copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:16 19-05-2022

Մեր ամենավտանգավոր այլընտրանքը

Հայությունն արդեն ավելի քան չորս տարի ապրում է հայոց նորագույն պատմության մի այնպիսի զավեշտական շրջանում ու պետականորեն չգործող իշխանությունից օտարվածության պայմաններում, երբ համբակն է երկրի ու ազգի ղեկավար դարձել։

Իհարկե, մեր` հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ սա առաջին նման դեպքը չէ։ Ցավոք, էլի են եղել և՛ համբակներ ու կրավորականության դաջվածքով դավաճաններ, և՛ վախկոտներ, ստախոսներ ու թուլամորթներ, և՛ գանձագողեր, փողամոլներ, օտարապաշտներ, և՛ ստրկամիտներ ու դասալիքներ, և՛ ստոր, խարդախ, խորամանկ, բարոյազուրկ արկածախնդիրներ։ Սրանք բոլորը անպայման նաև մտավոր պակասություններ, զգայական ու զգացական խախտումներ, բնույթային դեֆեկտներ են ունեցել, այլասերվածության, մարդատյաց ու լուսանցքային արժեքներ են դավանել։ Որպես կանոն` անհեռատես, թերուս, տգետ, անփորձ, ծույլ, անբան, սեփական դեմք չունեցող ու իրենց դերը չընկալած անձինք են եղել։ Սրանցից ամեն մեկն իր կարողացածի ու փչացածության չափով կործանել է Հայաստանը ու վնասել է հայությանը։

Նման համբակներ էլի կլինեն հայոց պատմության մեջ, քանի դեռ հայությունն ազգովի չի գիտակցել մի շատ պարզ ու նույնքան էլ անհերքելի ճշմարտություն։ Միշտ Հայաստանին ու հայությանը պարբերաբար համակող աղետները, արհավիրքները, թշնամական ու դավաճանածին ոտնձգությունները, հուսալքությունները, հավատի արհեստական երերումները ոչ թե պատահակարորեն համընկնում են համբակների իշխանակալման տարիներին, այլ սրանց գոյության անմիջական ու անխուսափելի հետևանքներն են։ Մեր ազգային էպոսում այս պարզ ճշմարտությունն ուղղակիորեն է արձանագրված. «Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր։ Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա, վեր կացավ կըռվով Սասունի վըրա»։

Ամենևին էլ պատահական չէ, որ իր հրաժարականի՝ հմտորեն պատրաստած խոսքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առանձնահատուկ ընդգծել էր ժողովրդին խոր ու տևական թյուրիմացության մեջ պահելու, իր կիսատ թողածը երբևէ շարունակելու շանսը պահպանող մանտրան. «Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես ՀՀ-ում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ Դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր։ Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացե՛ք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր»։ Եվ հաջորդած քսան տարիներին հայոց երկու պետություններին` Արցախին ու Հայաստանին, «ավելի վտանգավոր» նոր ոչինչ չսպառնաց։

Ադրբեջանաթուրքական նույն ոխերիմ թշնամին էր, որ պանթուրականակն իր բոլոր նկրտումները ձախողեց ու անելանելի վիճակում հայտնվեց։ Միջազգային բոլոր ատյաններում էլ մղկտում էր, թե իրեն պատին են դեմ տվել և զիջումներ են պահանջում։ Պատերազմ չեղավ, իսկ Արցախն ու Հայաստանը առավել հզոր, պաշտպանված ու անվտանգ դարձան։ Ամեն ինչ տրամագծորեն փոխվեց, հենց որ 2008 թ․-ի ձախողված փորձից դասեր քաղած նույն այդ ադրբեջանաթուրքերը 2018 թ․-ին կարողացան «ժողովրդական» թավշյա, բազմագույն հեղաշրջում կատարել ու իշխանության ղեկը հանձնել իրենց դրածոներին։ Ինչպես և ավանդել էր Լևոն Տեր-Պետրոսյանը` ամենաշուստրի, ամենանենգ, ամենահայատյաց իր աշակերտ Նիկոլի գլխավորած ադրբեջանաթուրքական, սորոսաբրիտանական, աղանդավորական ու լուսանցքային խամաճիկներից կազմված թավշա իշխանությունը առաջին իսկ օրից գործունեությունը շարունակեց հենց այն կետից, որը դարձել էր առաջին նախագահի հրաժարականի պատճառը։

Արցախի հիմնահարցը բերվեց 1996-ի ճահճացած վիճակին, հետո ամենևին ջնջվեց։ Պետականության բոլոր հիմնադրույթները խարխլվեցին, ու պետական ողջ համակարգը ոչնչացվեց։ Բանակը մեթոդաբար կազմաքանդվեց ու բարոյալքվեց։ Ապա ադրբեջանաթուրքական պերմանենտ պատերազմը, և պարբերբար կրկնվող սպառնալիքներն ու շանտաժը դարձան մեր խաղաղ ապրելու, ապագա ունենալու միակ այլընտրանքը։ Այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենապատրաստակամ, ամենակույր, ամենավախկոտ ու ամենաստախոս կատարածուն իրականում չուներ ոչ մի նման առաջադրանք` ո՛չ երկրի խաղաղությունը պահպանելու, ո՛չ էլ դարավոր թշնամու հետ արժանապատիվ հաշտություն կայացնելու։ Հետևաբար, առավել վտանգավոր այլընտրանք, քան Նիկոլն է, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ որևէ դեսպանատուն, ո՛չ թրքական միտքը, ո՛չ այլ որևէ մեկը Հայաստանի ու հայության համար չէր էլ կարող հնարել։

Ամենից շատ դիտված

21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
15:25 Լոռու Ջիլիզա գյուղը կհանձնվի Վրաստանի՞ն
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
15:11 Ժա՛ննա, հեռացի՛ր. քաղաքացիները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. ՈւՂԻՂ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել