Ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր hնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ըստ նախաքննական մարմնի՝ 2022 թվականի ապրիլի 24-ին Ա.Ախոյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ժամանակ երկու քաղաքացիների միջև, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղի ունեցած ծեծկռտուքի, բռնություն գործադրելու վերաբերյալ հրապարակայնորեն կոչեր է հնչեցրել՝ արդարացնելով նման բռնության հրապարակայնորեն գործադրումը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Oragir.news-ի հետ զրույցում Ախոյանն անդադարձավ մեղադրանքին ու քրեական գործին։ «Ես ասել եմ՝ արցախցուն հայ չհամարողներին ու նման հայտարարություններ անողին, որոնցից մեկը Ռոման Բաբայանն է, ուղղակի կարելի է սատկացնել։ Ռոման Բաբայանի նման կենդանիները ազգը պիտակավորում, պառակտում են, վիրավորում են նման բաներով, դա կարելի է, իսկ երբ ես ասում եմ, որ նման բան չի կարելի ասել, եւ ասողներին հարկավոր է պատժել, դա բռնության կոչ է։ Ես ասել եմ, որ կապիտուլյանտ վարչապետի ստեղծած հասարակության շերտի մի որոշ հատված, որ այսօր իր խամաճիկներն են, հենասյուները՝ Գնել, Ռոման, Ռուստամ, այդ տիպի կենդանիներով է շրջապատված վարչապետի վարչակազմը։ Իսկ մեր նկատմամբ՝ մարդկանց, որոնք պատրաստ են հայրենիքի համար կյանքը զոհելու, քրեական գործեր են կարում։ Գիտենք՝ հիմա ինչքան քաղբանտարկյալներ կան»,- նշեց նա։
Ախոյանի խոսքով՝ այս քրեական գործերը իրեն չեն կարող ընկճել․ «Ես մասնակցում եմ բոլոր ցույցերին եւ հավաքներին։ Ես իմ ասածի համար չեմ զղջում։ Նման մարդկանց ոչ թե ես պիտի ասեի, այլ իրավապահները պարտավոր էին դրոշը գետնին գցող, տրորողներին պատժել։ Նրանք, ովքեր կասեն, որ արցախցիները հայ չեն, կվիրավորեն, ամեն ինչի պատրաստ ենք։ ՀՀ ցանկացած արժանապատիվ քաղաքացի նույն ձեւ կվարվի»։