Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:03 28-04-2022

Արցախի դրոշով հաջորդ երթը կանցկացվի ապրիլի 30-ին

Համախմբման գաղափարը կարևորելով` ապրիլի 27-ին Արցախի 40 մետրանոց դրոշով երթ իրականացվեց
մարզահամերգային համալիրի տարածքից դեպի Ազատության հրապարակ։ Գործող իշխանության հեռացումը
պահանջելով՝ մասնակիցներն անցան Երևանի փողոցներով, իսկ նրանց կոչերին միացան անցնող մեքենաներն
ազդանշաններով։

«Այսօրվա խորհուրդը համախմբումն է հանուն պայքարի, որ հայն իր հայրենիքի տերը մնա, որ հասկանա՝ այս երկիրը
մի քանի հոգու մենաշնորհը չէ, ամեն մարդ պետք է տեր կանգնի իր հայրենիքին: Եթե մենք նստում ենք մեր տներում և
հետո բողոքում, որ իշխանությունները հերթով գալիս իրար ձեռքից խլում են մեր հայրենիքը, ապա մենք ենք մեղավոր,
մենք ենք թույլ տվել: Արցախի դրոշը մենք մեր պայքարի խորհրդանիշն ենք դարձրել, որովհետև մենք 30 տարի, հետո
մեր որդիները նույնպես պայքարի էին ելել Արցախի համար, որ այն Ադրբեջանի ճիրաններից ազատվի, միանա
Հայաստանին: Արցախը խորհրդանիշն է մեր համահավաք հայկական երազանքի, որը մեր սերունդները պետք է կերտեն:
Ոչ մի իշխանության տրված չէ հաջորդ սերունդների ձեռքից խլելու պայքարի իրավունքը: Պահելով Արցախը՝ մենք
իրավունք ենք տալիս մեր սերունդներին հզորանալ ու տեր կանգնել իրենց պատմական հայրենիքին: Մեր երազանքները
պետք է մեծ լինեն, որ նվաճումներն էլ մեծ լինեն»,– ասաց Կարին Տոնոյանը:

Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ այս երթը ցույց տվեց, որ Արցախն Ադրբեջանին չհանձնելու և Նիկոլ Փաշինյանին
հեռացնելու հարցում առկա է հանրային մեծ աջակցություն և համաձայնություն:

«Մենք շարունակելու ենք մեր գործողությունները, Արցախը լինելու է անկախ, իսկ դա կախված է հիմա
յուրաքանչյուրիցս: Ոտքի՛ կանգնեք հայ երիտասարդներ: Հայաստանի բոլոր շրջաններում պետք է ոտքի ելնել,
պայքարել և հեռացնել այս իշխանություններին»,-ասաց Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով, որ միայն Նիկոլի
հեռացմամբ կարող են ապահովել Արցախի անկախությունը:

Ավետիք Չալաբյանը եւս մեկ անգամ նշեց, որ նման երթերի ու ակցիաների նպատակը նույնն է՝ բնակչությանն
իրազեկել ու ակտիվացնել.

«Մեր հասարակության մի զգալի մաս դեռ մնացել է որոշակիորեն պասիվ վիճակում,քանի որ ունի մտահոգություններ,
թե հետոն ինչպիսին է լինելու: Մեծամասնությունը հրաժարվել է գործող իշխանություններից, համարում է, որ նրանք
իրենց սպառել են, ինչը մենք տեսնում ենք, բայց բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսի՞ն պետք է լինի նոր
կառավարությունը, ինչպե՞ս է նա խուսափելու հնարավոր նոր պատերազմից, ինչպե՞ս է փոխելու պետության
կազմաքանդման ընթացքը և այլն: Մենք այդ ամենի մասին հետևողական ու համբերատար պետք է հասցնենք մարդկանց՝
նրանց հետ լինելով երկխոսության մեջ»,-ասաց Չալաբյանը:

Չալաբյանի խոսքով՝ դրոշի մոտ կանգնած մարդիկ շարունակելու են պայքարը, թույլ չեն տալու, որ հայ ազգի
պատմության վերջին էջը շրջվի, որ թշնամին վհատեցնի հային:

Երթի մասնակիցները անցան նաև Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկով, որտեղ ապրիլի 27-ի ցավալի դեպքն էր
տեղի ունեցել՝ Նիկոլ Փաշինյանի շարասյանն ուղեկցող ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի
ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի կնոջ, որը Արցախում «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար
Սոնա Մնացականյանն էր։ Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հարգեցին նրա հիշատակը:

Արցախի դրոշով հաջորդ երթը կանցկացվի ապրիլի 30-ին:

Ամենից շատ դիտված