Երևան +14°
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:08 04-05-2022

Անասնական վախ, որովհետև գիտեն՝ սա վերջն է, իրենց վերջը

Իշխանությունը ինքնամոռաց խուճապի մեջ է և որպես վերջին հույսի խախտում՝ բռնության է դիմում կարմիր ու սև բերետավորների միջոցով: Անում է այն, ինչն իրենց նկատմամբ չեն արել 2018-ին, երբ փողոցում էին և հեղափոխություն էին անում: Այն ժամանակ Հայաստանը բռնապետություն էր՝ ըստ այս իշխանավորների, իսկ հիմա ժողովրդավարության բաստիոն է՝ դարձյալ նույն այս իշխանավորների փչած փուքսի:

Չարենցը «Մահվան տեսիլ» պոեմում մի այսպիսի պատկեր ունի, երբ մերկանդամ մեկը հետույքով փուքս է փչում՝ նստած մոխրին, որ կրակ հանի: Սրանք՝ այս իշխանիկները, մերկ հետույքով մոխրին նստած փուքս փչողներ են հիմա: Մոխրին նստած փուքս էին փչում հենց սկզբից: Բայց ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա կրակ դուրս չեկավ և դուրս չի գա: Ոչ թե մոխիրն էր մեռած, այլ սրանք, որ չհասկացան՝ հետույքով փուքս չեն փչում, որովհետև հետույքից կրակ դուրս չի գալիս, այլ… Կրակը աչքերից է ցայտում, կրակը բերանից է դուրս գալիս, կրակը ուղեղի պայթյուն է, ոչ թե հետույքի փքում: Բայց չդատենք, ամեն մեկն իր ունեցած միջոցն է կիրառում և այդ միջոցից դուրս եկածով է կա՛մ մաքրում, կա՛մ ապականում:

Այս ապականողների մեջ ամենացայտունը վախն է արտահայտված: Սրանք վախ են և ուրիշ ոչինչ, կատարյալ վախ: Վախ ամեն ինչից՝ սեփական ստվերից, տեսած երազից, բաց աչքերով նայելուց, օդից, քամուց, իրենց զկրտոցից, սեփական փռշտոցից: Անասնական վախ: Ճղճղացողներն ամենավախկոտներն են, անասունի պես դողացողներ, որ ընդունակ են ամենանողկալի բաների, ապականության: Ապականություն մի ամբողջ երկրի, ժողովրդի, պատմության, ազատամարտի, արժեքների ու սրբությունների: Վախ է, որ նայում են ետ, որովհետև վախ էր, երբ նայում էին առաջ: Վախ, որ ստիպում է դիմել բռնության: Բռնության են դիմում, որովհետև գիտեն՝ սա վերջն է, իրենց վերջը:

Վերջ, որի մեջ չի լինելու ներում: Չի ներվելու Արցախի կորուստը, չի ներվելու մեր վերջին պետականության կործանումը, չի ներվելու Հայաստանի տարածքները թրքացնողն ու թշնամուն հանձնողը: Չի ներվելու մի ամբողջ սերնդի ոչնչացումը՝ սպանդն ու խեղումը: Չեն ներվելու այս սարքած պատերազմն ու պարտությունը, թշնամու այդքան ծաղրն ու դրա տակ կքելը: Չեն ներվելու սրբությունների ու արժեքների ջարդը, բարոյալքումը, պառակտումը, չարությունն ու ատելությունը, այսքան խրամատը, երբ քո ձեռքով կրակում ես քո սրտին: Այսքանից հետո բնական են անասնական վախը, անասունի պես դողալը վերջից: Չե՛ն ներվելու: Ներում չի գտնելու սրանց ներողը:

Հուսիկ Արա