Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:00 01-06-2022

Զինվոր լինելուց առաջ նրանք երեխաներ են եղել. մենք նրանց չենք սիրել պատերազմի համար

Թերևս ամենագեղեցիկ տոներից մեկը, եթե ոչ ամենագեղեցիկը, երեխաների պաշտպանության օրն է, երբ ամեն ծնող հպարտ ու ուժեղ է զգում իրեն, պատրաստ ամեն զոհաբերության, որ իր երեխան ապահով լինի: Իսկ այս տոնական օրով մեր երեխաների նկատմամբ ունեցած սիրուն գումարում ենք նաև մեր հավելյալ ու պահուստային սերը: Ամբողջ հայացքով սիրում ենք ոչ միայն մեր երեխաներին: Հավասարության սկզբունքով ենք ընկալում մեզ հանդիպած, մեր տեսադաշտից չվրիպող ամեն երեխայի: Իսկ այսօր մեր հայացքը լայն է ու ընդգրկուն, անվրեպ: Անգամ անծանոթ, օտար, այլազգի, նույնիսկ թշնամու երեխայի նկատմամբ ենք ուշադիր ու հոգատար, որովհետև երեխա է, և այսօր իր տոնն է: Այս օրը ծնողների սիրտն ու հոգին պակաս գեղեցիկ չեն երեխաների ջինջ աչքերից, մաքուր ժպիտից, որովհետև տոնական լույսի մեջ են:

Սերը երեխայի նկատմամբ թեպետ հասցե ունի, բայց ամենահաս է ու տարածական: Այդ սերն ենք ունեցել՝ ուղղված այն 18-20 տարեկան տղաներին, որ զոհվեցին քառանունչորսօրյա պատերազմի ժամանակ: Դրանից առաջ նույն սերն ենք տվել այն տղաներին, որ զոհվեցին քառօրյա պատերազմի ժամանակ: Իսկ դրանից էլ առաջ կրկին նույնաբովանդակ սիրով ենք պարուրել այն տղաներին, որ զոհ դարձան Արցախյան առաջին՝ քառամյա պատերազմում: Սիրել և սիրում ենք, հոգատար, ուղղակի իմաստով հոգի ենք տվել և տալիս, որովհետև երեխաները մեր ապագան են: Որ անհոգ մանկություն ունենան, որպեսզի լիարժեք ապրեն եկեղ կյանքը:

Ամբողջական նվիրումով ենք սերել մեր երեխաներին: Այդպես սիրել են մեզ մեր ծնողները: Մեր ծնողներին սիրել են իրենց ծնողները: Ոչ պակաս են սիրելու և անհնարինն անելու մեր երեխաներն իրենց երեխաների համար: Սա սրտից սիրտ, հոգուց հոգի փոխանցվող մարդկային լույսն է: Անցած ներկայի մեջ ապահովեցինք նրանց ապագան, բայց եկող ու իրական ապագայի մեջ չկարողացանք պահպանել նրանց:

Նրանք նախապես երեխաներ էին՝ սիրված, գեղեցիկ ու լուսավոր, որ զոհվեցին այդ պատերազմներում: Զինվոր լինելուց առաջ նրանք երեխաներ են եղել և միշտ մնում են մեր երեխաները: Նրանց ձեռքից բռնած զբոսայգի ենք տարել, կարուսել նստեցրել, պաղպաղակ ու հյութ գնել, լիքը-լիքը գույնզգույն փուչիկներ: Հետո նրանց ձեռքը բաց թողեցինք, փոխարենը պատերազմը բռնեց մեր բաց թողած ձեռքը: Մենք նրանց չենք սիրել պատերազմի համար, մենք նրանց սիրել ենք կյանքը երջանիկ ու խաղաղ ապրելու համար, երկար, երկար:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ