Ներքին 4 տարի առաջ - 20:23 02-05-2022

ԱԺ փոխնախագահն ընդունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հակոբ Ասլանյանը:

Այս տարի լրանում է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված են սերտ, բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի ներդրումն աշխարհում խաղաղության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, աղետների կանխարգելման եւ մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում:

«Խոսելով միջխորհրդարանական կապերի ամրապնդման մասին՝ ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական բարեկամական խմբերն արդյունավետ կհամագործակցեն եւ նոր լիցք կհաղորդեն երկկողմ հարաբերություններին: Անդրադարձ է եղել միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցությանը:

Տարածաշրջանային խնդիրների համատեքստում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Ճապոնիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու հանձնառությունը: Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ խաթարել կայունությունը տարածաշրջանում. ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում: Չլուծված է մնում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց խնդիրը: ԱԺ փոխնախագահը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, տնտեսական կապերի աշխուժացմանը, հայ եւ ճապոնացի ժողովուրդների մշակութային երկխոսության ամրապնդմանն ուղղված քայլերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բարեկամական խմբի ղեկավարը եւս պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը, արժեւորել տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը: Մշակութային կապերի սերտացման համատեքստում Բաբկեն Թունյանը կարեւորել է ապրիլի 15-ին Ազգային ժողովի այգում Հանամիի տոնը նշելը, ինչը հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունն ու մշակութային երկխոսությունը հավաստող եւս մեկ վկայություն է:

Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալն իր հերթին շեշտել է, որ Հայաստանն իրենց համար կարեւոր գործընկեր է եւ՛ երկկողմ, եւ՛ միջազգային համագործակցության համատեքստում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Տարո Հոնդան նշել է, որ իր երկիրը 44-օրյա պատերազմի օրերին կողմերին խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու կոչ էր արել: Նա ընդգծել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու կարեւորությունը:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ կապերի զարգացման դրական դինամիկան, անդրադարձել առեւտրատնտեսական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին: Նշվել է, որ հատկապես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների եւ թվայնացման ոլորտներում առկա են համագործակցության լայն հնարավորություններ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը