«Փաստ» թերթը գրում է. «Մինչ իշխանավորները ցուցադրական թեթևամտությամբ են արձագանքում ռուսական գազի՝ հնարավոր 69 տոկոս թանկացման լուրերին, շարքային քաղաքացին ստիպված է կատարել պարզ, գուցե կոպիտ, բայց դաժան հաշվարկ։ Եթե այսօր տան կապույտ վառելիքի համար վճարում եք, դիցուք, 10000 դրամ, ապա մոտ ապագայում ստիպված եք լինելու արդեն վճարել 16900 դրամ։ .
Փոխանակ ստեղծված ճգնաժամային իրավիճակին սթափ գնահատական տալու և գործնական քայլեր ձեռնարկելու, կառավարող թիմում նախընտրում են ամեն ինչ վերածել դատարկաբանության և անհոգ շաղակրատանքի՝ փորձելով հանրությանը համոզել, թե իբր ամեն ինչ վերահսկողության տակ է: Մինչդեռ հարցն այն է, որ պետական կառույցները մատը մատին չեն տալիս այս ահռելի հարվածը մեղմելու համար, և յուրաքանչյուր օրն աշխատում է բացառապես երկրի տնտեսության դեմ։
Դեռևս աշնան սկզբին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հստակ հայտարարել էր, որ գազի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել ապոկալիպտիկ հետևանքների, և որ պահանջելու է կառավարությունից ոչ ստանդարտ ու բավականին կոշտ քայլեր։ Բայց իշխանական դիլետանտ «տնտեսագետների» համար մասնագիտական զգուշացումները ոչ մի արժեք չունեն. նրանց համար շատ ավելի հեշտ է վերևից նայելով հայտարարել, թե տարիների փորձ ունեցող մասնագետները պարզապես «չեն հասկանում տնտեսությունից»։
Գործադիր իշխանության ղեկավարն ու նրա քաղաքական թիմը շարունակում են ձևացնել, թե զարմանում են, թե ինչպես կարող է ԵԱՏՄ-ն իրենց պես «անվերապահորեն ազնիվ ու պարկեշտ» գործընկերոջ հետ խոսել վերջնագրերի լեզվով։ Մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ստորագրությամբ հրապարակված զեկույցներում բաց տեքստով արձանագրված է, որ Երևանի՝ դեպի Եվրամիություն ձգտելու և միաժամանակ ԵԱՏՄ արտոնություններից օգտվելու քաղաքականությունը գնահատվում է որպես երկակի և անբարեխիղճ խաղ։
Թվերն ու հաշվարկները, սակայն, անողոք են. ԵԱՏՄ շրջանակներում արդեն կազմվել են հնարավոր սցենարները։ Միությունից դուրս մնալու կամ հարաբերությունների վատթարացման դեպքում, գազի թանկացումից զատ, Հայաստանին սպառնում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 16 % նվազում, ապրանքների և ծառայությունների արտահանման 42 % ու ներմուծման 27 % կտրուկ անկում, ինչպես նաև առնվազն 15 %-անոց գնաճ։
Եթե այս կանխատեսումների նույնիսկ չնչին մասն իրականանա, երկրի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին։ Եվ սա այն պարագայում, երբ ներկայիս իշխանության կառավարման 8 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից ոչ թե նվազել է, այլ ավելացել է ուղիղ 5 անգամ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։