Երևան +14°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:51 01-06-2022

Ու դժգոհ են, որ մարդիկ դժգոհ են

Մինչ հայկական արհեստական արբանյակը տիեզերքն է ակոսում, իսկ երկրի վրա վարչապետ Փաշինյան Նիկոլը ներկայացնում է վերջին տարում իր Կառավարության գրանցած աննախադեպ ռեկորդները անկախության 30 տարիների առումով, ՀՀ–ում կյանքը շարունակվում է վերջին 30 տարիներին եղած բացասականի խտացված տրամաբանությամբ։ Ընդդիմադիր գործիչ Փաշինյան Նիկոլը հատկապես շատ էր անդրադառնում մոնոպոլիաներին, օլիգարխներին, որոնք խաթարում էին երկրի տնտեսությունն ու ամեն ինչ անում էին ժողովրդի ունեցած վերջին կոպեկը խլելու համար։ Իհարկե, 2018 թ․ մայիսի 9-ից արդեն Հայաստանում օլիգարխներ չկան, և մեզանում այլևս ժողովրդապետություն է, ու ամեն ինչ արվում է հանուն Հայաստանի հպարտ քաղաքացու, այդուհանդերձ միշտ չի, որ ամեն ինչ այնպես հարթ է ստացվում, ինչպես ասենք հայկական տիեզերանավի տիեզերք ուղարկելը։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին կար մի ժամանակաշրջան, երբ մեր քաղաքացիները՝ հիմնականում Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները, Վրաստանի Սադախլո կայարանից գյուղմթերք էին գնում և այստեղ վերավաճառելով ընտանիք պահում։ Իրանից էին ապրանք ներկրում և վերավաճառում։ Դա մասամբ արգելվեց, սահմանվեց ներկրման առավելագույն չափ, ինչը փաստացի զրկեց այդ առևտրով զբաղվողներին իրենց հացի խնդիրը լուծելու հնարավորությունից։ Այն օրերին դա լուրջ քննադատության արժանացավ։ Տևական ժամանակ Փաշինյանը դա «մատի փաթաթան» էր դարձրել, ամենուր դրա մասին էր խոսում։ Նրա իշխանության գալուց հետո այդ արգելքը վերացվեց և մեր քաղաքացիները ոչ միայն Վրաստանից, այլև Իրանից որոշակի քանակությամբ ապրանք էին ներկրում և այստեղ վերավաճառում։ Դա, սակայն, երկար չտևեց։ Հիմա 25 կգ ապրանքից ավել ներկրումն արգելվում է։ Ի՞նչ օրենքով, ի՞նչ սկզբունքով․ որևէ բացատրություն չկա։

Իրանահայ, երկքաղաքացիություն ունեցող ընտանիքը, որ տուն է գնել Երևանում և վերջին տարիներին ապրիլ-նոյեմբեր ժամանակաշրջանում ապրում է մեր մայրաքաղաքում, ձմռան ամիսներին անցկացնում ավելի մեղմ կլիմայով Թեհրանում, մինչև վերջերս գալուց իրենց մեքենայով սննդի որոշակի պաշար էին բերում հետները, քանի որ նույնիսկ այս պահին, երբ Իրանում բավականին լուրջ թանկացումներ են գրանցվել, ապրանքների գները՝ սննդինը հատկապես, մի քանի անգամ ավելի էժան է, քան մեզանում։ Նրանք ամռան ամիսներին, որոշակի պարբերականությամբ մեքենայով մեկնելով Իրան, իրենց էժան սննդի հարցը լուծում էին։ Հասկանալիորեն հիմա դա արդեն խնդիր է։

Վերջին անգամ մեր մաքսավորները թույլատրելի 25 կգ-ից ավել ամբողջ մի բանանի արկղ էին «բռնագրավել» լեցուն լոբիով, ձեթով, բրինձով, մակարոնեղենով, զեյթունով, կարտոֆիլով։ Տվել էին փաստաթուղթ, որով պետք է Հարավարևմտյան զանգվածում գտնվող մաքսապահեստից համապատասխան մաքսավճարի դիմաց այդ ապրանքները ստանային։ Ապրանքատերը առաջարկել էր ապրանքը թողնել մաքսատանը, քանի որ ցանկություն չէր ունեցել այդքան ժամանակ կորցնել, քաշքշուկների մեջ հայտնվել մի քանի կգ մակարոնի ու բրնձի համար։ Չէր ստացվել։ Ստիպված ժամանելուց հետո գնացել էր մաքսատան պահեսները։ Պարզվել էր՝ փաստաթղթային ինչ-որ անհամապատասխանություն կա, ու․․․քաշքշուկ։ Գրավոր դիմել էր, որ հրաժարվում է ապրանքից։ Պատասխանել էին, որ պետք է դրա համար ապրանքի մաքսատուրքը վճարի, որից հետո կարող է հրաժարվել։ Առաջարկել էր արկղը փոխանցել մանկատանը կամ ծերանոցին, դարձյալ պահանջել էին վճարել ու նոր միայն։ Արդյունքում 130 եվրո տուգանք էր վճարել ու բարկացած, բանանի արկղը թողնելով մաքսատանը, հեռացել էր։

Ու մինչ հայկական տիեզերանավը ակոսում է տիեզերքի անսահմանությունը, մինչ ամենուր խոսում են, որ պայմանավորված միջազգային անցուդարձով աշխարհում սովի ուրվականն է «ֆռֆռում», մեզանում կարտոֆիլի գինը հատել է 600 դրամի սահմանագիծը, արգելում են, որ քաղաքացին իր անձնական օգտագործման համար կգ-ն 50-60 դրամով կարտոֆիլ բերի՝ պարտադրելով, որ այստեղից 600 դրամով գնի։ Ու դժգոհում են, որ մարդիկ այս իրավիճակից դժգոհում են։