Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:27 26-05-2022

Մի կողմում պայքարում են Արցախը չհանձնել, մյուս կողմում Արցախն են հանձնում

Ժողովրդի մի հատվածը հանրահավաքներ ու երթեր է անում, պետական նշանակության տարբեր շենքեր շրջափակում՝ պահանջելով այս իշխանությունների անհապաղ հեռացումը, որպեսզի փրկեն Արցախն ու Հայաստանը թշնամուն հանձնելուց, իսկ իշխանությունները հեգնում են, թե աթոռակռիվ են անում: Մեր տնտեսապես քայքայված ու հետնախորշում հայտնված երկրում դժվար թե այդքան աթոռ գտնվի, որպեսզի այդ մարդիկ գոնե հանգստանալու համար նստեն՝ օրվա երկարատև հոգնությունից հետո: Ժողովրդի նույն հատվածը պայքարում է, որ Արցախը չբռնակցվի Ադրբեջանին, որ Հայաստանը չկորցնի իր կենսական նշանակության տարածքները և պետականությունն ի վերջո, իսկ իշխանությունները ծաղրում են, թե ճանապարհային խցանումներ են առաջացնում ընդամենը:

Նույն իշխանություններն են, որ հայտարարում էին իրենց հեղափոխական առաջնորդի բերանով, թե՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի ունենա վարչապետ: Նույն իշխանություններն են, որ խցանումներն ու կաթվածահար անելը պայքարի հիմնական միջոց էին դարձրել, երբ դեռ փողոցում էին, իսկ հիմա պալատից ինչպես մեր անցյալը, այնպես էլ ապագան են խցանում ու կաթվածահար անում:

Ժողովրդի մի մասը ասում է, որ իշխանությունը մանդատ չունի Արցախը հանձնելու, իսկ իշխանությունն իր ստացած մանդատով Արցախն է հանձնում: Ասում է, որ երկիշխանություն է, և այս իշխանությունն այլևս չի կարող միայնակ ներկայացնել ժողովրդին, իսկ իշխանությունը Բրյուսելում և Մոսկվայում ներկայանում է բացարձակ և ընդունվում ժողովրդի ձայն ու կամք: Մի կողմում ժողովրդի այդ նույն հատվածն է պայքարում հայրենիքը փրկելու հույսով, մյուս կողմում իշխանությունն իրեն պարտադրված պարտքն է մարում հայրենիքի տեսքով:

Մի օր էլ այդ նույն պայքարողները տեսնելու են, որ անԱրցախ ու անՀայաստան երկնքի տակ են պայքարում, որովհետև այդ ընթացքում իշխանությունը ոչ միայն Արցախի ու Հայաստանի երկինքը, այլև հողն է տարել իրենց ոտքերի տակից:

Ժողովրդի արևով ու գլխի վրա երդվող իշխանությունը պարտավոր է ժողովրդի այդ մասի հետ հաշվի նստել: Դրսերում, երբ նշաձողի իջեցում ու հանձնում են դեմ տալիս, իր պարտքն է ասել, որ ամեն գործընթաց կասեցնում է, քանի որ իր ժողովրդի մի մասը դեմ է, որ մինչև այդ մասի հետ չգա ընդհանուր հայտարարի, ինքը լիարժեք մանդատ չի ունենա որևէ որոշում կայացնելու ժողովրդի անունից: Սա է իրենց շատ սիրած ժողովրդավարության սկզբունքը: Բայց սրանք ընդամենը հեգնում են, թե աթոռակռիվ են անում: Իսկ իրենք իրենց աթոռը երբեք չեն տա, փոխարենը կտան Արցախն ու Հայաստանը:


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը