Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:21 20-05-2022

Հայաստանում չեն մտածում հետիոտների անվտանգ տեղաշարժի մասին

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Ավտոճանապարհային պատահարների զոհերի թվով Հայաստանն ամենավատ հորիզոնականներից մեկում է՝ 2-րդ տեղում Եվրամիության և Արևելյան հարևության 33 երկրների շարքում։ 100 հազար բնակչի հաշվով ամեն տարի Հայաստանում ճանապարհային պատահարներից մահանում է մոտ 11 մարդ, նրանց 3 տոկոսը մինչև 14 տարեկան երեխաներ են։ Այդ պատահարները լինում են ոչ այնքան վարորդների թերացման, ինչքան Ճանապարհային ոստիկանության անգործության կամ սխալ աշխատանքի պատճառով։ Հայաստանում հետիոտների մասին, կարելի է ասել, չեն մտածում, իսկ եթե մտածում են, ուրեմն չեն գիտակցում այն խորքային խնդիրները, որոնց ականատես են լինում հետիոտները ամեն օր հետիոտնային անցումով անցնելիս։ Շատ խաչմերուկներում երթևեկությունը նորմալ չի կարգավորվում լուսացույցներով, ինչն էլ բազում վրաերթերի պատճառ է հանդիսանում։ Դա էլ իր հերթին երևի գալիս է նրանից, որ այդ լուսացուցային կարգավորումով զբաղվում են այն մարդիկ, ովքեր երթևեկում են մեքենայով և հետիոտնի կարգավիճակում չեն լինում։ Նման խնդրի հանդիպում են հետիոտները Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Բուզանդ փողոցների հատման մասում։

Հասկանալու համար, թե ով է թերացել իր աշխատանքում, որ կա նման խնդիր, Օragir.news-ը կապ հաստատեց Ճանապարհային ոստիկանության հետ, որտեղից մեզ հետ զրույցում նախ ասացին, որ կապ հաստատենք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հետ, քանի որ նրանք են զբաղվում այդ խնդրով։ Հետո մեզ ասացին, որ տարիներ առաջ այդ խաչմերուկում որոշակի խնդիրներ եղել են, որի մասին հետիոտները բարձրաձայնել են, բայց այս պահին խնդիրը լուծված է։

«Երբ Գրիգոր Լուսավորիչ փողոցից աջ ենք գնում դեպի Արշակունյաց պողոտա, այնտեղ շատ հստակ երևում են և՛ կանաչ լույսը, և՛ հետիոտնային անցումները։ Մինչև հետիոտնային անցմանը մոտենալը՝ աջ և ձախ կողմերը շատ պարզ երևում են, իսկ Արշակունյաց պողոտայից եկող մեքենաների համար ամեն գծերը հետ են գծվել, որպեսզի բոլոր տրանսպորտային միջոցների վարորդներին տեսանելի լինի՝ արդյո՞ք հետիոտնային անցումով մարդիկ անցնում են, թե՞ ոչ։ Այդ ամենի հետ կապված կատարվել են գործողություններ դեռ 2020 թվականից, որից հետո այլևս բողոքներ չեն եղել, որովհետև արդեն տեսանելի էր և՛ վարորդներին, և՛ հետիոտներին։ Դրանից հետո վրաերթերը հետիոտներին հետ կապված կտրուկ նվազեցին։ Այն ժամանակ ասում էին, որ չեն տեսնում, բայց հիմա, քանի որ գիծը այնպես է կարգավորված, որ հեշտ լինի, տեսանելի լինի հետիոտնային անցումը, դրանից հետո վրաերթների հետ կապված խնդիր չեղավ։ Նույնիսկ տվյալ հատվածում բնակվող հետիոտները գրություն էին ուղարկել Ճանապարհային ոստիկանություն, որ շատ գովելի է կատարած աշխատանքը, երթևեկությունը լրիվ կարգավորվել է»,- ասաց Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը։

Երևան քաղաքի տրանսպորտային վարչության աշխատակից էլ Oragir.news-ի հետ զրույցում ասաց․ «Եթե վարորդները Գրիգոր Լուսավորիչ փողոցից երթևեկում են դեպի Արշակունյաց պողոտա, աջ երթևեկելի գոտուց անընդհատ թույլատրվում է մեքենաների երթևեկությունը, բայց վարորդները պարտավոր են հետիոտներին զիջել, չխոչընդոտել հետիոտների ազատ տեղաշարժմանը։ Ճանապարհային երթևեկության կանոններով կանոնակարգված է․ եթե վարորդները չեն զիջում, պարեկային ծառայության իրավասությունն է կիրառելու հարկադրանքի միջոցներ։ Իսկ մեր այն հակադարձմանը, որ վարորդները մեծ արագությամբ գալիս են և չեն տեսնում, որ լույսը կանաչ է, մեզ հակադարձեցին՝ հետիոտնին գոնե պարտավոր ենք տեսնելու։ Կանաչ լույսը էական չի, այնտեղ կա բավական տարածություն, ազատ տեսարան է, հետիոտներին պարտավոր են տեսնել։


Իսկ մեր այն հարցին, թե ինչու է միշտ աջ սեկցիան կանաչ, պարասխանեցին. «Դա ճանապարհային երթևեկության կազմակերպման խնդիր է, որը ճանապարհային ոստիկանության գործառույթն է»։