copy image url
Միտք 1 տարի առաջ - 19:52 27-04-2022

Դիակապուտության մերժումը՝ իբրև հավաստում…

Օրեր առաջ Հայաստանի մշուշոտ ապագայի շուրջ ծավալված թեժ բանավեճի մասնակիցը դարձա: «Բարիկադի» սև ու սպիտակ կողմերը միմյանց «փաստախեղդ» էին անում՝ ցուցելով իրենց կողմից նախապատվելի դիտարկված տարբերակների տեսանելի պլյուսներն ու անտես մինուսները: Բանավեճի կուլմինացիոն հատվածում մասնակիցներից մեկի կողմից վկայաբերված փաստարկները այլ կերպ, քան աբսուրդ, չես որակի:

«Ինչո՞վ է վատ Ռուսաստանին ու Բելառուսին միանալը, հը՞: Լայնարձակ, վիթխարի ու ապահով երկրի գուբերնիա լինելը թուրք ու հարամի մշտակա ներխուժմանը ենթակա բռաչափ անկախ պետություն լինելուց լավ չէ՞… Վա՞տ էր «սովետում», հը՞: Չէ՛, չէ՛, հիշո՞ւմ եք, թե ամեն ինչ ինչքան համով էր… «Դոկտորսկի» երշիկը, 30 կոպեկանոց մատնաքաշն ու 45 կոպեկանոց «Էրեբունին», գործարանային արտադրության սմբուկի խավիարը … Բա ձրի գազը, անվճար բուժսպասարկումը, երկու կոպեկանոց թերթերը, էլ որն ասեմ…»,- ասելիքն ամփոփեց «թևատակի» սիրահար «ձախակողմյանը»…

«Չէ՛,- ճարահատ միջամտելով խոսակցությանը առարկեցի ես,- չենք հիշում, իսկ եթե ավելի անկեղծ, չենք էլ ուզում հիշել, քանի որ մեզ համար այլևս մերժելի է միջինացված, խորհրդային բիրտ կաղապարին հարմարեցված, ոչ վաղ անցյալի այդ գորշ գոյությունը, խորհրդային տոտալիտար համակարգի վերակենդանացումը՝ Մեծ եղբոր «քավորությամբ»:

Չէ, այլևս չենք էլ ուզում հիշել, քանի որ պողպատի արտադրությամբ աշխարհում առաջինը լինելու փիառի ժամանակներն անդառնալիորեն անցել են: Չենք ուզում հիշել, քանի որ թեև նկատելի ուշացումով, բայց լիովին ընկալել ենք, որ պետության կայացածության, նրա ուժի, մկանունքի վկայություն «նվաճված բնագծերը» մեդալի մի կողմն էին միայն՝ մոլորեցնող տիտղոսայինը… Մարդիկ սառը պատերազմի ուղեկից, նրա պարտադիր ատրիբուտ երկաթյա վարագույրի հետ քաշելուց հետո միայն սկսեցին խորությամբ ընկալել օրուելյան «1984»- ում նկարագրվածի ամբողջ զարհուրանքը:

Չէ, չենք ուզում հիշել, քանի որ ամեն ինչ լինելու է ճիշտ և ճիշտ նույն կերպ, ինչ ծանոթ անեկդոտում: Հիշո՞ւմ եք: Անապատում հայտնված ռուսն ու վրացին, ծարավից պապակվելով, սողեսող առաջ են շարժվում: Քիչ անց վրացին շշով ջուր է գտնում: Սա տեսնելուն պես ռուսը միանգամից ակտիվանում է ու որոշում, որ գտնված ջուրը պիտի կիսվի եղբայրաբար… «Չէ, չէ, միայն ոչ եղբայրաբար, արի այն հավասար կիսենք…»,- ասում է տառապանքի հարուստ կենսափորձ ունեցող վրացին:

Չենք ուզում, քանի որ թվարկված ուտեստները (այդ թվում նաև ցանկում չներառվածները՝ դպրոցական բուֆետներում վաճառվող «նոստալջիկ» կոտլետներն ու ախորժաբույր «սարդելկաները», «Красный октябрь» և «Рот Фронт» ֆաբրիկաների կոնֆետները) համով են հիշվում, քանի որ ուտելու ուրիշ բան չկար, քանի որ ընտրության այլ տարբերակն էր բացակայում: Չենք ուզում, քանի որ այդ ամենը հիշեցնում է սրտառուչ մեկ այլ պատմություն:

Զրուցում են սովից «սնգրտացող» ու ցրտից կծկված երկու մուրացկան:

- Լսի՛ր,- ասում է նրանցից առաջինը,- եթե թագավոր լինեիր, ի՞նչ կուտեիր, հը՞…

- Հաց, պանիր, սոխ,- անմիջապես վրա է բերում երկրորդը՝ հետաքրքրվելով՝ բա դո՞ւ…

- Է՜, տնաշեն, էլ բան թողեցի՞ր…,- նեղսրտում է ընկերոջ «ագահությունից» նեղսրտածը:

Հիմա էլ քաղաքակրթվելու, զարգացման նոր մակարդակի հասնելու փոխարեն ստիպողաբար փորձում են վերադարձնել այդքան էլ լավ չմոռացված հինը՝ համայնայինը (իրականում տողատակում ունենալով ռուսական կայսրության վերականգնման տեսլականը):

«Իսկ եթե ձեր կասկածները հիմնավորված չե՞ն, եթե ԽՍՀՄ-2-ի վերադարձը ցնորամտությո՞ւն է, հիվանդ երևակայության արգասի՞ք»,-կհակադարձեն ոմանք:

Եթե այդպես չէ, ու Ռուսաստանն իսկապես ցանկանում է պարտնյորական հիմունքներով միության վերականգնում՝ զերծ տոտալիտարիզմին բնորոշ ատրիբուտներից, ապա, իմ խորին համոզմամբ, իբրև հավաստիացում նա պետք է կամ հրաժարվի դիակապուտությունից, ու ի նշան նոր, ցիվիլ դարաշրջանի՝ պետք է ի վերջո հողին հանձնի Կրեմլում պահվող, անգամ իր անգոյությամբ միլիոններին ցայսօր ահաբեկող պրոլետարական առաջնորդի բազմաչարչար դին, կամ էլ այն նվիրի Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանին…