Երևան +23°
Ուղիղ եթեր
Միտք 1 ամիս առաջ - 16:34 25-04-2022

Հայի նախանձ...

Հայոց ցեղասպանության հերթական՝ 107-րդ տարելիցը նշվեց քաջածանոթ սցենարով: Կառավարության անդամների պրոտոկոլային ներկայություն, ծաղկեպսակային ներկա-բացակայի տրամաբանությամբ աշխատավորական կոլեկտիվների կիսապարտադրված այց, էստրադային՝ առավելապես «էսթետիկական» շեշտադրումներով ջահերով երթ, խոնարհված ծաղիկների հաշվին անմար կրակը բոլորած մետրուկեսանոց բարձրությամբ գորգ, հեռուստաալիքներով ծանոթ ֆիլմերի հերթապահ ցուցադրություն, ուղիղ հեռարձակումներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից...

Ապրիլի 24-ի հերթական՝ ժամանակագրական ընթացքի մասին «աչքերը փակ» կարող էր պատմել նաև տվյալ պահին Երկիր մոլորակից պարսեկներով հեռու Կենտավրոսի համաստեղությունում գտնվող ուզած հայ: Ամեն ինչ նույնն է՝ ծիսակարգի օրթոդոքսալ կարգով ու բծախնդրությամբ առանձնացող հայրենասիրության մեկօրյա բռնկումը ներառյալ: Զգայական, էմոցիոնալ առումով, ինչպես ասում են, «հինգին գումարած», իսկ ա՜յ, եղերական անցքերի կրկնության բացառմանը նվիրված բովանդակային քննարկումներ, Հայ դատի պաշտպանության կաղապարային ձևերի խմբագրման անհրաժեշտության շուրջ դիսկուրսներ չկային, չեղան: Բայց չէ՞ որ նմանատիպ քննարկումներ պիտի ծավալվեին ոչ միայն հիշատակության օրը, այլև ամբողջ տարի՝ հիշատակածս բազմակողմանի դիսկուրսները զուգահեռելով մերօրյա մարտահրավերներին:
Սա է իրողությունը, ու այսպիսին ենք մենք՝ անվերծանելի, «անխաթարելի»...
Ապրիլի 24-ի հիշատակության օրը մարդիկ անասելի գթառատ, ավելին՝ առատաձեռն են դառնում... Այս առնչությամբ հիշեցի տարիներ առաջ՝ 10-11 ազգի խառնուրդ տնանկ-մուրացկան Վիտուշի հետ անցկացրածս հարցազրույցի՝ հենց դրան վերաբերող հատվածը: Նրա վստահեցմամբ, Ապրիլի 24-ի հանդեպ տնանկ-մուրացկանների վերաբերմունքը միանգամայն այլ է՝ հիացական... «Сидишь, поток идет...» (նկատի ուներ մարդկանց չվերջացող հոսքը),- հիշում էր հայերի աննախադեպ առատաձեռնությունն առանձնակի երանությամբ մտաբերող մուրացկանը: Նրա հավաստիացմամբ, այդ օրը մուրացկանի գլխարկում (որն, ի դեպ, արագ լցվելու պատճառով էստաֆետային կարգով արագորեն փոխվել է նրա «գործընկերների» կողմից) երեքից վեց հազար ռուբլի գումար էր հավաքվում, այլ կերպ՝ «երախտապարտ» հայ ժողովուրդը տնանկ-մուրացկանին մեքենա էր նվիրաբերում (այդքան արժեր այն օրերի «յուղը վրան» «Ժիգուլին»): Այսպիսի բաներ:
Առանձին խոսակցության նյութ է անմար կրակը բոլորող ծաղկե գորգը: Քավ լիցի, այլ բան չմտածեք, ուղղակի հետաքրքիր է՝ ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, թե որքան գումար է ծախսվում այդ ծաղկե գորգի ձևավորման վրա: Սա ամենևին էլ հռետորական հարց չէ, դրա հետ կապված ուշագրավ մի պատմություն կա: Խոսքը Սպիտակի երկրաշարժից հետո Միացյալ Նահանգներ այցելած լրագրող Օշին Քեշիշյանի հրավերով լոսանջելեսյան հեռուստաալիքներից մեկով ամեն ուրբաթ կազմակերպվող «Կոչի օր» հաղորդմանը հյուրընկալած Մհեր Մկրտչյանի ելույթին է վերաբերում, որն էլ ձեզ եմ ներկայացնում՝ եզրակացությունը թողնելով ձեզ:
«Խոսքը ինձ տվեցին, ու ես ցուցամատս ուղղեցի հեռուստադիտողի կողմը և ասացի. «Նախ՝ դու նստիր, դու էլ նստիր, իսկ դու արդուկդ մի կողմ դիր, դու էլ ընդմիջիր ուտելդ, և հիմա լսեցեք, հայեր: Հայաստանն օգնության կարիք չունի: Հայաստանը ոչ որբ է, ոչ էլ մուրացկան: Թեպետ երկիրը փախստականներով է լցված, բայց արժանապատվություն ունեցող մարդիկ են բոլորը: Ես հիմա ուզում եմ օրինակ բերել ուրիշներին: Ես լավ եմ հիշում, թե ինչ դաժան օրենք ընդունեցին հրեաները 1980 թվականին: Օրենքն ասում էր՝ «որ հրեան իր հանգուցյալ կնոջ, ամուսնու, եղբոր, որևէ հարազատի գերեզմանին ծաղիկ դնի, կդավաճանի մոլորակի բոլոր հրեաներին: Ծաղկի փողը պետք է ուղարկել Իսրայել...»: Այդպես էլ անում են մինչ օրս: Գոնե ես չեմ տեսել, որ հրեան ծաղիկ դնի հարազատի գերեզմանին: Նույնիսկ թաղման եմ ներկա եղել»...

Վահան Զարյան

լավատես