copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:56 10-05-2022

Ասում են՝ մենք ստամոքսի ժողովուրդ ենք․ չէ՛, մենք հայրենիքի ազգ ենք

Անկախ սերունդներից ու ժամանակներից, դարից ու հազարամյակից՝ ամեն հայի մեջ նստած, անթեղված է ծովից ծով Հայաստանը: Մեր երակների մեջ մեր արյան գույնն է, հոգեկերտվածքում է, ողնաշարից ներս, որ փոխանցվում է հարատև, անկասելի՝ անկախ մեր կամքից, և մենք չգիտենք՝ ինչու ենք այդպիսին: Հայի աչքերի մեջ Հայաստանն է՝ Արցախ աշխարհով, իսկ մտքի մեջ՝ Պատմական հայրենիքը: Աշխարհի որ ծայրում էլ ապրի, նա այդպիսին է: Սա է գաղտնիքը, որ աչքերը խոնավ են, իսկ միտքը՝ խրթին: Այսօր էլ յուրաքանչյուր հայր համար առաջնայինը Հայաստանն է, իր հայրենիքը՝ հացից, ջրից, անգամ օդից առավել: Անտարբեր թվացողների ներսում էլ է նույնը, նույն ալիքը, պարզապես փոթորկվելու փոխարեն պղտորված է, բայց նույն հայրենիքի ցավն է և այդ ցավի վրդովմունքը: Երբ ասում է՝ թքած ունեմ, խորապես ստում է: Ուղղակի վրդովված է և իր ցավի զայրույթն այդպես է արտահայտում:

Ասում են՝ մենք ստամոքսի ժողովուրդ ենք: Չէ՛, մենք հայրենիքի ազգ ենք: Փորձիր որևէ հայի ասել, աշխարհի որ ծայրում էլ ապրի, թե Մասիսը հայկական ու հայինը չէ, Արաքսը մեր մայր գետը չէ, Անին մեր հազար ու մի եկեղեցիների ու հրաշք մայրաքաղաքը չէ, Վանը, Կարսը, Շուշին մեր բերդաքաղաքները չեն, գլուխդ կջարդի, լեզվակոխ կանի, որքան էլ անլեզու լինի: Մենք չենք հրաժարվել ու չենք մոռացել, մենք հնարավորություն ենք ուզում: Մեզ տվե՛ք հենման կետ, և մենք կշրջենք աշխարհը, ետ կբերենք մեր աշխարհը: Էդ բանը մեզնից լավ մեր թշնամին գիտի:

Այսօր մի քիչ հոգնած են, մի քիչ շատ են խաբվել, հաճախ բախել են, չի բացվել, ուզել են, չի տրվել, մի քիչ երկար են անապատում քայլել, և մոտիկ օազիսը միրաժ է եղել, հոգնել են ու ձանձրացել: Էն վերջում մեռնող հույսը դեռ ապրում է, բայց հուսալքված է: Այս ավերն ու պատերազմը, այսքան սպանդն ու արյունը, գտածն ու կորցրածը, բարձր գլուխը խոնարհելը, ծնկներին ընկնելը, այդչափ հաճախ ու շատ, երկար հույս կապելն ու հուսախաբվելը… Հեշտ չէ դիմանալ այս բազմաբովանդակ փորձություններին ու մնալ անկոտրում: Ի վերջո, մենք էլ մարդ ենք, միս ու արյունից ենք և հոգի ունենք: Ճիշտ չէ, որ դատում ենք, թե ինչո՞ւ մեջքը ուղիղ չի, երբ որովայնին հարված է ստացել:

Իսկ չհոգնածները, անվրդովները, որովայնին հարված ստացած ու մեջքը շտկածները, հույսից լքված, բայց հույսը չլքածներն այստեղ են՝ այս խաչվող հրապարակում, Երևանի փողոցներում՝ շար-շար քայլող: Նրանք ամեն օր գալիս են, շատանում են ու չեն ասում՝ վերջ: Վերջում են ասելու վերջ: Փորձե՛ք նայել այդ մարդկանց աչքերին, վեր պարզած բռունցքներին, անքննին հայացքներին, չե՛ք դիմանա: Այդ ուժին չեն դիմանա ո՛չ սև, ո՛չ սպիտակ հրեշտակները: Կանգնած են անձրևի ու քամու տակ, արևի ու ցրտի մեջ և քնում են պաղ ու թաց ասֆալտին խփած վրաններում, բայց չեն երերում ու ընկրկում: Գուցե նրանք էլ փափուկ բազմոց են սիրում ու տաք անկողին և չեն ուզում գալ: Իսկապես, նրանք չեն գալիս, նրանց բերում է ոգին, և այդ ոգու անունն է Հայրենիք՝ ազատ ու ինքնիշխան, որ չեն զիջելու: Որովհետև կեսգիշերին, աձրևի տակ նստած, հեքիաթ են կարդում ու մեկնում, որտեղ բարին հաղթում է չարին: Այս մարդկանց չես կասեցնի, կանգ չեն առնի:

Ամենից շատ դիտված

08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև
21:44 Մի՞թե չի մտածում՝ Փաշինյանից հետո կյանք կա. Բրյուսովի նախկին պրոռեկտորը՝ Գյուրջինյանի առաջարկի մասին