Ուղիղ եթեր
copy image url
Միտք 1 տարի առաջ - 13:09 13-05-2022

Ինքներս կողմնորոշվենք, թե չէ կկողմնորոշեն

Նախկինում՝ Հայաստանի բոլոր նախկին իշխանությունների օրոք, կոմպլեմենտար քաղաքականություն վարելը բավականին դժվար գործ է եղել։ Հիմա` Նիկոլի թվին, արևմուտքի ու հյուսիսի միջև փոխլրացման, փոխշահավետ, փոխըմբռնման քաղաքականություն բանեցնելը Հայաստանի համար ուղղակի անհնարին գործ է դարձել։ Աշխարհն այսօր մեր շահերը հաշվի առնելու ցանկություն չունի ու ոչինչ նրան չի ստիպում ըմբռնել մեր առջև ծառացած նախկին ու նորահայտ խնդիրներն ու մարտահրավերները։ Մենք ինքներս պետք է կարողանանք ճշգրիտ կողմնորոշվել այսօրվա հարափոփոխ, անկայուն, անորոշ աշխարհում։

Սխալվելը ճակատագրական, անթույլատրելի, աններիելի, անվերականգնելի հետևանքներ կարող է ունենալ։ Չսխալվելու համար նվազագույնը անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է կատարվում այսօր աշխարհի՝ մեզ անմիջականորեն առնչվող մասում, և հիմնավորված, իրատեսական, միանշանակ որոշում կայացնել։ Այլապես մեր փոխարեն կորոշեն ուրիշները։

Արևմուտքը համառորեն ու ամեն գնով շարունակում է իր համար ու իրեն հարմար միաբևեռ, գլոբալ աշխարհը կառուցելու պայմանները թելադրել ու պարտադրել բոլորին։ Հյուսիսը բոլոր հնարավոր միջոցներով, ռեսուրսներով ու եղանակներով փորձում է սեփական բևեռը ձևավորել, որպեսզի առնվազն կարողանա գոյատևել։ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև առավելապես միջնորդավորված, երբեմն էլ ուղղակի հակամարտությունները հիբրիդային պատերազմների ու անուղղակի ագրեսիաների փուլից անցնում են անմիջական ռազմական գլոբալ բախումների փուլ։ Այսինքն՝ ՌԴ-ն վերջնակարորեն հրաժարվում է համաշխարհային հեղափոխության գաղափարից, բայց ամեն գնով պաշտպանում է աշխարհի մի առանձին հատվածում կամ բևեռում իր արժեհամակարգը պահպանելու իրավունքը։ ԱՄՆ-ն ինքն իրեն իրավունք է վերապահում համաշխարհային հեղափոխության միջոցով բոլորին պարտադրել իր արժեհամակարգը ու իր սահմանած կանոններով ղեկավարվող տոտալ, միաբևեռ աշխարհակարգը։ Միաբևեռ աշխարհում տեղավորվել չցանկացող, նաև երկբևեռ աշխարհի որևէ ճամբարում իրենց հատկացված տեղից ու դերից դժգոհ պետություններն էլ իրենց հերթին են պատրաստվում օգտվել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի գլոբալ բախման առիթից։

Իրենց սեփական նոր, փոքր, լոկալ բևեռիկներն ու ճամբարիկները, ենթաբևեռիկներն ու ենթաճամբարիկները ձևավորել ցանկացողների` երազողների պակաս չկա։ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի օգնությամբ ու շատ ծանր գնով ազատվեց Եվրամիության կապանքներից` վերստին կայսրություն դառնալու իր հավակնությունը իրագործելու մղումով։ Ասիական ու աֆրիկյան գաղութներ ունենալու ցանկությունը, իհարկե, առկա է, բայց սթափ գործող ՄԲ-ն, անիրագործելի պլաններ կազմելու փոխարեն, իր հստակ ծրագիրն ունի։ Նպատակը համաեվրոպական գերիշխանություն ստանալն է, Ֆրանսիային ինքնուրույնությունից իսպառ զրկելը, Գերմանիային ավելի տոտալ, բացարձակ վերահսկողության տակ առնելը։ ԱՄՆ-ի մշակած այս ծրագիրը միանգամայն ընդունելի է նաև բրիտանական MI 4-ի, MI 5-ի և MI 6-ի համար։ Այս կերպ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթող կողմ համարվող ՄԲ-ն հնարավորություն է կստանա վերականգնելու իր կայսերական տիտղոսն ու այլ կորուստները, վերանայելու պատերազմի արդյունքները, աշխարհի նոր վերաբաժանման հարց առաջադրելու, նաև ԱՄՆ-ի հովանու ներքո՝ ղեկավարելու գլոբալ աշխարհի՝ իրեն վստահված հատվածը` Եվրոպան։

Այս ծրագիրն իրագործելու համար ԱՄՆ-ն ՄԲ-ի ավագ օգնականներ է նշանակել Լեհաստանին ու Թուրքիային։ Իրենց հերթին սրանք էլ ունեն իրենց մեծ ու փոքր սատելիտները։ Եվրոպայի հյուսիսային մասում Լեհաստանին ամենայն աջակցություն ցուցաբերելու անվերապահ պարտավորություն են ստանձնել Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ուկրաինան։ Հեռանկարում, ըստ ծրագրի, միանալու են նաև Մոլդովան, Շվեդիան, Ֆինլանդիան։ Լեհաստանն արդեն հրապարակել է Ուկրաինան մասնատելու և դրա մեծ մասն իր կազմում ներառելու պլանը։ Իր տարծքներն ընդլայնելու և սեփական փոքր գլոբալ ենթաբևեռներ կազմավորելու նկրտումներ ունի նաև Շվեդիան, իսկ փոքրիկ ու կախյալ սատելիտների համար նախատեսված է նույն Ուկրաինայի ճակատագիրը։

Թուրքիան գլոբալ աշխահի իր ենթաբևեռն է ձևավորելու Եվրոպայի հարավային մասում։ Եվ դա անելու համար ստացել է առնվազն և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Վրաստանի, և՛ Ադրբեջանի տարածքներում իր գերիշխանությունը հաստատելու անվերապահ թույլատվություն և՛ ԱՄՆ-ից, և՛ ՄԲ-ից։ Ահա և հարցի պատասխանը, թե վերջին չորս տարիներին ինչո՞ւ են ԱՄՆ-ն ու ՄԲ-ն այսչափ հանդուրժող ու «անկողմնակալ» և՛ Անդրկովկասում Թուրքիայի ծավալած բուռն գործունեության, և՛ թուրքական նկրտումներն իրագործելուն ամենայն կերպ աջակցող նիկոլական ռեժիմի նկատմամբ։

Գլոբալ աշխարհամակարգում կոմպլեմենտարություն ոչ մեկին չի թույլատրվելու։ Իսկ սա նշանակում է, որ միաբևեռ աշխարհի ծրագրում մեր` հայության ու Հայաստանի համար տեղ է նշանակված ու դեր է որոշված Թուրքիայի ենթակայության ներքո գործելիք ենթաբևեռում։ Հենց այստեղ էլ արդեն 4 տարի քայլ առ քայլ մեզ տանում է նիկոլական ռեժիմը։ Ամեն ինչ կարող է տրամագծորեն փոխվել ողջ աշխարհակարգում, ուրեմն նաև՝ Եվրոպայում ու Ասիայում, եթե ՌԴ-ն կարողանա իրագործել Ուկրաինայում սկսած հատուկ ռազմական օպերացիայի շրջանակում առաջադրած բոլոր նպատակները ու դիմակայել կոլեկտիվ արևմուտքին։ Այդ դեպքում հենց ինքը` ԱՄՆ-ն, ստիպված կլինի փոխել իր ծրագիրը։ Իսկ մենք, բոլոր դեպքերում, արդեն ստիպված ենք ճշգրիտ կողմնորոշվել, կամ մեզ կկողմնորոշեն։