում նկարում են ուսանողները`գումար աշխատելու նպատակով։ Ախր, ոչ միայն ծիծաղելի է նրանց ընտրած թեման, այլ ողորմելի է նաև նրանց ստեղծած արվեստը։

Խղճուկ, հին, սիրողական...

Վարչապետի արձանի գլուխը, թևը, ոտքն ու այլ անդամները ժամանակ առ ժամանակ հայտնվում են Հայաստանի տարբեր մարզերում։ Իսկ կտավներից ու նկարներից լուր չկա։ Վստահ եմ, որ վարչապետին կուռք դարձրած նկարիչներն իրենց «գլուխգործոցները», որոնցով հպարտանում էին 2018-2020 թվականներին, այսօր պահել են նկուղներում ու սպասում են՝ տեսնեն, թե քամին ինչ ուղղությամբ կփչի։ Կամ դրանց վրա արդեն նոր գործ են սկսել նկարել։



Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է