Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:18 30-05-2022

Վճռական անելիքի ժամն է

Հրապարակ դուրս եկած անհաշտ, անհնազանդ, վճռական ընդդիմության պարտությունը կործանարար կլինի բոլորիս համար։ Ուստի առկա բոլոր խնդիրները, կասկածները, մտավախությունները պետք է արտահայտել։ Այլապես լռությունը ևս կարող է կործանիչ դառնալ։

Այսօր առկա իրավիճակում ամենացավալին այն է, որ հրապարակ դուրս եկած ընդդիմության առաջնորդները չեն ուզում լսել այլոց խոսքը, նույնիսկ ոչ մի հավակնություն չունեցողների առաջարկները ու խորհուրդները, իսկ իրենք վերջին ամիսներին որևէ նոր գաղափար չեն հղացել, չեն ուզում խոստովանել մեթոդական, մարտավարական, ռազմավարական դեֆիցիտը։ Մինչդեռ իրավիճակը փոխելն անհրաժեշտություն է, իսկ նոր բան ունենալու համար ինչ-որ նոր բան է պետք անել։

Անհնազանդության շարժման վերջին հանրահավաքի ավարտին շատ լավ, խրոխտ, աննկուն ընկեր Իշխանը մի քանի հաստատումներ արեց. «Այո՛, սա նոր ղարաբաղյան շարժում է», «Կտենանք՝ ով է մաշելու», «Մտավորականների կոչին միացել են նոր մարդիկ», հավելեց քանակական ու կոչումների տվյալները, «Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում», «Սահմանագծման, սահմանազատման աշխատանքներ չպետք է լինեն, քանի թշնամու զորքերը ՀՀ տարածքում են», «Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող լինել Ցեղասպանությունն ուրանալու հաշվին», «Ով դեմ է հայ ազգին, մինչև հունիսի 3-ը ժամանակ ունի կողմնորոշվելու. սա ջրբաժան է»։ Այս ամենը շատ լավ է, հուսադրող է, ոգևորիչ է, վճռականության լիցք ունի, նույնիսկ երբ պարզ չէ, թե հունիսի 3-ից հետո ինչ է լինելու։

Միաժամանակ պետք չէ մոռանալ, որ այս ամենն արդեն եղել է։ Արդեն մեկ անգամ ազգի մեծամասնությունը, բոլոր հայամետ քաղաքական ուժերը, եղած ու իրենք իրենց այդպիսին համարող մտավորականությունը, գիտության ու մշակույթի երևելիներնը, պրոֆեսորների ու դասախոսների սերուցքը, հոգևորականությունը` Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ, հայոց բանակը` գլխավոր շտաբի պետի, հրամանատարական կազմի, գեներալիտետի, սպայակույտի գրավոր հայտարարությամբ, նույնիսկ երկրի օրվա նախագահը` բոլոր-բոլորը միասին Նիկոլից հրաժարական պահանջել են։ Մինչդեռ Նիկոլը դեռ վարչապետ է, քանի որ առաջնորդվում է «ով ինձ դրել է, նա էլ կարող է հանել» տրամաբանությամբ։ Այսինքն՝ Նիկոլի համար որոշիչ է ոչ թե ժողովրդի պահանջը, այլ իր թուրք ու ուրիշ տերերի` իրեն նշանակածների առաջադրանքը։ Նա դեռ չի կատարել ու արդեն անկարող է կատարել հայությանը թրքացնելու, Հայաստանն ու Արցախը թրքական վիլայեթ դարձնելու հանձնարարականը։

Մինչդեռ սա բոլորովին էլ չի նշանակում, թե պետք է սպասել, մինչև արտաքին տիկնիկավարները հանեն իրենց խամաճիկին։ Դա պետք է անի հայ ժողովուրդը, եթե ուզում ենք ունենալ մեր պետական շահերն ու ազգային արժեքները պահպանող իշխանություն։ Եթե իշխանափոխությունն անի որևէ օտարը, կունենանք նոր խամաճիկ, այլ դրածո` նույն հակահայ, ապազգային, պետականակործան հանձնարարականով։ Ուրեմն ի՞նչ նոր արդյունք կտան նոր՝ նույն ստորագրահավաքի կրկնությունը, նոր` նույն արագ դեգրադացած ղարաբաղյան շարժման կրկնությունը, նոր` նույն անարդյունավետությունից մաշվող անհնազանդության ակցիաները, նոր` նույն պահանջների կրկնությունը, նոր` նույն «ջրբաժանի» ժամկետ նշանակելը։ Ամեն օր «Նիկո՛լ, հեռացիր» գոռալն ու հեռանալ պարտադրող, հրաժարական տալ ստիպող որևէ քայլ չանելը ժողովրդի ուժը չի բազմապատկում, ոգին չի ամրապնդում, ոչ մի կասկած չի փարատում, վերածվում է «չինական 723-րդ վերջին նախազգուշացման»։ Անհնազանդության շարժումն ու պայքարը այլևս ոչ թե քայլերթի երթուղի կամ բոցավառ ելույթի տեքստ, այլ կոնկրետ, ազդու, տեսանելի արդյունք արձանագրող, նպատակային գործողությունների օրական պլան ու այն իրագործելու մշակված հստակ մարտավարություն, ռազմավարություն ու մեթոդ պետք է ունենա։ Վաղուց պահն է հասկանալ, որ ողջ ոստիկանությունն ու բոլոր բերետավորները միասին առնվազն հարյուրապատիկ քիչ են, քան Նիկոլից զզվող ու ռեժիմի հրաժարականը պահանջող ցուցարարները, որ ժողովրդին կալանելու տեղ չկա, ու ռեսուրս չունեն։ Ուրեմն գուցե հենց ժամանակակավոր կալանքի վայրերի՞ց է պետք սկսել իշխանափոխությունը։

Անհնազանդության շարժման առաջնորդները անհրաժեշտորեն պետք է նաև իմանան ու հաշվի առնեն, որ Նիկոլին իշխանազրկելու համար հանրային ճնշումը անհարժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Հետևաբար սխալ է, վտանգավոր է ապավինել հանրության քանակական աճին ու ուրիշ ոչինչ չանել, վճռական քայլեր չձեռնարկել։ Երբ գտնվի ու կատարվի այդ բավարար, վճռական քայլը, ժողովուրդն ինքնաբուխ կմիանա ու կապահովի անհրաժեշտ հանրային, քանակական ճնշումը, որակական փոփոխությունը։ Այո՛, «բավարար ու անհրաժեշտ քայլը» զանգ կախելը չէ։ Վճռական, որոշիչ, էական փոփոխության, Նիկոլին ու թավշյա ռեժիմը տապալելուն տանող անելիքները գտնելու համար գուցե իրո՞ք գաղափարների պակաս կա։ Այդպես լինում է, երբ ինքդ քեզ սահմանափակում ես քեզանով, պարփակվում ես, երբ նմանվում ես նրան, ում մերժում ես։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան