Երևան +13°
Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 19:49 29-05-2022

Ինչպես Սարյանը նկարեց Չարենցին

1937 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահի բակում այրում են Մարտիրոս Սարյանի ստեղծած 12 դիմանկարները, որտեղ պատկերված էին «ժողովրդի թշնամի» հայտարարված հայ պետական գործիչներն ու մտավորականները:

Բանն այն է, որ տարիներ առաջ, երբ Սարյանից պահանջում են նկարել Իոսիֆ Ստալինին, նա հրաժարվում է՝ պատասխանելով, որ իր սկզբունքներին դեմ է առանց բնորդի դիմանկար ստեղծելը:

Սրա պատասխանը Սարյանի ստեղծած դիմանկարների ոչնչացումն է դառնում։

Տասներկու դիմանկարից փրկվում է միայն մեկը` «Եղիշե Չարենցի դիմանկարը», որը Սարյանը ստեղծել է 1923 թվականին, իսկ 1924 թվականին ցուցադրել Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեում:
Չարենցի դիմանկարը փրկվում է գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանի ու Պարգևուհի Սիմոնյանի շնորհիվ։ Նրանք կտավը հասցնում են թաքցնել չերևացող մի անկյունում: Ավելի ուշ, երբ պարզվում է իրողությունը, հուզված Սարյանը որոշում է նկարը` որպես պարգև նվիրել Նշան Մուրադյանին: Գրականագետը հրաժարվում է:

Իր այս կտավի ստեղծման մասին պատմում է հենց ինքը Մարտիրոս Սարյանը.

«Մի օր իջնում էի Աստաֆյանով: Տեսնեմ դիմացից Չարենցն է գալիս՝ մի քանի գիրք թևի տակ: Մոտեցավ ու թե՝ «լա՛վ է չէ՞ մեր փողոցը, ճիշտ է, շատ է գավառական, բայց համ ու հոտ ունի, կոլորիտ ունի. հ՛ը, ի՞նչ կասես»: «Այդպես է, ասում եմ, – իսկ ե՞րբ ենք սկսում աշխատել»:

– Վա՛ղը, հենց վա՛ղը; Կիրակի օր էլ է: Վաղը 12-ին արի...

Հաջորդ օրը գնում եմ: Տանը բացի իրենից, ոչ ոք չկա: Ամեն ինչից զգում եմ, որ նախապատրաստել, տրամադրվել է նկարվելու: Նստում է:

Պատկերակալը տեղադրելու, երանգապնակն ու վրձինները դիտմամբ դանդաղ կարգի բերելու ընթացքում խոսում եմ դեսից դենից: Աշխատում եմ տրամադրությունը ցրել՝ չի ստացվում: Նայում եմ դեմքին՝ ի՛նքը չի: Ծուլորեն մի քանի պատահական գծեր եմ դնում կտավին և, իմիջիայլոց, հայտարարում, թե այսօր մի տեսակ վրձին բռնելու ցանկություն չունեմ:
– Ինչո՞ւ, – հարցնում է զարմացած:
– Չգիտեմ, վաղը գամ:
Մի քիչ խռոված տոնով պատասխանում է, որ աշխատանքի է:
– Ոչինչ, – ասում եմ, – գործդ վերցրու հետդ ու արի տուն: Դու կաշխատես, ես կամաց-կամաց կքսմսեմ՝ գուցե մի բան դուրս գա: Լռում է, մտքի մեջ հաշիվներ անում ու համաձայնում: Մի երկու ժամ էլ լավից վատից խոսում ենք ու բաժանվում: Փայտե պատկերակալը մնում է Չարենցի աշխատասենյակում, նրա գրասեղանից երկու-երեք քայլ հեռու՝ համր ու անտարբեր:

Լուսիկն (Սարյանի կինը) արագ-արագ ճաշի պատրաստություն է տեսնում, հետն էլ կշտամբում ինձ. «Ի՞նչ ես արել մարդու հետ, քո երեխա՞ն է, ինչ է. կնեղանա» և այլն, և այլն: «Հա՛, հա՛, երեխա է, բա ի՞նչ է, եթե ճիշտն ուզում ես իմանալ, երեխա՛ է»:
Եվ իսկապես երեխա էր, մեծ երեխա, ազնիվ, բյուրեղյա հոգու տեր:
Հաջորդ օրը տնից դուրս եմ գալիս, մտածելով՝ տեսնես փորձն արդյունք տվել է:

… Դուռը բացում է ինքը: Ա՛յ, սա հասկանալի է՝ տնեցիք էլ տանն են: Չարենցն էլ Չարենց է: Սովորական նախադասությունները փոխանակում ենք և անցնում գործի: Կարծես չի էլ նկատում ո՛չ պատկերակալը, ո՛չ ինձ: Երեկվա արհեստականությունից ոչինչ չի մնացել դեմքին: Բնական է գլխի շարժումը, դիմախաղը՝ ազատ, տիպիկ չարենցյան:

Տարածված հայկական տիպաժ է: Մազերը՝ սև, փոքր-ինչ ալիքավոր, խիտ ու ճակատաին թափված: Քիթը մեծ է, ներքևի շրթունքը՝ հաստ: Փոքրամարմին է, բայց ներքին կրակով այրվող մարդու ազդեցիկ արտահայտությունը և, հատկապես, խոշոր աչքերի սուր, արծվային հայացքը ժայռեղեն հսկայի տպավորություն են ստեղծում: Գեղեցիկ դեմք չէ, կարելի է նույնիսկ ասել, որ տգեղ է, բայց հմայիչ է ու համակրելի: Այդ դեմքն է, որ արտացոլում է նրա անհաշտ ու խիստ, ակտիվ ու բռնկվող բնավորությունը. Այդ դեմքն է, որ կրում է վեհ ու դրամատիկական հանճարի և մեծ հայի արտահայտությունը: Չարենց անձնավորության հիմնական հատկանիշներն են դրանք, որ պետք է ընդգծել ու խտացված ներկայացնել կտավի վրա …
Դիմանակարը դու եկավ թե՛ իրեն, թե՛ ինձ:

– Մեկ էլ մի քսան տարի հետո այսպես հիմնավոր կնկարես, – ասաց, – հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինեմ»:
Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարն» այսօր պահվում ու ցուցադրվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Նաիրա Եղիազարյան