copy image url
Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 20:51 26-05-2022

Վարդան Մամիկոնյանը գնում էր մարտիրոսության

451 թվականի մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում, տեղի ունեցավ ճակատամարտ` հայկական ապստամբ ուժերի և պարսկական բանակի միջև։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր։ Ճակատամարտի հրամանատարը Վարդան Մամիկոնյանն էր։


Ավարայրի ճակատամարտից հազար հինգ հարյուր տարի անց՝ 1975 թ. Երևանում բացվեց Երվանդ Քոչարի կերտած Վարդան Մամիկոնյանի արձանը։ 5-րդ դարի հայ զորավարի կերպարը Երվանդ Քոչարին գրավել էր դեռ մանկուց։ Նա հոր ու քույրերի համար «շշմեցնող արագությամբ» բազմիցս նկարում էր Մամիկոնյանի կիսադեմը, իսկ կավագործական խմբակի իր ուսուցիչ Արսեն Շահբազյանի հանձնարարությամբ՝ ստեղծել էր Վարդան զորավարի կերպարը` հարթաքանդակի ձևով։

Քոչարն իր հուշերում գրում է. «Դեռևս պատանեկության տարիների Ներսիսյան դպրոցում, երբ անցնում էինք Եղիշե, ես այնքան կլանված էի Վարդան Մամիկոնյանի ճառով, որ հիշում եմ՝ մի օր Մանուկ Աբեղյանը դարձավ ինձ.

-Հը՞, Քոչարյա՛ն, կարո՞ղ ես նկարել...

Երանի հիմա լիներ Մանուկ Աբեղյանը՝ ոգեշնչող այդ սքանչելի ուսուցիչը, և ասեր` արդյոք կարողացե՞լ եմ կերտել Վարդանի վեհ կերպարը։ Այնուհետև ինձ պակաս չեն ոգևորել Պատկանյանի Վարդանը և Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»»։

Երվանդ Քոչարը Վարդան Մամիկոնյանի արձանի ծնունդը նախաձեռնում է «Սասունցի Դավթի» արձանի տեղադրումից հետո։ Դավթի արձանի համաժողովրդական ճանաչումից ու գնահատանքից հետո մեծ համարձակություն էր նորից քանդակել նույն չափերով, կրկին հեծյալի արձան։ Շատերն էին Քոչարին զգուշացնում, որ վտանգավոր է ստեղծել մի նոր հեծյալ, ու բարեկամաբար խորհուրդ էին տալիս հրաժարվել այդ մտքից։

Իսկ Քոչարն անդրդվելի էր, նա իր հուշերում գրում է.

«Ես միանգամայն վստահ էի իմ ուժերին, համոզված ձեռնարկել եմ 5-րդ դարի և առհասարակ մեր ազգային պատմության բոլոր դարերի մեծագույն հերոսներից մեկին արձանի միջոցով ևս անմահացնելու գործը. չէ՞ որ Վարդանանց պատերազմով գուցեև որոշվում էր մեր հայ մնալ-չմնալը... Հազար հինգ հարյուր տարի հետո, պարզ է, որ այդ պատերազմը կորցրել է իր ուժգնությունն ու դրամատիզմը, բայց հենց դրա համար Կարմիր Վարդանի հրաբորբոք կերպարից պետք է թափ տալ ժամանակի մոխիրն ու բորբոքել մեր ազգային ինքնագիտակցության և ազատության անմար կրակը... Չէ՞ որ Վարդանը 5-րդ դարում, մահը աչքի առաջ առնելով, ըմբոստացավ ազգը ազգին ճնշելու և պարտադրելու դեմ... Դրա համար է, որ իմ Վարդանը՝ ձիու վրա նստած, թուրը բարձրացրած, արշավում է, բայց չի պաշտպանվում։ Նա վահանը գցել է ուսին, նրան պետք չէ վահան, որովհետև գնում է մարտիրոսության։ Այս կռիվը զենքի զորության կռիվ չէ, այլ գաղափարի։ Վարդանն իր մարտիրոսությամբ ուզում է ընկճել, կոտրել թշնամու այս սխալ համոզումը, թե զենքով կարելի է ջնջել ժողովրդի ազատատենչ ոգին... Եվ նա դա ապացուցեց»։

Երվանդ Քոչարի հեղինակած Վարդան Մամիկոնյանի արձանը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց փողոցի հարևանությամբ: Արձանի նյութը` կոփածո պղինձ է և կարմրավուն կրաքարային ավազաքար։Արձանի ընդհանուր բարձրությունը 17 մետր է: Հուշարձանի ճարտարապետը Ս. Քյուրքչյանն է:


Ֆոտոշարք